Գրքեր

Ա Կորնթացիներ 15:1-28

Եղբայրնե՛ր, յիշեցնեմ ձեզ իմ Աւետարանը, որը քարոզեցի ձեզ, որը եւ ընդունեցիք, եւ որի մէջ հաստատ էք մնում. 2նրանով կը փրկուէք էլ, եթէ ամուր պահէք այն խօսքերը, որ քարոզեցի ձեզ. այլապէս ի զուր հաւատացած կը լինէք. 3որովհետեւ ես ձեզ աւանդեցի նախ այն, ինչը ես ինքս ընդունեցի. թէ՝ Քրիստոս մեռաւ մեր մեղքերի համար՝ ըստ Գրքերի4եւ թէ՝ թաղուեց եւ թէ՝ յարութիւն առաւ երրորդ օրը՝ ըստ Գրքերի 5եւ երեւաց Կեփասին եւ ապա՝ Տասներկուսին. 6ապա երեւաց միանգամից աւելի քան հինգ հարիւր եղբայրների, որոնցից շատերը կան մինչեւ այժմ. ոմանք էլ՝ ննջեցեալ եղան։ 7Եւ ապա երեւաց Յակոբոսին, ապա՝ բոլոր առաքեալներին։ 8Ամենից յետոյ երեւաց եւ ինձ՝ անարգիս,9որովհետեւ ես իսկ եմ առաքեալների տրուպը. ես որ առաքեալ կոչուելու արժանի իսկ չեմ, քանի որ հալածեցի Աստծու եկեղեցին։10Բայց Աստծու շնորհով եմ, ինչ որ եմ, եւ իմ մէջ եղած նրա շնորհները իզուր չանցան, այլ նրանցից բոլորից աւելի աշխատեցի. բայց ոչ թէ ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ էր։ 11Արդ, թէ՛ ես եւ թէ՛ նրանք այսպէս քարոզեցինք, եւ դուք այսպէս հաւատացիք։ 12Իսկ եթէ քարոզւում է, թէ Քրիստոս մեռելներից յարութիւն է առել, ձեզնից ոմանք ինչպէ՞ս են ասում, թէ մեռելների յարութիւն չկայ։ 13Եթէ մեռելների յարութիւն չկայ, ապա եւ Քրիստոս յարութիւն չի առել։ 14Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է մեր քարոզութիւնը, ի զուր է եւ ձեր հաւատը։ 15Եւ Աստծու սուտ վկաները եղած կը լինենք, քանի որ Աստծու մասին վկայեցինք, թէ յարութիւն տուեց Քրիստոսին. արդարեւ, եթէ յարութիւն չառնէին մեռելները, նրան յարութիւն չէր տայ։ 16Իսկ եթէ մեռելները յարութիւն չեն առնում, ապա Քրիստոս էլ յարութիւն չի առել։ 17Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է ձեր հաւատը. եւ տակաւին նոյն մեղքերի մէջ էք։ 18Իսկ արդ, նրանք, որ ննջեցին ի Քրիստոս, կորա՞ն արդեօք։ 19Եթէ միայն այս կեանքի համար ենք յոյս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ։ 20Բայց արդ, մեռելներից յարութիւն է առել Քրիստոս՝ ննջեցեալների առաջին պտուղը. 21քանզի մի մարդով մահ եղաւ եւ մի մարդով՝ մեռելների յարութիւն։ 22Ինչպէս Ադամով բոլորը մեռնում են, նոյնպէս եւ Քրիստոսով ամէնքը պիտի կենդանանան՝ 23իւրաքանչիւրն իր հերթին. նախ՝ Քրիստոս, եւ ապա՝ քրիստոսականները՝ նրա գալստեանը. 24եւ ապա գալու է վախճանը, երբ որ նա տայ թագաւորութիւնը Աստծու եւ Հօր ձեռքը, երբ որ կործանած լինի բոլոր իշխանութիւնները եւ ամէն պետութիւն եւ զօրութիւն. 25որովհետեւ նա պէտք է թագաւորի, մինչեւ որ բոլոր թշնամիներին դնի իր ոտքերի տակ։ 26Վերջին թշնամին, որ պիտի կործանուի, մահն է. եւ Աստուած «ամէն ինչ հնազանդեցրեց՝ դնելով նրա ոտքերի տակ»։ 27Բայց երբ ասում է, թէ՝ ամէն ինչ նրան հնազանդուել է, յայտնի է, թէ բացի նրանից, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան։ 28Իսկ երբ ամէն ինչ նրան հնազանդ լինի, այն ժամանակ եւ ինքը՝ Որդին կը հնազանդուի նրան, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան, որպէսզի Աստուած ամէն ինչ լինի ամենքի մէջ։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․