Գրքեր

Ավ. ըստ Ղուկասի 14:1-24

Երբ մի շաբաթ օր նա մտաւ փարիսեցիների իշխանաւորներից մէկի տունը հաց ուտելու, նրանք դիտում էին նրան։ 2Եւ ահա այնտեղ, նրա առաջ ջրգողով հիւանդ մի մարդ կար։ 3Յիսուս պատասխանեց օրէնսգէտներին ու փարիսեցիներին եւ ասաց. «Շաբաթ օրով բժշկելը օրինաւո՞ր է, թէ՞՝ ոչ»։ 4Նրանք լուռ մնացին։ Յիսուս նրան բռնելով՝ բուժեց եւ արձակեց։ 5Եւ նրանց ասաց. «Ձեզնից ո՞ւմ եզը կամ էշը ընկնի ջրհորի մէջ, նա իսկոյն այն չի հանի շաբաթ օրով»։ 6Եւ այդ մասին նրան պատասխան տալ չկարողացան։ 7Հրաւիրուածներին էլ մի առակ ասաց՝ տեսնելով, թէ ինչպէս նրանք պատուոյ տեղերն էին ընտրում։ 8Նրանց ասաց. «Երբ մէկը քեզ հարսանիքի կամ հրաւէրքի կանչի, առաջին տեղը մի՛ նստիր, գուցէ քեզնից աւելի պատուական մէկը նրա կողմից կանչուած լինի։ 9Եւ քեզ ու նրան կանչողը գայ ու քեզ ասի՝ «Սրան տե՛ղ տուր»։ Եւ ապա սկսես ամօթով վերջին տեղը գրաւել։ 10Այլ, երբ հրաւիրուես, գնա բազմի՛ր վերջին տեղը, որպէսզի, երբ քեզ կանչողը գայ եւ քեզ ասի՝ «Բարեկա՛մ, աւելի վե՛ր մօտեցիր», այն ժամանակ քո սեղանակիցների առաջ դու փառաւորուես. 11որովհետեւ նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհուի, եւ նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանայ»։ 12Իրեն հրաւիրողին էլ ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին եւ ո՛չ էլ քո հարուստ հարեւաններին, որպէսզի նրանք էլ փոխարէնը քեզ չհրաւիրեն, եւ քեզ հատուցում լինի։ 13Այլ, երբ ընդունելութիւն անես, կանչի՛ր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին 14եւ երանելի կը լինես, որովհետեւ փոխարէնը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Եւ դրա փոխարէն քեզ կը հատուցուի արդարների յարութեան օրը»։ 15Երբ սեղանակիցներից մէկը այս լսեց, ասաց նրան. «Երանի՜ նրան, ով ճաշ կ՚ուտի Աստծու արքայութեան մէջ»։16Եւ Յիսուս ասաց. «Մի մարդ ընթրիք սարքեց եւ հրաւիրեց շատերին։ 17Եւ ընթրիքի ժամին իր ծառային ուղարկեց՝ կանչելու հրաւիրուածներին, թէ՝ «Եկէ՛ք, որովհետեւ ահա ամէն ինչ պատրաստ է»։ 18Եւ ամէնքը մէկ-մէկ սկսեցին հրաժարուել։ Առաջինն ասաց. «Ագարակ գնեցի եւ պէտք է, որ գնամ տեսնեմ. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարուա՛ծ համարիր»։ 19Եւ միւսն ասաց. «Հինգ լուծ եզներ գնեցի. գնում եմ դրանք փորձելու. խնդրում եմ քեզ, ինձ հրաժարուա՛ծ համարիր»։ 20Իսկ միւսն ասաց. «Կին եմ առել, դրա համար էլ չեմ կարող գալ»։ 21Եւ ծառան եկաւ ու իր տիրոջը պատմեց այս։ Այդ ժամանակ, բարկանալով, տանտէրն իր ծառային ասաց. «Իսկոյն դո՛ւրս եկ քաղաքի հրապարակներն ու փողոցները եւ աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կոյրերին բեր մտցրո՛ւ այստեղ»։ 22Եւ ծառան ասաց. «Տէ՛ր, ինչ հրամայեցիր՝ կատարուեց եւ էլի տեղ կայ»։ 23Եւ տէրը ծառային ասաց. «Դո՛ւրս եկ ճանապարհներն ու ցանկապատների առաջ եւ մարդկանց այստեղ մտցրո՛ւ, որպէսզի տունս լցուի»։ 24Ասում եմ ձեզ, որ այդ հրաւիրուածներից ոչ ոք իմ ընթրիքից չի ճաշակի»։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․