Գրքեր

Փիլիպեցիներ 3:1-4:9

Ուրեմն, իմ եղբայրնե՛ր, ուրա՛խ եղէք ի Տէր. նոյն բաները ձեզ գրելն ինձ համար ձանձրալի չէ, իսկ ձեզ համար մեծ ապահովութիւն է։2Զգուշացէ՛ք շներից, զգուշացէ՛ք չար մշակներից, զգուշացէ՛ք թլփատութեան կողմնակիցներից. 3քանզի իսկական թլփատութիւնը մենք ենք, որ Աստծուն ծառայում ենք Հոգով եւ պարծենում ենք Քրիստոս Յիսուսով, իսկ մարմնով չենք պարծենում, 4թէեւ ինքս էլ մարմնի վրայ նոյն վստահութիւնն ունեմ։ Եթէ մէկը կարծում է, որ ինքն այլ կերպ վստահութիւն ունի մարմնի վրայ, ես՝ առաւե՛լ եւս.5թլփատուել եմ ութերորդ օրը, Իսրայէլի ցեղից եմ, Բենիամինի սերնդից, եբրայեցի՝ եբրայեցի ծնողներից, ըստ օրէնքի՝ փարիսեցի,6ըստ նախանձախնդրութեան՝ հալածում էի եկեղեցին, ըստ օրէնքի արդարութեան՝ անբասիր։ 7Բայց ինչ որ ինձ համար շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ 8Եւ ամէն բան, արդարեւ, վնաս եմ համարում մեր Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար։ Նրա համար ամէն ինչից զրկուեցի, - եւ այդ բոլորը աղբ եմ համարում, - որպէսզի շահեմ Քրիստոսին 9եւ գտնուեմ նրա մէջ. ո՛չ թէ նրա համար, որ ունենամ իմ արդարութիւնը, որ օրէնքից է, այլ Քրիստոսի հաւատից եղած արդարութիւնը, որ Աստծուց եկող արդարութիւնն է՝ հաւատով,10որպէսզի ճանաչեմ նրան եւ նրա յարութեան զօրութիւնը ու մասնակից լինեմ նրա չարչարանքներին, կերպարանակից՝ նրա մահուան, 11որպէսզի հասնեմ մեռելներից յարութիւն առնելուն։ 12Ոչ թէ արդէն հասել եմ նպատակին կամ արդէն կատարեալ եմ, այլ հետամուտ եմ, որ հասնեմ դրան, որի համար էլ բռնուած եմ Քրիստոս Յիսուսից։13Եղբայրնե՛ր, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում. բայց խնդիրն այն է, որ յետեւում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դէպի իմ առջեւում եղածները. 14ուշադիր վազում եմ աստուածային կոչմանս նպատակակէտին՝ Քրիստոս Յիսուսով։ 15Ուրեմն, դուք բոլորդ, որ կատարեալ էք, այս բանը խորհեցէ՛ք. եթէ ուրիշ բան խորհէք, Աստուած ձեզ ա՛յդ էլ կը յայտնի։ 16Միայն թէ ինչի որ հասանք, նո՛յնը խորհենք եւ նո՛յն կանոնի համաձայն ընթանանք։ 17Եղբայրնե՛ր, նմանուեցէ՛ք ինձ եւ լա՛ւ նայեցէք այնպիսիներին, որ նոյն ձեւով են ընթանում, ինչպէս մենք, որ օրինակ ենք ձեզ համար. 18որովհետեւ շատերը, - որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ եւ այժմ էլ լալով եմ ասում, - ընթանում են որպէս թշնամիներ Քրիստոսի խաչի. 19նրանց վախճանը կորուստ է. նրանց աստուածը իրենց որովայնն է, եւ փառքը՝ իրենց ամօթը։ Նրանք միայն երկրաւոր բաներն են խորհում։ 20Իսկ մեր քաղաքացիութիւնը երկնքում է, որտեղից եւ ակնկալում ենք Փրկչին՝ Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին,21որ նորոգելու է մեր խոնարհ մարմինը, որպէսզի այն կերպարանակից լինի իր փառաւոր մարմնին, այն զօրութեամբ, որ կարող է հնազանդեցնել ամէն բան իր իշխանութեանը։ 
4 Ուրեմն, իմ սիրելի՛ եւ ցանկալի՛ եղբայրներ, որ իմ ուրախութիւնն ու պսակն էք, այսպէս հաստատո՛ւն մնացէք ի Տէր, սիրելինե՛ր։ 2Խնդրում եմ Եւոդիային եւ խնդրում եմ Սիւնտիքին, որ նոյն խորհուրդն ունենան ի Տէր։ 3Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազատ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որոնք աւետարանի համար պայքարեցին ինձ հետ Կղեմէսի եւ իմ միւս գործակիցների հետ միասին. նրանց անունները կեանքի գրքի մէջ են։ 4Միշտ ուրա՛խ եղէք Տիրոջով, դարձեալ եմ ասում՝ ուրա՛խ եղէք։5Թող ձեր հեզութիւնը յայտնի լինի բոլոր մարդկանց։ Տէրը մօտ է։ 6Հոգ մի՛ արէք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն։ 7Եւ Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով։ 8Եւ վերջապէս, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդարութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ, - ա՛յն խորհեցէք։ 9Ինչ որ ուսանեցիք, ընդունեցիք, լսեցիք եւ տեսաք իմ մէջ, ա՛յն արէք։ Եւ խաղաղութեան Աստուածը թող լինի ձեզ հետ։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․