25.9 Ու այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Տէր Աստուածը, որի վրայ յոյս էինք դրել մենք, նա փրկեց մեզ, քանզի նա է Տէրը, որին սպասում էինք. եկէք ցնծանք եւ ուրախանանք մեր փրկութեամբ»: 10 Աստուած մեզ հանգիստ է պարգեւելու այս լեռներում, իսկ մովաբացին ոտքի կոխան պիտի լինի, ինչպէս որ օրանն է ճզմւում կամնասայլի տակ: 11 Տէրն իր ձեռքերը պիտի երկարի այնտեղ եւ այդպէս նրան պիտի թշուառացնի ու կործանի, հողին պիտի հաւասարեցնի նրա հպարտութիւնը՝ նրա վրայ տարածելով իր ձեռքերը: 12 Քո բարձր պարիսպների ամրութիւնը պիտի խոնարհեցնի՝ գետնին հաւասարեցնելով այն:
26.1 Այն օրը Հրէաստան երկրում այս երգն են երգելու. «Ահա մեր զօրաւոր քաղաքը եւ մեր փրկութիւնը, որ կանգնելու է ինչպէս պարիսպ ու պատուար: 2 Բացէ՛ք ձեր դռները. թող մտնի ժողովուրդը, որ յարգում է արդարութիւնը, պահպանում ճշմարտութիւնը, 3 որ հոգում է ճշմարտութեան մասին եւ ապահովում խաղաղութիւնը: 4 Յոյսով ապաւինեցինք քեզ յաւիտենապէս, ո՛վ Տէր: 5 Դու, որ խոնարհեցրիր եւ ներքեւ իջեցրիր բարձունքների բնակիչներին, հզօր քաղաքներն ես կործանում եւ գետնին հաւասարեցնում դրանք: 6 Հեզ ու խոնարհ մարդիկ՝ կոխոտում, եւ աղքատները ոտքի տակ են տալիս դրանք»: 7 Բարեպաշտների ճանապարհներն ուղիղ են, հարթ ու դիւրին են աստուածապաշտների ճանապարհները: