Գրքեր

Գործք 10:24-48

24Հետեւեալ օրը մտան Կեսարիա։ Եւ Կոռնելիոսը նրանց սպասում էր՝ կանչած լինելով իր ազգականներին եւ մտերիմ բարեկամներին։ 25Եւ երբ Պետրոսը ներս մտաւ, Կոռնելիոսը նրան ընդառաջ ելաւ ու նրա ոտքերն ընկնելով երկրպագում էր։ 26Պետրոսը կանգնեցրեց նրան ու ասաց. «Ոտքի՛ ելիր, ես ինքս էլ մարդ եմ»։ 27Եւ նրա հետ խօսելով՝ ներս մտաւ ու այնտեղ շատերին հաւաքուած գտաւ։28Նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտէք, թէ ինչպէս կարելի չէ հրեայ մարդու համար օտարազգու հետ շփուել կամ նրան մօտենալ. բայց Աստուած ինձ ցոյց տուեց, որ մարդկանցից ոչ մէկին չպէտք է պիղծ կամ անմաքուր համարեմ. 29դրա համար էլ առանց առարկութեան եկայ, երբ կանչուեցի։ Բայց այժմ հարցնում եմ ձեզ՝ ի՞նչ բանի համար ինձ կանչեցիք»։ 30Եւ Կոռնելիոսն ասաց. «Սրանից չորս օր առաջ, այս ժամին, մինչ ժամը երեքի աղօթքն էի անում իմ տանը, ահա սպիտակ զգեստներով մի մարդ եկաւ կանգնեց իմ առաջ ու ասաց. 31«Կոռնելիո՛ս, քո աղօթքները լսելի եղան, եւ քո ողորմութիւնները յիշուեցին Աստծու առաջ։ 32Արդ, մարդ ուղարկի՛ր Յոպպէ եւ կանչի՛ր Սիմոնին, որ Պետրոս է կոչւում. նա օթեւանել է կաշեգործ ոմն Սիմոնի տանը, ծովի մօտ։ Նա կը գայ եւ կը խօսի քեզ հետ»։ 33Եւ ես իսկոյն մարդ ուղարկեցի քեզ մօտ. դու լաւ արեցիր, որ եկար։ Այժմ մենք բոլորս կանգնած ենք Աստծու առաջ՝ լսելու այն ամէնը, ինչ քեզ հրամայուած է Տիրոջից»։ 34Պետրոսը բերանը բացեց եւ ասաց. «Ճշմարտութեամբ վերահասու եմ եղել, թէ Աստծու կողմից աչառութիւն չկայ, 35այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան։ 36Այս խօսքը նա ուղարկեց իսրայէլացիներին՝ աւետելով խաղաղութիւն Յիսուս Քրիստոսի միջոցով. սա է բոլորի Տէրը։ 37Դուք ինքներդ գիտէք այդ խօսքը, որը տարածուեց Գալիլիայից սկսած ամբողջ Հրէաստանում այն մկրտութիւնից յետոյ, որը քարոզեց Յովհաննէսը. 38գիտէք Յիսուսին, որ Նազարէթից էր, որին Աստուած օծեց Սուրբ Հոգով եւ զօրութեամբ, եւ որը շրջեց բարիք անելով եւ սատանայից բոլոր բռնուածներին բժշկելով, որովհետեւ Աստուած նրա հետ էր։ 39Եւ մենք վկայում ենք այն բոլորը, որ Հրէաստանում եւ Երուսաղէմում արեց նա, եւ որին սպանեցին՝ խաչափայտից կախելով։ 40Երրորդ օրը Աստուած նրան յարութիւն տուեց եւ թոյլ տուեց, որ նա երեւայ՝ 41ոչ թէ ամբողջ ժողովրդին, այլ մեզ՝ վկաներիս, որ առաջուց Աստծուց ընտրուած էինք եւ որ կերանք ու խմեցինք նրա հետ մեռելներից նրա յարութիւն առնելուց յետոյ։ 42Եւ նա պատուիրեց մեզ քարոզել ժողովրդին եւ վկայութիւն տալ, թէ ի՛նքն է Աստծուց սահմանուած դատաւորը, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին։ 43Բոլոր մարգարէները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հաւատացողները նրա անունով մեղքերի թողութիւն կը ստանան»։ 44Եւ մինչ Պետրոսը դեռ այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջաւ բոլոր նրանց վրայ, ովքեր այս խօսքը լսում էին։ 45Ծագումով հրեայ հաւատացեալները, որոնք Պետրոսի հետ էին եկել, զարմացան, որ հեթանոսների վրայ եւս Սուրբ Հոգու շնորհները հոսում են.46որովհետեւ լսում էին, որ նրանք լեզուներ էին խօսում եւ փառաբանում Աստծուն։ 47Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց. «Ո՞վ կարող է արգելել, որ ջրով մկրտուեն սրանք, որոնք եւս Սուրբ Հոգին ընդունեցին, ինչպէս եւ մենք»։ 48Եւ հրամայեց նրանց մկրտուել յանուն Յիսուս Քրիստոսի։ Այն ժամանակ նրան աղաչեցին, որ մի քանի օր այնտեղ մնայ։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․