Գրքեր

Բ Օրենք 6:4-7:10

4Մովսէսն այնուհետեւ շարունակեց. «Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Տէր Աստուածը մէկ Տէր է։ 5Քո Տէր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էութեամբ ու քո ամբողջ ուժով։ 6Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կը պահես մտքիդ ու հոգուդ մէջ։ 7Դրանք կը հաղորդես քո որդիներին եւ դրանց մասին կը խօսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս։ 8Դրանք որպէս նշան կը կապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջեւ, 9դրանք կը գրես քո տների մուտքին ու դռների վրայ»։ 10«Եւ երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, որ երդուեց տալ քո հայր Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, եւ քեզ տայ մեծամեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել, 11ամէն տեսակի բարիքներով լցուած տներ, որոնք դու չես լցրել, փորուած ջրհորներ, որոնք դու չես բացել, այգիներ ու ձիթաստաններ, որոնք դու չես տնկել, 12եւ ուտես ու յագենաս, 13ապա այն ժամանակ զգո՛յշ եղիր, որ չմոռանաս Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից քեզ դուրս բերած քո Տէր Աստծուն։ Երկնչի՛ր քո Տէր Աստծուց, միայն նրա՛ն պաշտիր, նրա՛ն հետեւիր ու նրա՛ անունով երդուիր։ 14Օտար աստուածների, ձեր շուրջը գտնուող ժողովուրդների աստուածների յետեւից մի՛ գնա, 15որովհետեւ քո Տէր Աստուածը որ ձեր մէջ է, նախանձոտ Աստուած է։ Այնպէս չլինի, որ քո Տէր Աստուածը սրտմտելով բարկանայ ու քեզ վերացնի երկրի երեսից։ 16Քո Տէր Աստծուն մի՛ փորձիր, ինչպէս փորձեցիք Փորձութեան վայրում։17Անսասա՛ն պահիր քո Տէր Աստծու քեզ հաղորդած պատուիրանները, օրէնքներն ու կանոնները։ 18Կատարի՛ր այն, ինչ բարի ու հաճելի է քո Տէր Աստծու առջեւ, որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ դու մտնես ու ժառանգես այն լաւ երկիրը, որ Տէրը երդուեց տալ մեր հայրերին,19որպէսզի Նա հալածի բոլոր թշնամիներին քո առջեւից, ինչպէս ասել է։20Եւ երբ վաղը քո որդին քեզ հարցնի ու ասի, թէ՝ «Այդ ի՞նչ պատուիրաններ, օրէնքներ ու կանոններ են, որ մեր Տէր Աստուածը պատուիրել է մեզ», 21ապա քո որդուն կ՚ասես. «Եգիպտոսում փարաւոնի ստրուկներն էինք մենք, եւ Տէր Աստուածը ամուր ձեռքով ու հզօր բազկով մեզ դուրս բերեց այնտեղից։ 22Տէրը Եգիպտացիների երկրում փարաւոնի ու նրա տան վրայ մեր ներկայութեամբ սոսկալի նշաններ եւ մեծագործութիւններ արեց։ 23Նա մեզ դուրս բերեց այդտեղից, որպէսզի բերի այստեղ, մեզ տայ այն երկիրը, որ երդուել էր տալ մեր հայրերին։ 24Տէրը մեզ պատուիրեց գործադրել բոլոր այս օրէնքները, յաւիտեանս երկնչել մեր Տէր Աստծուց, որպէսզի լաւ լինի մեզ համար մեր կեանքի բոլոր օրերում, եւ ապրենք, ինչպէս որ ապրում ենք այսօր։ 25Մեզ համար ողորմածութիւն կը լինի, եթէ հետեւենք, որ մեր Տէր Աստծու առջեւ գործադրուեն բոլոր այս պատուիրանները, ինչպէս որ Տէրը կարգադրել է մեզ»։ 
7 «Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, ուր պիտի մտնես այն ժառանգելու համար, եւ քո առջեւից հալածի մեծ ու բազմաթիւ ազգերին՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խեւացիներին ու յեբուսացիներին՝ քեզանից մեծ ու հզօր եօթը ազգերին, 2եւ քո Տէր Աստուածը նրանց մատնի քո ձեռքը, կը հարուածես, կ՚ոչնչացնես նրանց։ Նրանց հետ ուխտ չդնես եւ նրանց չխնայես։ 3Նրանց հետ խնամութիւն չհաստատես. քո աղջկան նրա որդուն չտաս, նրա աղջկան քո որդու համար կին չառնես, 4որովհետեւ քո որդուն իմ դէմ կ՚ապստամբեցնեն. նա օտար աստուածներ կը պաշտի, եւ Տէրը սաստիկ կը բարկանայ ձեզ վրայ ու անմիջապէս կը կոտորի ձեզ։ 5Այսպէս կը վարուէք նրանց հետ. քարուքանդ կ՚անէք նրանց բագինները, ջարդուփշուր կ՚անէք նրանց արձանները, կը կոտորէք նրանց անտառները, կրակի կը մատնէք նրանց կուռքերը։ 6Դու ես քո Տէր Աստծու սուրբ ժողովուրդը, եւ քո Տէր Աստուածը քե՛զ է ընտրել, որ դու լինես իր սեփական ժողովուրդը, քան թէ երկրի վրայ ապրող մնացած բոլոր ազգերը։ 7Տէրը բարեհաճեց ու ընտրեց ձեզ ոչ նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ էք, քանի որ դուք բոլոր ազգերից սակաւաթիւ էք, 8այլ նրա համար, որ Տէրը սիրում էր ձեզ եւ ուզում էր պահել այն երդումը, որ նա տուել էր ձեր հայրերին։ Տէրն ամուր ձեռքով ու հզօր բազկով ձեզ դուրս բերեց, ձեզ փրկեց ստրկութեան տնից՝ եգիպտացիների արքայ փարաւոնի ձեռքից։9Պէտք է իմանաս, որ քո Տէր Աստուածն է Աստուածը, հաւատարիմ Աստուածը։ Նա պահում է իրեն սիրող եւ իր պատուիրանները պահող մարդկանց հետ արած ուխտն ու ողորմածութիւնը մինչեւ հազար սերունդ, 10իսկ իրեն ատողներին փոխհատուցում է՝ նրանց սպանելով։ Նա իրեն ատողներին պատժում է առանց յապաղելու, ուղղակի փոխհատուցում նրանց։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․