29 Դեկտեմբեր, Հիսնակի Զ Կիրակի
12 Նա ասաց. «Մի ազնուական մարդ գնաց հեռու աշխարհ իր թագաւորութիւնը ստանալու եւ վերադառնալու համար: 13 Եւ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տուեց ու ասաց. “Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ”: 14 Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. “Մենք չենք կամենում, որ նա մեզ վրայ թագաւորի”: 15 Եւ ազնուականը վերադարձաւ՝ իր թագաւորութիւնը ստացած, եւ կանչեց այն ծառաներին, որոնց տուել էր դրամը, որպէսզի իմանայ, թէ ով ինչ է շահել: 16 Եկաւ առաջինը եւ ասաց. “Տէ՛ր, քո մէկ մնասը տասը մնաս բերեց”: 17 Եւ տէրը նրան ասաց. “Ազնիւ եւ բարի՛ ծառայ, քանի որ այդ փոքր բանի մէջ հաւատարիմ եղար, իշխանութիւն ունեցիր տասը քաղաքների վրայ”: 18 Եկաւ երկրորդը եւ ասաց. “Քո մէկ մնասը հինգ մնաս բերեց”: 19 Տէրը նրան ասաց. “Դու էլ՝ հինգ քաղաքների վրայ”: 20 Միւսն էլ եկաւ ու ասաց. “Տէ՛ր, ահա՛ քո մնասը, որ թաշկինակի մէջ ծրարած պահում էի. 21 վախենում էի քեզնից, որովհետեւ խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, եւ հնձում ես, ինչ որ չես սերմանել”: 22 Եւ տէրը նրան ասաց. “Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհաւատարի՛մ ծառայ. գիտէիր, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել, եւ հնձում եմ, ուր չեմ սերմանել: 23 Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտուեցիր, որպէսզի ես գալով՝ տոկոսներով հանդերձ պահանջէի այն”: 24 Եւ սպասաւորներին ասաց. “Վերցրէ՛ք դրանից մէկ մնասը եւ տարէք տուէք նրան, ով տասը մնաս ունի”: 25 Եւ ծառաներն ասացին նրան. “Տէ՛ր, արդէն նա տասը մնաս ունի”: 26 “Ասում եմ ձեզ, թէ ով որ ունի, նրան պիտի տրուի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցուի եւ այն, ինչ որ ունի: 27 Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագաւորեմ իրենց վրայ, բերէ՛ք այստեղ եւ սպանեցէ՛ք իմ առաջ”»: 28 Եւ երբ այս ասաց, առաջ գնաց Երուսաղէմ ելնելու համար: