Գրքեր

Ավ. ըստ Ղուկասի 22:1-30

Մօտեցաւ Բաղարջակերաց տօնը, որը կոչւում էր Պասեք։ 2Իսկ քահանայապետներն ու օրէնսգէտները հնար էին փնտռում, թէ ինչպէս սպանեն նրան, բայց վախենում էին ժողովրդից։ 3Ապա սատանան մտաւ Իսկարիովտացի կոչուած Յուդայի մէջ, որ Տասներկուսի թւում էր։ 4Սա գնաց բանակցեց քահանայապետների, օրէնսգէտների եւ ժողովրդի իշխանաւորների հետ, որ Յիսուսին նրանց մատնի։ 5Նրանք ուրախացան եւ խոստացան նրան արծաթ տալ։ 6Եւ նա յանձն առաւ ու պատեհ առիթ էր փնտռում՝ նրան մատնելու նրանց՝ ամբոխից մեկուսի։ 7Եկաւ Բաղարջակերաց օրը, երբ օրէնք էր մորթել Պասեքը։ 8Եւ նա ուղարկեց Պետրոսին եւ Յովհաննէսին ու ասաց. «Գնացէ՛ք, պատրաստեցէ՛ք մեզ համար Պասեքի ընթրիքը, որ ուտենք»։ 9Եւ նրանք ասացին. «Ո՞ւր ես ուզում, որ պատրաստենք»։ 10Եւ նրանց ասաց. «Ահա՛, երբ քաղաք մտնէք, ձեզ կը հանդիպի մի մարդ՝ ջրի սափորը բարձած. գնացէ՛ք նրա յետեւից այն տունը, ուր նա կը մտնի։ 11Եւ կ՚ասէք տանտիրոջը. «Վարդապետը քեզ ասում է՝ ո՞ւր է այն հիւրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ Պասեքի ընթրիքը»։ 12Եւ նա ձեզ ցոյց կը տայ զարդարուած մի մեծ վերնատուն, եւ այնտեղ կը պատրաստէք»։ 13Եւ աշակերտները գնացին գտան, ինչպէս որ իրենց ասել էր. եւ պատրաստեցին Պասեքը։ 14Եւ երբ ժամը հասաւ, սեղան նստեց, եւ տասներկու առաքեալներն էլ՝ իր հետ։ 15Եւ նրանց ասաց. «Յոյժ ցանկացայ այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարուել։ 16Բայց ասում եմ ձեզ, թէ այլեւս չեմ ուտելու սրանից, մինչեւ որ Պասեքը կատարուի Աստծու արքայութեան մէջ»։17Եւ, բաժակը վերցնելով, գոհութիւն յայտնեց Աստծուն եւ ասաց. «Առէ՛ք այս եւ բաժանեցէ՛ք ձեր մէջ. 18ասում եմ ձեզ, թէ այսուհետեւ որթատունկի բերքից չեմ խմելու, մինչեւ որ գայ Աստծու արքայութիւնը»։ 19Եւ հաց վերցնելով՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց, տուեց նրանց եւ ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրուած. այս արէ՛ք իմ յիշատակի համար»։ 20Նոյնպէս եւ բաժակը վերցրեց ընթրիքից յետոյ եւ ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է իմ արիւնով՝ ձեզ համար թափուած։ 21Բայց ահաւասիկ իմ մատնիչի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրայ է։ 22Եւ մարդու Որդին աշխարհից կը գնայ ըստ սահմանուածի, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի»։ 23Եւ նրանք սկսեցին հարցնել իրար մէջ, թէ իրենցից ո՛վ է, որ այդ անելու է։ 24Եւ նրանց մէջ հակաճառութիւն առաջացաւ, թէ իրենցից ո՛վ պիտի մեծ համարուի։ 25Եւ նա նրանց ասաց. «Ազգերի թագաւորները տիրում են իրենց ժողովուրդների վրայ, եւ նրանք, որ իշխում են նրանց վրայ, բարերարներ են կոչւում։26Բայց դուք այդպէս չլինէք, այլ՝ ով որ մեծ է ձեր մէջ, թող լինի ինչպէս կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպէս սպասաւորը։ 27Ո՞վ է մեծ. սեղան նստո՞ղը, թէ՞ սպասաւորը։ Չէ՞ որ՝ սեղան նստողը։ Բայց ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր»։ 28«Եւ դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ։ 29Եւ ես խոստանում եմ ձեզ, - ինչպէս եւ իմ Հայրը ինձ խոստացաւ տալու արքայութիւնը, - 30որ ուտէք եւ խմէք իմ սեղանից իմ արքայութեան մէջ եւ նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերը»։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․