Գրքեր

Ավետ. ըստ Ղուկասի 8:22-56

22Մի օր ինքը նաւակ նստեց իր աշակերտների հետ եւ նրանց ասաց. «Եկէ՛ք ծովակի միւս կողմն անցնենք»։ Եւ գնացին։ 23Մինչ նաւարկում էին, նա քուն մտաւ։ Եւ ծովակի վրայ քամու մի մրրիկ իջաւ. ծովը ուռչում էր, նաւակը ջրով լցնում. եւ նրանք տագնապի էին մատնուել։ 24Մօտեցան արթնացրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք»։ Եւ նա վեր կենալով՝ սաստեց քամուն ու աղմկայոյզ կոհակներին, եւ նրանք հանդարտուեցին, եւ խաղաղութիւն տիրեց։ 25Եւ նրանց ասաց. «Ո՞ւր է ձեր հաւատը»։ Եւ նրանք սարսափած՝ զարմացան եւ ասում էին միմեանց. «Ո՞վ է արդեօք սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս, եւ դրանք հնազանդւում են սրան»։ 26Ապա նաւարկեցին իջան գերգեսացիների երկիրը, որը Գալիլիայի հանդիպակաց կողմն է։ 27Եւ երբ նա ցամաք ելաւ, նրան պատահեց քաղաքից մի մարդ, որի մէջ դեւեր կային. նա երկար ժամանակ հագուստ չէր հագել եւ ոչ էլ տան մէջ էր բնակուել, այլ՝ գերեզմանների։ 28Եւ տեսնելով Յիսուսին՝ աղաղակեց, ընկաւ նրա առաջ եւ բարձր ձայնով ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր».29որովհետեւ Յիսուս հրաման էր տալիս պիղծ ոգուն, որ դուրս գայ այդ մարդուց, քանի որ շատ անգամ տիրացել էր նրան, եւ նա կապւում էր շղթաներով, պահւում էր երկաթների մէջ, բայց կոտրում էր կապանքները եւ դեւից քշւում էր անբնակ վայրեր։ 30Յիսուս հարցրեց նրան եւ ասաց. «Անունդ ի՞նչ է»։ Եւ նա ասաց. «Լեգէոն». որովհետեւ նրա մէջ շատ դեւեր էին մտել. 31աղաչում էին նրան, որ հրաման չտայ իրենց, որ անդունդ գնան։ 32Եւ այնտեղ մեծ թուով խոզերի մի երամակ կար, որ արածում էր լերան վրայ։ Աղաչեցին նրան, որ հրաման տայ իրենց՝ գնալ մտնել նրանց մէջ։ Եւ նա թոյլատրեց նրանց, 33եւ դեւերը դուրս եկան այդ մարդուց ու մտան խոզերի մէջ. եւ երամակը գահաւանդից դիմեց դէպի ծովակ ու խեղդուեց։ 34Երբ խոզարածները տեսան պատահածները, փախան եւ պատմեցին քաղաքում ու ագարակներում։ 35Եւ երբ մարդիկ դուրս եկան կատարուածները տեսնելու եւ եկան Յիսուսի մօտ ու գտան այն մարդուն, որից դեւերը ելել էին, - որը հագնուած եւ զգաստացած՝ նստած էր Յիսուսի ոտքերի մօտ, - վախեցան։36Նրանք, որ ականատես էին եղել, պատմեցին նրանց, թէ ինչպէս փրկուեց դիւահարը։ 37Եւ գերգեսացիների երկրի շրջակայքում գտնուող ամբողջ բնակչութիւնը աղաչում էր Յիսուսին՝ հեռու գնալ իրենց սահմաններից, որովհետեւ մեծ վախով տագնապում էին։ Եւ նա նաւակ նստելով՝ վերադարձաւ։ 38Այն մարդը, որից դեւերը դուրս էին եկել, աղաչում էր նրան, որ ինքը նրա հետ շրջի։ Բայց Յիսուս արձակեց նրան եւ ասաց. 39«Վերադարձի՛ր քո տունը եւ պատմի՛ր, ինչ որ Աստուած արեց քեզ համար»։ Նա գնաց քաղաք եւ տարածում էր այն, ինչ Յիսուս արեց իրեն։ 40Եւ երբ Յիսուս վերադարձաւ ծովի միւս կողմը, ժողովուրդը նրան լաւ ընդունեց, որովհետեւ ամէնքը նրան սպասում էին։ 41Եւ ահա եկաւ մի մարդ, որի անունը Յայրոս էր, եւ որը ժողովրդապետ էր։ Յիսուսի ոտքերն ընկնելով՝ նա աղաչում էր նրան, որ իր տունը մտնի, 42որովհետեւ նա մօտ տասներկու տարեկան մի միամօրիկ դուստր ունէր, որ մահամերձ էր։ Եւ երբ Յիսուս գնում էր, ժողովուրդը նրան նեղում էր։ 43Եւ մի կին, որ տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունէր եւ հնար չէր եղել նրան որեւէ մէկից բժշկուել, 44յետեւից մօտեցաւ եւ դիպաւ նրա զգեստի քղանցքին, եւ նոյն ժամին նրա արիւնահոսութիւնը դադարեց։ 45Եւ Յիսուս ասաց. «Ո՞վ էր, որ ինձ դիպաւ»։ Եւ երբ բոլորը ուրանում էին, Պետրոսը եւ նրա հետ եղողները ասացին. «Վարդապե՛տ, ժողովուրդն է, որ սեղմում ու նեղում է քեզ»։ 46Եւ Յիսուս ասաց. «Մէկն ինձ դիպաւ, որովհետեւ զգացի, որ ինձնից զօրութիւն դուրս եկաւ»։ 47Երբ կինը տեսաւ, որ այդ ծածուկ չմնաց նրանից, դողալով եկաւ եւ ընկաւ նրա առաջ ու ամբողջ ժողովրդի առջեւ պատմեց, թէ ինչ բանի համար դիպաւ նրան եւ թէ ինչպէս իսկոյն բժշկուեց։ 48Եւ նա ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղութեամբ»։ 49Եւ մինչ նա խօսում էր, ժողովրդապետի տնից մէկն եկաւ եւ Յայրոսին ասաց. «Աղջիկդ մեռաւ, յոգնութիւն մի՛ պատճառիր դրան»։ 50Իսկ երբ Յիսուս լսեց, նրան պատասխանեց եւ ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հաւատա՛, եւ նա կ՚ապրի»։ 51Եւ նրա տունը մտնելով՝ ոչ ոքի չթողեց ներս մտնել, բացի Պետրոսից, Յակոբոսից, Յովհաննէսից եւ երեխայի հօրից ու մօրից։ 52Ամէնքը լալիս եւ ողբում էին նրա վրայ։ Եւ նա ասաց. «Լաց մի՛ եղէք, որովհետեւ մեռած չէ, այլ ննջում է»։ 53Իսկ նրանք ծաղրում էին նրան, որովհետեւ գիտէին, որ մեռած էր։ 54Եւ ամենքին դուրս հանելով՝ բռնեց նրա ձեռքից, գոչեց եւ ասաց. «Վե՛ր կաց, կանգնի՛ր, ո՛վ մանուկ»։ 55Եւ նրա հոգին վերադարձաւ, եւ մանուկը իսկոյն կանգնեց։ Եւ Յիսուս հրամայեց, որ նրան ուտելու բան տան։ 56Եւ նրա ծնողները զարմացած մնացին, իսկ նա պատուիրեց, որ ոչ ոքի չասեն, ինչ որ եղել էր։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․