Գրքեր

Ավ. ըստ Մարկոսի 8:10-26

10Եւ իսկոյն աշակերտների հետ նաւակ մտնելով՝ եկաւ Դաղմանունայի կողմերը։ 11Եկան փարիսեցիները եւ սկսեցին վիճել նրա հետ եւ նրան փորձելով՝ երկնքից նշան էին ուզում նրանից։ 12Եւ նա իր հոգում զայրացաւ եւ ասաց. «Ինչո՞ւ է այս սերունդը նշան ուզում. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրուի»։ 13Թողեց նրանց, նորից նաւակ մտաւ եւ գնաց ծովի միւս կողմը։ 14Եւ աշակերտները մոռացան հաց վերցնել. սակայն միայն մէկ նկանակ ունէին իրենց նաւակի մէջ։ 15Եւ նա պատուիրեց նրանց ու ասաց. «Զգո՛յշ եղէք փարիսեցիների խմորից եւ հերովդէսականների խմորից»։ 16Իսկ նրանք իրենց մէջ խորհում էին եւ ասում՝ հաց չունենք։ 17Յիսուս իմացաւ նրանց խորհուրդը եւ նրանց ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր սրտերում խորհում, թէ հաց չունէք. դեռ չէ՞ք հասկանում եւ չէ՞ք յիշում. ապշութի՞ւնն է ձեր մտքերը պատել։ 18Աչքեր ունէք եւ չէ՞ք տեսնում, ականջներ ունէք եւ չէ՞ք լսում եւ դեռ չէ՞ք հասկանում ու չէ՞ք յիշում. 19երբ հինգ նկանակը բաժանեցի հինգ հազար հոգու, կտորտանքներով լի քանի՞ սակառ վերցրիք»։ Եւ նրան պատասխանեցին՝ տասներկու։ 20«Եւ երբ եօթը նկանակը չորս հազար հոգու բաժանեցի, կտորտանքների քանի՞ զամբիւղ լիքը վերցրիք»։ Եւ նրանք պատասխանեցին՝ եօթը։21Եւ նա նրանց ասաց. «Ապա ուրեմն ինչպէ՞ս չէք հասկանում»։22Եկան Բեթսայիդա. եւ նրա առաջ բերեցին մի կոյրի ու աղաչում էին, որ դիպչի նրան։ 23Եւ նա բռնելով կոյրի ձեռքից՝ գիւղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց եւ ձեռքը նրա վրայ դրեց. եւ հարցնում էր կոյրին, թէ բան տեսնո՞ւմ է։ 24Նա բացեց աչքերը եւ ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպէս ծառեր»։ 25Նա կրկին ձեռքերը դրեց նրա աչքերի վրայ. կոյրը իր աչքերը բացեց եւ տեսնում էր. բժշկուեց եւ ամէն ինչ յստակ տեսնում էր։ 26Նրան իր տունն արձակեց եւ ասաց. «Գիւղ մի՛ մտիր, այլ գնա՛ քո տունը, իսկ երբ գիւղ մտնես, գիւղում ոչ ոքի չասես»։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․