Գրքեր

Գործք 11:27-12:24

27Այն օրերին Երուսաղէմից մարգարէներ իջան Անտիոք։ 28Նրանցից մէկը, որի անունը Ագաբոս էր, վեր կենալով, Հոգու միջոցով կանխանշեց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որը եւ եղաւ Կղօդէոս կայսեր օրով։ 29Եւ Անտիոքի աշակերտները որոշեցին, որ աշակերտների կողմից, այնքան, որքան նրանցից իւրաքանչիւրը կարող էր, նպաստ ուղարկեն Հրէաստանում բնակուող եղբայրների համար, 30ինչ որ արդարեւ արեցին՝ Բառնաբասի եւ Սօղոսի ձեռքով ուղարկելով եկեղեցու երէցներին։ 
12 Այդ ժամանակներում Հերովդէս թագաւորը ձեռնարկեց եկեղեցուց ոմանց չարչարելու գործին 2եւ Յովհաննէսի եղբօրը՝ Յակոբոսին, սրով սպանեց։ 3Երբ տեսաւ, որ այդ հաճելի է հրեաներին, աւելի առաջ գնաց եւ Պետրոսին էլ բռնեց։ Բաղարջակերաց օրերն էին. 4երբ նրան բռնեց, բանտ դրեց եւ իւրաքանչիւրը չորս զինուորից բաղկացած չորս խմբի յանձնեց, որ նրան պահեն. եւ ուզում էր զատկից յետոյ նրան դուրս հանել՝ դատելու ժողովրդի առջեւ։ 5Պետրոսը բանտում մնում էր հսկողութեան ներքոյ. իսկ եկեղեցում նրա համար անդադար աղօթքներ էին արւում առ Աստուած։ 6Եւ երբ Հերովդէսն ուզեց նրան դուրս բերել, այն գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապուած, երկու զինուորների միջեւ քնած էր. իսկ պահապանները դռան առաջ բանտը պահպանում էին։ 7Եւ ահա Տիրոջ հրեշտակը եկաւ, կանգնեց մօտը, ու մի լոյս ծագեց այդ տեղի վրայ։ Ապա բոթեց Պետրոսի կողերը, նրան վեր կացրեց՝ ասելով. «Իսկոյն վե՛ր կաց»։ Եւ շղթաներն ընկան նրա ձեռքից։ 8Եւ հրեշտակը նրան ասաց. «Գօտիդ կապի՛ր եւ հողաթափները ոտքերդ գցի՛ր»։ Եւ նա այնպէս արեց։ Ապա նրան ասաց. «Զգեստներդ վրադ գցի՛ր եւ արի՛ իմ յետեւից»։9Եւ նա ելնելով գնում էր նրա յետեւից ու չէր իմանում, թէ հրեշտակի միջոցով պատահածը իրական է, որովհետեւ կարծում էր, թէ տեսիլք է տեսնում։ 10Եւ երբ նրանք անցան առաջին պահականոցից եւ ապա երկրորդից, եկան մինչեւ երկաթեայ դուռը, որը հանում էր քաղաք։ Դուռը իրեն-իրեն բացուեց նրանց առջեւ. եւ, մի փողոց մտնելով, անցան նրա միջով. ապա հրեշտակը իսկոյն նրանից հեռացաւ։11Երբ Պետրոսը ուշքի եկաւ, ասաց. «Այժմ ճշմարտապէս գիտեմ, որ Տէրն ուղարկեց իր հրեշտակին եւ ինձ փրկեց Հերովդէսի ձեռքից եւ հրեայ ժողվրդի ամէն ակնկալութիւնից»։ 12Եւ ուշքի եկած լինելով՝ եկաւ Մարիամի՝ Մարկոս կոչուած Յովհաննէսի մօր տունը. այնտեղ հաւաքուել էին շատերն ու աղօթք էին անում։ 13Տան դուռը բախելիս՝ Ռոդէ անունով մի աղախին մօտեցաւ եւ ականջ էր դնում։ 14Եւ ճանաչելով Պետրոսի ձայնը՝ ուրախութիւնից դուռը չբացեց, այլ ներս վազելով պատմեց, թէ Պետրոսը դռանը կանգնած է։ 15Նրանք ասացին նրան՝ գժուել ես։ Իսկ աղախինը առաւել եւս պնդում էր, թէ այդպէս է։ Ապա նրանք ասացին՝ նրա հրեշտակն է։ 16Իսկ Պետրոսը շարունակում էր թակել դուռը։ Երբ բացեցին, տեսան նրան ու զարմացան։ 17Եւ նա ձեռքով նրանց նշան էր անում, որ լռեն. եւ պատմեց, թէ ինչպէս Տէրը իրեն հանեց բանտից։ Ապա ասաց. «Այս բաները պատմեցէ՛ք Յակոբոսին եւ եղբայրներին»։ Եւ ինքը ելաւ գնաց այլ տեղ։ 18Եւ երբ առաւօտ եղաւ, զինուորների մէջ մեծ խռովութիւն ընկաւ, թէ արդեօք Պետրոսն ի՛նչ եղաւ։ 19Իսկ Հերովդէսը, երբ նրան փնտռեց ու չգտաւ, պահակներին հարցաքննելուց յետոյ հրամայեց սպանել նրանց։ Ապա Պետրոսը Հրէաստանից Կեսարիա իջաւ ու այնտեղ էր մնում։ 20Եւ Հերովդէսը ցասումով էր լցուած տիւրոսցիների եւ սիդոնացիների դէմ։ Նրանք միաբանուած՝ եկան նրա մօտ եւ համոզելով Բղաստոսին՝ թագաւորի սենեկապետին, խաղաղութիւն խնդրեցին, քանի որ իրենց երկիրը նրա երկրից էր կերակրւում։ 21Եւ որոշուած օրը Հերովդէսը թագաւորական զգեստ էր հագել եւ ատեան էր նստել ու հրապարակաւ խօսում էր նրանց հետ։ 22Իսկ ամբոխը աղաղակում էր. «Աստուած է, որ խօսում է եւ ոչ թէ մարդ»։ 23Եւ անմիջապէս հրեշտակը հարուածեց նրան, որովհետեւ Աստծուն փառք չտուեց. եւ որդերի կեր դառնալով՝ մեռաւ։ 24Իսկ Աստծու խօսքը աճում ու բազմանում էր։ 25Բառնաբասն ու Սօղոսը, երբ իրենց պաշտօնը կատարեցին, Երուսաղէմից վերադարձան։ Իրենց հետ վերցրել էին նաեւ Յովհաննէսին, որ Մարկոս էր կոչւում։ 
13 Անտիոքում գտնուող եկեղեցում կային մի քանի մարգարէներ եւ ուսուցիչներ՝ Բառնաբասը եւ Շմաւոնը, որ կոչւում էր Նիւգեր, Ղուկիոս Կիւրենացին, Մանայենը, որ Հերովդէս չորրորդապետի դայեկորդին էր, եւ Սօղոսը։ 2Մինչ նրանք Տիրոջ պաշտամունքի մէջ էին եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Բառնաբասին եւ Սօղոսին առանձնացրէ՛ք ինձ համար, որ անեն այն գործը, որին ես դրանց կոչել եմ»։ 3Այն ժամանակ ծոմ պահելով եւ աղօթելով՝ ձեռք դրեցին նրանց վրայ եւ ուղարկեցին։ 4Ուստի նրանք, Սուրբ Հոգուց ուղարկուած, իջան Սելեւկիա ու այնտեղից նաւարկեցին դէպի Կիպրոս։ 5Եւ Սալամինա հասնելով՝ հրեաների ժողովարաններում Աստծու խօսքն էին քարոզում։ Որպէս օգնական ունէին նաեւ Յովհաննէսին։ 6Շրջելով ամբողջ կղզին մինչեւ Պափոս՝ այնտեղ գտան մի ոմն մոգի, որ մի հրեայ սուտ մարգարէ էր, եւ որի անունը Բարեյեսու էր. 7սա բդեշխի փոխանորդ Սերգէոս Պօղոսի հետ էր ապրում, որը մի իմաստուն մարդ էր։ Սերգէոսը աղաչելով Բառնաբասին եւ Սօղոսին, ուզում էր լսել Աստծու խօսքը։ 8Բայց նրանց դէմ դուրս եկաւ Եղիմաս մոգը (որովհետեւ նրա անունը այսպէս է թարգմանւում) եւ ուզում էր բդեշխի փոխանորդին հաւատից շեղել։ 9Իսկ Սօղոսը, որը եւ Պօղոսն է, Սուրբ Հոգով լցուած, նայեց նրան ու ասաց. 10«Ո՛վ դու, որ լի ես ամէն նենգութեամբ ու խորամանկութեամբ, որդի՛ սատանայի, թշնամի՛ ամէն արդարութեան։ Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց չե՞ս դադարի։ 11Եւ արդ, ահա Տիրոջ ձեռքը քեզ վրայ է. եւ կոյր կը լինես, որ միառժամանակ արեւ չտեսնես»։ Եւ անմիջապէս նրա վրայ մէգ ու խաւար իջաւ. եւ խարխափելով՝ առաջնորդողներ էր փնտռում։ 12Այն ժամանակ բդեշխի փոխանորդը, պատահածները տեսնելով, հաւատաց՝ զարմանալով Տիրոջ վարդապետութեան վրայ։13Պափոսից խարիսխ վերցնելով՝ Պօղոսը եւ իր հետ եղողները եկան Պամփիւլիայի Պերգէ քաղաքը։ Յովհաննէսը, նրանցից բաժանուելով, Երուսաղէմ վերադարձաւ, իսկ նրանք, առաջ գնալով,14Պերգէից եկան Պիսիդեան Անտիոք քաղաքը. եւ շաբաթ օրը, ժողովարան մտնելով, նստեցին։ 15Եւ Օրէնքի ու մարգարէների ընթերցումից յետոյ, ժողովարանի պետերը նրանց մօտ մէկին ուղարկեցին ու ասացին. «Եղբայրնե՛ր, եթէ ունէք մխիթարանքի խօսքեր ժողովրդին, խօսեցէ՛ք»։ 16Պօղոսը ոտքի կանգնեց, ձեռքը շարժեց ու ասաց. «Ո՛վ իսրայէլացիներ, եւ դո՛ւք, որ Աստծուց երկնչում էք, լսեցէ՛ք. 17Իսրայէլի այս ժողովրդի Աստուածը ընտրեց մեր հայրերին եւ Եգիպտացիների երկրում, պանդխտութեան ժամանակ, ժողովրդին բարձրացրեց եւ հզօր բազուկով նրանց այնտեղից հանեց։ 18Եւ շուրջ քառասուն տարի ժամանակով անապատում նրանց կերակրեց։ 19Եւ Քանանու երկրում եօթը ազգեր խորտակելով՝ նրանց հողը որպէս ժառանգութիւն տուեց նրանց։20Եւ դրանից յետոյ շուրջ չորս հարիւր յիսուն տարի նրանց տուեց դատաւորներ՝ մինչեւ Սամուէլ մարգարէն։ 21Եւ այնուհետեւ թագաւոր խնդրեցին. ու Աստուած թագաւոր տուեց նրանց Բենիամինի ցեղից Կիսի որդուն՝ Սաւուղին, քառասուն տարի։ 22Եւ երբ նրան փոխեց, նրանց համար մէջտեղ բերեց Դաւթին որպէս թագաւոր, որի մասին եւ վկայելով՝ ասաց. «Գտայ Յեսսէի որդի Դաւթին՝ իմ սրտով մի մարդու, որը պիտի կատարի իմ ամբողջ կամքը»։ 23Աստուած, ըստ իր խոստման, սրա սերնդից յարուցեց Իսրայէլի համար մի փրկչի՝ Յիսուսին։ 24Նրա գալստից առաջ, նրա առջեւից գնացողը՝ Յովհաննէսը, Իսրայէլի ամբողջ ժողովրդին քարոզել էր ապաշխարել եւ մկրտուել։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․