Գրքեր

Ավ. ըստ Մատթեոսի 7:1-8:17

«Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. 2որովհետեւ ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու. եւ ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար։ 3Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում. 4կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում ես՝ թո՛ղ որ հանեմ այդ շիւղը քո աչքից, եւ ահա քո աչքում գերան կայ։ 5Կեղծաւո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը եւ ապա յստակ կը տեսնես՝ քո եղբօր աչքից շիւղը հանելու համար։ 6Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն։ 7Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. 8որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի։ 9Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, միթէ քա՞ր կը տայ նրան. 10եւ կամ եթէ ձուկ ուզի, միթէ օ՞ձ կը տայ նրան։ 11Արդ, եթէ դուք, որ չար էք, գիտէք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքա՜ն եւս առաւել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կը տայ նրանց, որ նրանից ուզում են»։12«Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ ա՛յդ իսկ են Օրէնքն ու մարգարէները»։13«Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով։ 14Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն»։ 15«Զգո՛յշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից յափշտակող գայլեր են։ 16Իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց. միթէ փշերից խաղող եւ տատասկից թուզ կը քաղե՞ն։ 17Այսպէս, ամէն բարի ծառ բարի պտուղ է տալիս, եւ չար ծառ չար պտուղ է տալիս։ 18Լաւ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լաւ պտուղ տալ։ 19Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում։ 20Ուրեմն՝ իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց»։21«Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է։ 22Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»։ 23Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում»։ 24Ով որ լսում է իմ այս խօսքերը եւ կատարում է դրանք, կը նմանուի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրայ. 25անձրեւները թափուեցին, եւ գետերը յորդեցին, հողմերը փչեցին եւ զարկեցին այդ տանը, բայց չկործանուեց, որովհետեւ ժայռի վրայ էր հաստատուած։ 26Իսկ ով որ լսում է իմ այս խօսքերը եւ դրանք չի կատարում, կը նմանուի մի յիմար մարդու, որ իր տունը շինեց աւազի վրայ. 27անձրեւները թափուեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին եւ զարկեցին տանը, եւ նա ընկաւ. եւ նրա կործանումը շատ մեծ եղաւ»։ 28Երբ Յիսուս այս բոլոր խօսքերն աւարտեց, ժողովուրդը զարմանում էր նրա վարդապետութեան վրայ.29որովհետեւ ուսուցանում էր ինչպէս մէկը, որ հեղինակութիւն ունի եւ ոչ թէ՝ ինչպէս օրէնսգէտները։ 
8 Երբ Յիսուս իջաւ լեռից, նրա յետեւից շատ ժողովուրդ գնաց։ 2Եւ ահա մի բորոտ մօտենալով՝ նրան երկրպագում էր ու ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարող ես ինձ մաքրել»։ 3Յիսուս իր ձեռքը երկարեց, դիպցրեց նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»։ Եւ իսկոյն բորոտութիւնը նրանից մաքրուեց։ 4Եւ Յիսուս նրան ասաց. «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛ դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ մատուցի՛ր Մովսէսի հրամայած ընծան՝ նրանց իբրեւ վկայութիւն»։5Կափառնայում մտնելիս նրան մօտեցաւ մի հարիւրապետ. աղաչում էր նրան 6եւ ասում. «Տէ՛ր, ծառաս տանը անդամալոյծ ընկած է եւ չարաչար տանջւում է»։ 7Յիսուս նրան ասաց. «Ես կը գամ եւ կը բժշկեմ նրան»։8Հարիւրապետը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ յարկի տակ մտնես. այլ խօսքո՛վ ասա, եւ իմ ծառան կը բժշկուի.9քանի որ ես էլ իշխանութեան տակ եղող մարդ եմ, ինձ ենթակայ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, եւ մի ուրիշին, թէ՝ ե՛կ, եւ գալիս է. եւ իմ ծառային, թէ՝ արա՛ այս, եւ անում է»։ 10Երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ եւ իր հետ գնացողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի մէջ իսկ այսպիսի հաւատ չգտայ երբեք։ 11Բայց ասում եմ ձեզ, որ արեւելքից եւ արեւմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայութեան մէջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ. 12իսկ արքայութեան որդիները պիտի ելնեն արտաքին խաւարը. այնտեղ պիտի լինի լաց եւ ատամների կրճտում»։ 13Եւ Յիսուս հարիւրապետին ասաց. «Գնա՛, եւ ինչպէս հաւատացիր, այնպէս թող լինի քեզ»։ Եւ այդ նոյն ժամին նրա ծառան առողջացաւ։ 14Յիսուս Պետրոսի տունը գալով՝ տեսաւ, որ նրա զոքանչը տաքութեան մէջ պառկած էր։ 15Բռնեց նրա ձեռքից, եւ ջերմութիւնը նրան թողեց. ոտքի կանգնեց եւ ծառայում էր նրանց։ 16Երբ երեկոյ եղաւ, նրա մօտ բազում դիւահարներ բերեցին, եւ նա խօսքով դեւերին հանեց ու բոլոր հիւանդներին բժշկեց, 17որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. «Նա մեր հիւանդութիւնները իր վրայ վերցրեց եւ մեր ցաւերը կրեց»։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․