3.31 Չկայ մէկը, որ իմանայ նրա ճանապարհները, ոչ ոք, որ գիտակցի նրա շաւիղները: 32 Բայց նա, որ գիտէ ամէն ինչ, նա է ճանաչում իմաստութիւնը, նա է իր իմաստութեամբ գտել այն, նա, ով ստեղծել է երկիրը յաւիտենական ժամանակների համար, լցրել այն կենդանիներով եւ չորքոտանիներով, 33 նա, ով լոյսն է ուղարկում, եւ լոյսը գնում է, յետ է կանչում, եւ լոյսը դողալով հնազանդւում է նրան. 34 աստղերը ծագել են՝ իւրաքանչիւրն իր տեղում, եւ ուրախացել. 35 նա կանչում է աստղերին, ու նրանք ասում են՝ «Ահա այստեղ ենք», եւ զուարթօրէն ճառագում են իրենց Արարչի համար: 36 Դա մեր Աստուածն է, որի հետ ոչ ոք չի կարող համեմատուել, 37 որը գտաւ իմաստութեան բոլոր ճանապարհները եւ դրանք տուեց իր ծառայ Յակոբին ու իր սիրեցեալ Իսրայէլին: 38 Դրանից յետոյ իմաստութիւնը յայտնուեց երկրի վրայ ու շրջեց մարդկանց մէջ:
4.1 Իմաստութիւնը Աստծոյ պատուիրանների գիրքն է, օրէնքն է, որ կայ յաւիտեան: Բոլոր նրանք, ովքեր ընդունում են այն, պիտի ապրեն, իսկ ովքեր թողնում են այն, պիտի մեռնեն: 2 Դարձի՛ր, Յակո՛բ, եւ բռնի՛ր իմաստութիւնից նրա լոյսի ծագման իսկ պահին: 3 Քո փառքն ուրիշին մի՛ տուր եւ քո վաստակները՝ օտար ազգին: 4 Երանի՜ է մեզ, Իսրայէ՛լ, որովհետեւ գիտենք, թէ ինչն է հաճելի Աստծուն: