Գրքեր

Եսայի 7:10-8:10

10Տէրը նորից շարունակեց խօսել Աքազի հետ՝ ասելով.11«Խորխորատում լինի թէ բարձունքում՝ քեզ համար նշա՛ն խնդրիր քո Տէր Աստծուց»։ 12Իսկ Աքազը պատասխանեց. «Չեմ խնդրի եւ Տիրոջը չեմ փորձի»։ 13Եւ նա ասաց. «Արդ, լսեցէ՛ք դուք, որ Դաւթի տնից էք. ձեզ թեթե՞ւ բան է թւում մարդկանց նեղութիւն պատճառելը, ինչո՞ւ էք ուզում Տիրոջը եւս նեղացնել։ 14Դրա համար էլ Տէրն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ. 15իւղ ու մեղր պիտի ուտի նա. նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին։ 16Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը եւ ընտրի բարին, եւ այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքուի երկու թագաւորների պատճառով։ 17Աստուած քեզ վրայ, քո ժողովրդի եւ քո հօր տան վրայ այնպիսի օրեր պիտի բերի, որ չեն եկել այն ժամանակից ի վեր, երբ Եփրեմն անջատուեց Հրէաստանից. -պիտի բերի Ասորեստանի արքային։ 18Այդ օրը Տէրը պիտի շարժի ճանճերին, որոնք Եգիպտոսի գետի միւս կողմն են գտնւում, եւ գոռեխներին, որոնք Ասորեստանի երկրում են։ 19Բոլորը պիտի գան ու նստեն քո երկրի ձորերում, ժայռերի ծերպերում ու քարայրներում, բոլոր փապարներում ու ամէն ծառի վրայ։ 20Այդ օրը Տէրը մեծ եւ արիւնով հարբած սրով՝ գետի այն կողմում եղած Ասորեստանի թագաւորի ձեռքով պիտի սափրի նրանց գլուխն ու ոտքի մազերը, խուզի նրանց մօրուքները։ 21Եւ այդ օրն այնպէս պիտի լինի, որ ամէն մարդ, մի երինջ եւ երկու ոչխար պահելով, 22կաթի առատութիւնից իւղ պիտի ուտի. իւղ ու մեղր պիտի ուտի ամէն ոք, ով կենդանի կը մնայ այդ երկրում։ 23Այդ օրն այնպէս պիտի լինի, որ ամէն տեղ, ուր հազար որթատունկ էր աճում՝ հազար սիկղ արծաթի արժէքով, խոպան պիտի դառնայ եւ փշով լցուի։24Նետաձիգներ եւ աղեղնաւորներ պիտի մտնեն այնտեղ։ Ողջ երկիրը խոպան պիտի դառնայ ու փուշ բերի, եւ ամէն սարալանջ, ուր արօրն էր վարում, այլեւս ակօս չի ունենալու։ Երկիւղը չի հասնելու այնտեղ,որովհետեւ այդ խոպան ու փշոտ վայրերը պիտի դառնան գառան արօտավայր եւ եզան ոտքի կոխան պիտի լինեն»։ 
8 Տէրն ինձ ասաց. «Ահա քեզ մի նոր մեծադիր մատեան. նրա մէջ ճարտար մարդու գրչով գրի՛ր՝ արագօրէն աւարառութեա՛ն ենթարկել, շուտափոյթ կողոպո՛ւտ կուտակել, քանզի ժամը հասել է։ 2Ինձ համար վկաներ կը կարգես հաւատարիմ մարդկանց՝ Ուրիա քահանային եւ Բարաքիայի որդի Զաքարիային»։ 3Եւ ես մերձեցայ իմ մարգարէուհի կնոջը. նա յղիացաւ ու մի որդի ծնեց։ Տէրն ինձ ասաց. «Նրա անունը դի՛ր Արագ-արագ կողոպտի՛ր եւ շուտ-շուտ աւար ա՛ռ, 4քանզի մինչ մանուկը կը սովորի հայր կամ մայր ասել, Դամասկոսի հարստութիւնը եւ Սամարիայի աւարը կը բերուեն Ասորեստանի թագաւորի առաջ»։5Ապա Տէրը նորից խօսեց ինձ հետ եւ ասաց. 6«Քանի որ այդ ժողովուրդը արհամարհեց Սելովայի հանդարտահոս ջուրը եւ ուզեց իր համար թագաւոր ընտրել Ռասիմին եւ Ռոմելայի որդուն, 7դրա համար էլ Տէրը ձեզ վրայ պիտի թափի յորդ ու հզօր գետի ջուրը՝ Ասորեստանի արքային ու նրա զօրութիւնը։ Նա պիտի գայ հասնի ձեր բոլոր ձորերը եւ շարժուի ձեր պարիսպների վրայով. 8այն մարդուն, որ ի վիճակի կը լինի բարձրացնել իր գլուխը, եւ այն զօրաւորին, որ ունակ կը լինի որեւէ բան անելու, պիտի վերացնի Հրէաստանի երկրից. նրա բանակը պիտի լցուի ձեր լայնարձակ երկիրը»։ 9Գիտցէ՛ք, հեթանոսնե՛ր, Աստուած մեզ հետ է, պիտի պարտուէք. լուրը հասցրէք աշխարհի չորս կողմե՛րը. դուք, որ հզօրացել էք, պիտի պարտուէք։ Թէեւ դուք դարձեալ ուժեղանալու էք, բայց էլի պարտութեան էք մատնուելու։ 10Ինչ խորհուրդ էլ անէք՝ Տէրը խափանելու է այն, եւ ինչ էլ ասելու լինէք՝ չի հաստատուելու, քանզի Տէր Աստուած մեզ հետ է։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․