49 «Երկրի վրայ կրակ գցելու եկայ եւ ինչքա՜ն եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի: 50 Եւ մի մկրտութիւն ունեմ մկրտուելու եւ ինչպէ՜ս եմ շտապում, որ կատարուի: 51 Կարծում էք, թէ երկրին խաղաղութիւն տալո՞ւ եկայ. ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում. 52 որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինեն՝ երեքը երկուսի դէմ եւ երկուսը երեքի: 53 Հայրը պիտի բաժանուի որդուց, եւ որդին՝ հօրից, մայրը՝ աղջկանից, եւ աղջիկը՝ մօրից, սկեսուրը՝ հարսից, եւ հարսը՝ իր սկեսրոջից»: 54 Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնէք, որ արեւմուտքից ամպ է ելնում, իսկոյն կասէք, թէ անձրեւ կգայ: Այդպէս էլ լինում է: 55 Եւ երբ հարաւի քամին փչի, կասէք, թէ խորշակ կլինի: Եւ այդպէս էլ լինում է: 56 Կեղծաւորնե՛ր, երկնքի եւ երկրի երեւոյթները քննել գիտէք, իսկ այս ներկայ ժամանակը ինչպէ՞ս չէք քննում: 57 Ինչո՞ւ դուք անձնապէս արժանին չէք ընտրում: 58 Երբ քո թշնամու հետ գնաս իշխանի մօտ, ճանապարհին հաշիւդ մաքրի՛ր, որ նրանից ազատուես, որովհետեւ գուցէ նա քեզ քարշ տայ դատաւորի մօտ, եւ դատաւորը քեզ բանտապահի ձեռքը յանձնի, եւ բանտապահն էլ բանտ նետի: 59 Ասում եմ քեզ. այնտեղից դուրս չես գայ, մինչեւ որ չվճարես վերջին գրոշը»: