Գրքեր

Գործք 20:1-16

 Երբ ամբոխը հանդարտուեց, Պօղոսը կանչեց աշակերտներին ու նրանց յորդորելով՝ հրաժեշտի ողջոյն տուեց եւ ելաւ գնաց Մակեդոնիա։ 2Այդ կողմերում շրջելուց եւ նրանց բազում խօսքերով յորդորելուց յետոյ եկաւ Յունաստան։ 3Մօտ երեք ամիս այնտեղ անցկացնելուց յետոյ, մինչ կամենում էր Ասորիք բարձրանալ, հրեաների կողմից նրա դէմ դաւ նիւթուեց. ուստի խորհեց Մակեդոնիայով վերադառնալ։ 4Եւ մինչեւ Ասիա նրա հետ էին գնում Պիւռոսի որդի Սոսիպատրոս Բերիացին, թեսաղոնիկեցիներից՝ Արիստարքոսը եւ Սեկունդոսը, Գայիոս Դերբացին ու Տիմոթէոսը եւ ասիացիներ Տիւքիկոսն ու Տրոփիմոսը։ 5Սրանք առաջ էին գնացել եւ Տրովադայում մեզ էին սպասում։ 6Իսկ մենք Բաղարջակերաց տօնի օրերից յետոյ նաւարկեցինք Փիլիպպէից ու հինգ օրից հասանք Տրովադա, նրանց մօտ. այնտեղ կանգ առանք եօթը օր։ 7Եւ շաբաթ օրը, մինչ հաւաքուել էինք հացը կտրելու, Պօղոսը, որ յաջորդ օրը մեկնելու էր, խօսում էր նրանց հետ. եւ նա խօսքը երկարեց մինչեւ կէսգիշեր։ 8Եւ այն վերնատանը, ուր հաւաքուած էինք, բազում լապտերներ կային։ 9Իսկ Եւտիքոս անունով մի երիտասարդ նստել էր պատուհանին ու խոր քնի մէջ էր ընկել։ Երբ Պօղոսը խօսելը երկարաձգեց, նա, խոր քնից թուլացած, երրորդ յարկից ցած ընկաւ. ու վերցրին նրան մեռած։ 10Պօղոսը, ցած իջնելով, ընկաւ նրա վրայ, նրան իր գիրկը վերցրեց ու ասաց. «Մի՛ խռովուէք, քանի որ սրա հոգին վրան է»։ 11Յետոյ վեր ելաւ, հացը կտրեց ու կերաւ. եւ մինչեւ առաւօտ շատ բաներ եւս խօսեց ու ապա ելաւ գնաց։ 12Իսկ պատանուն կենդանի ներս բերեցին եւ շատ մխիթարուեցին։ 13Եւ մենք նաւ մտնելով՝ ուղղուեցինք դէպի Ասոն. յոյս ունէինք այնտեղից Պօղոսին նորից վերցնել, որովհետեւ այդպէս էր պատուիրել, ըստ որում ինքը ցամաքով էր գնալու։ 14Եւ երբ նա մեզ հանդիպեց Ասոնում, նրան առնելով եկանք Միտիլինէ։ 15Եւ այնտեղից նաւարկելով՝ յաջորդ օրը գնացինք Քիոսի դիմացը, իսկ միւս օրը հասանք Սամոս եւ հետեւեալ օրը եկանք Միլետոն, 16որովհետեւ Պօղոսը մտադիր էր նաւարկել Եփեսոսի մօտով, որպէսզի Ասիայում ժամանակ չկորցնի, քանի որ շտապում էր Պենտեկոստէի օրը Երուսաղէմ հասնել, եթէ այդ նրան յաջողուէր։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․