Եսայի 41.4-14

4 Ես եմ Տէրն առաջին, նոյնն եմ լինելու եւ յաւիտեան: 5 Տեսան ինձ հեթանոսները եւ վախեցան, երկրի բոլոր ծագերը սարսափեցին. իրար մօտեցան եւ միասին եկան: 6 Ամէն մէկը մտքում դրեց ընկերոջն ու եղբօրն օգնական լինել՝ ասելով. 7 «Թող հիւսնը քաջալերի դարբնին՝ կռելու, կոփելու եւ մուրճով հարուածելու, եւ ասի՝ ինձ համար լաւ օգնութիւն եղաւ»: Գամերով գամում են կուռքերը, դնում գետնի վրայ, որպէսզի չշարժուեն: 8 Բայց դու, ո՛վ իմ ծառայ Իսրայէլ, ո՛վ Յակոբ, որին ընտրեցի, ո՛վ դու Աբրահամի զաւակ, որին սիրեցի, 9 որին օգնական եղայ՝ երկրի ծայրերից ու նրա եզերքներից կանչելով նրան եւ ասելով, թէ՝ «Դու իմ ծառան ես, քեզ ընտրեցի ես եւ չեմ լքի քեզ», 10 դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբուիր, քանզի ես եմ քո Աստուածը, ես, որ զօրացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով: 11 Ահա պիտի ամաչեն ու պատկառեն քո բոլոր հակառակորդները, չեղածի նման պիտի լինեն նրանք, եւ բոլոր քեզ ամբաստանողները պիտի կորչեն: 12 Եթէ փնտրես էլ, չես գտնելու այն մարդկանց, որոնք քո դէմ թշնամութիւն էին անում, քեզ հետ պատերազմողներն ի չիք պիտի դառնան: 13 Արդարեւ, ես եմ քո Տէր Աստուածը, որ բռնել եմ քո աջ ձեռքից, որ ասում եմ քեզ, թէ՝ «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»: 14 «Չվախենա՛ս, Յակո՛բ, որ որդ ես հիմա, եւ դու, Իսրայէ՛լ, որ սակաւամարդ ես այժմ, ես օգնեցի քեզ»,– ասում է Աստուած՝ Իսրայէլի Սուրբը, որը փրկելու է քեզ:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․