Գրքեր

Հոբ 6:2-7:13

2«Թէ որ կշռելով կշռէր մէկը իմ սրտմտութիւնը, ցաւերս էլ բարձէր նժարին կշռի, ծովի աւազներից էլ ծանր կը լինէին դրանք։ 3Խօսքերս կարծես խենթ-խելառ լինեն, 4զի նետերն Տիրոջ մէջն են իմ մարմնի, զայրոյթը նրա արիւնս է ծծում. բերան բացելիս կտըտում են ինձ։ 5Արդ, մի՞թէ զուր է էշն վայրի զռում, եթէ չի խնդրում իր համար նա կեր։ Կամ թէ կը գոռա՞յ եզը մսուրում, եթէ ունենայ առատ կերակուր։ 6Կամ կ՚ուտուի՞ առանց աղի հաց։ Կամ համ կը լինի՞ դատարկ խօսքերում։ 7Չի կարող հանդարտուել իմ հոգին, քանի որ շարաւոտ եմ տեսնում կերակուրս, ինչպէս հոտն առիւծի։8Երանի կատարուի խնդիրքն իմ, եւ յոյսս լիացնի Տէրը։ 9Սկսեց Տէրը ինձ խոցոտել, սակայն թող չսպանի ինձ իսպառ։ 10Գերեզմանս թող լինի քաղաքն իմ, որի պարսպի վրայ ճեմում էի. չպիտի խնայեմ ես նրան, որպէսզի սուտ չելնեն խօսքերը սուրբ Աստծուս։ 11Զօրութիւնս ի՞նչ է, որ համբերեմ. ժամանակս ի՞նչ է, որ դիմանայ իմ հոգին։ 12Մի՞թէ քար զօրութիւն է ուժն իմ. մարմինս պղնձի՞ց է միթէ։ Կամ չէի վստահում ես դրան։ 13Զրկուեցի ինքս իմ նեցուկից. Օգնութիւնն հեռացաւ արդ ինձնից. Տիրոջ այցն անտեսեց ինձ լրիւ։ 14Մերձաւոր չնայեց երբեք ինձ. նուազած առուի պէս, ալիքի պէս անցան իմ կողքով։ 15Ովքեր դողում էին ինձանից, 16այժմ ահա եկել են ինձ վրայ։ 17Ձիւնն ինչպէս կամ ինչպէս քարացած սառոյցը, որ իսկոյն հալչում է ջերմոյթից, չի յիշում, թէ ինչ էր ինքն առաջ, - 18նոյն ձեւով լքուեցի բոլորից նաեւ ես, կորստեան մատնուեցի ու դարձայ ես տնանկ։ 19Եւ դուք, որ նայում էք Սաբայի շաւիղին, տեսէք եւ ճամփաներն թեմնացւոց. 20ամօթով կը մնան, ովքեր որ յոյս դրին քաղաքի, ինչքերի վրայ այս։ 21Դէ ահա դուք նոյնպէս անողորմ հասել էք ինձ վրայ. գէթ վէրքիս նայելով դուք երկիւղ կրեցէք։22Այժմ բան խնդրեցի՞ ես ձեզնից, 23կամ միթէ ձե՞ր ուժով կարող եմ փրկել ինձ թշնամուց,կամ փրկել հզօրաց ձեռքերից։ 24Ուսուցէք դուք էլ ինձ՝ կը լռեմ։ Իսկ եթէ մոլորուած ես լինեմ, ինձ խելքի՛ բերէք դուք։25Բայց կարծէք իզուր են խօսքերն այս ճշմարիտ. չէ՞ որ ես ձեզանից զօրութիւն չեմ խնդրում։ 26Ոչ էլ ձեր կշտամբանքի բառերն են կարող լռեցնել. պիտ չանսամ նաեւ ձեր բարբառած խօսքերին։ 27Բայց քանի հասել էք ինձ վրայ, իբրեւ մի որբուկի, շարժուել էք բարեկամի վրայ ձեր, - 28էլի ես նայելով ձեր դէմքին՝ պիտ երբեք չստեմ։ 29Նստեցէ՛ք. դատի մէջ անիրաւ բան չլինի. եւ դարձեալ արդարին հետեւէ՛ք, 30քանի որ իմ լեզուին անիրաւ բան չկայ, քիմքս էլ չի ձգտում երբեք իմաստութեան»։ 
7 «Փորձութիւն չէ՞ միթէ երկրի վրայ կեանքն մարդու. վարձկանի օրական վարձը չէ՞ կեանքը իր։ 2Ինչպէս որ ծառան է վախենում տիրոջից ու պահւում ստուերում, կամ ինչպէս վարձկանն է սպասում իր վարձին, - 3այնպէս էլ ես զուր եմ սպասել ամիսներ։ Ցաւագին գիշերներ են բաժին ընկել ինձ. 4թէ քնեմ՝ ասում եմ. «Ե՞րբ պիտի բացուի լոյս», արթնանամ՝ դարձեալ թէ՝ «Ե՞րբ կը լինի երեկոյ»։ Ցաւով եմ լեցուն ես իրիկուն-առաւօտ։ 5Ծածկուած է մարմինս զազրելի որդերով. խեցեր եմ մաշել ես թարախոտ վէրքերն իմ քերելու։ 6Եւ կեանքս խօսքից էլ թեթեւ է. կորել է նա ունայն յոյսերում։ 7Յիշի՛ր, որ քամի է կեանքը իմ. աչքերս է՛լ չեն տեսնի բարի բան. 8չեն նայի այլեւս ինձ աչքերն տեսնողի։ Աչքերդ ինձ վրայ ես յառում. այլեւս չեմ լինի՝ երկնքից ջնջուած ամպի պէս։ 9Զի եթէ իջնի մարդ գերեզման, 10չի ելնի այլեւս, չի դառնայ՝ իր տունը. իր տեղն էլ նրան չի ճանաչի։ 11Այսուհետ չպիտի զսպեմ ես բերանս. պիտ խօսեմ, քանի դեռ վիշտ ունեմ, տագնապով պիտ բացեմ դառնութիւնն իմ հոգու։ 12Ծո՞վ եմ ես, թէ՞ կէտ ձուկ, որ շուրջս պահակ ես դու կարգել։13Ասացի՝ ամոքեն պիտի ինձ մահիճներս. եւ ինքս պիտ քննեմ անկողնում իմ բոլոր գործերը։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․