Գրքեր

Ա Հովհաննես 3:2-4:6

2Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք. եւ դեռ յայտնի էլ չէ, թէ ինչ ենք լինելու։ Գիտենք, որ, երբ նա յայտնուի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպէս, ինչպէս նա կայ։ 3Եւ ամէն ոք, որ այս յոյսն ունի իր մէջ, մաքրում է ինքն իրեն, ինչպէս որ նա՛ է մաքուր։ 4Ամէն ոք, ով մեղք է գործում, նաեւ անօրէնութիւն է անում. եւ մեղքը ինքնին անօրէնութիւն է։ 5Եւ գիտենք, որ նա այն պատճառով յայտնուեց, որպէսզի վերացնի մեղքերը. բայց նրա մէջ մեղք չկայ։ 6Ամէն ոք, ով բնակւում է նրա մէջ, չի մեղանչում. եւ ամէն ոք, ով մեղանչում է, ո՛չ տեսել է նրան եւ ո՛չ էլ ճանաչել։ 7Որդեակնե՛ր, թող ոչ ոք ձեզ չխաբի. ով արդարութիւն է անում, արդար է, ինչպէս որ նա՛ է արդար։ 8Եւ ով մեղք է գործում, այդ՝ Սատանայից է, քանի որ Սատանան մեղանչող է ի սկզբանէ։ Աստծու Որդին հէնց նրա համար յայտնուեց, որ քանդի Սատանայի գործերը։ 9Ամէն ոք, ով Աստծուց է ծնուած, մեղք չի գործում, որովհետեւ Նրա սերմը մնում է նրա մէջ. չի էլ կարող մեղանչել, որովհետեւ Աստծուց է ծնուած։ 10Սրանո՛վ են տարբերւում միմեանցից Աստծու որդիները եւ Սատանայի որդիները։ Ամէն ոք, ով արդարութիւն չի գործում, Աստծուց չէ. նոյնպէս նա՝ ով չի սիրում իր եղբօրը։ 11Քանզի այս է այն պատուիրանը, որ լսեցիք ի սկզբանէ՝ որ սիրե՛նք միմեանց. 12ոչ ինչպէս Կայէնը, որ չարից էր եւ սպանեց իր եղբօրը։ Եւ ինչո՞ւ սպանեց նրան. որովհետեւ իր գործերը չար էին, իսկ եղբօր գործերը՝ բարի։ 13Եւ մի՛ էլ զարմացէք, եղբայրնե՛ր, որ աշխարհը ատում է ձեզ։ 14Մենք գիտենք, որ մահուանից դէպի կեանք անցանք, քանզի սիրում ենք մեր եղբայրներին։ Իսկ ով չի սիրում եղբօրը, մնում է մահուան մէջ։ 15Ամէն ոք, ով ատում է եղբօրը, մարդասպան է. եւ գիտենք, որ ամէն մարդասպան իր մէջ յաւիտենական կեանք չունի։ 16Սէրը նրանո՛վ ճանաչեցինք, որ Յիսուս իր կեա՛նքը տուեց մեզ համար. մենք էլ պարտաւոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կեանքը։ 17Ով այս աշխարհի բարիքներից ունենայ եւ տեսնի իր եղբօրը մի բանի կարօտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սէրը ինչպէ՞ս կարող է բնակուել նրա մէջ։ 18Որդեակնե՛ր, խօսքերով եւ լեզուո՛վ չսիրենք, այլ՝ գործով եւ ճշմարտութեամբ։ 19Եւ հէնց դրանո՛վ ճանաչած կը լինենք, որ ճշմարտութիւնից ենք, եւ Նրա առաջ կանգնելու վստահութիւն կ՚ունենան մեր սրտերը։ 20Եթէ մեր սրտերը դատապարտեն մեզ, մենք գիտենք, թէ Աստուած աւելի մեծ է, քան մեր սրտերը. եւ նա գիտէ ամէն բան։ 21Սիրելինե՛ր, եթէ մեր սրտերը մեզ չդատապարտեն, համարձակութիւն կ՚ունենանք Աստծու առաջ. 22եւ ինչ էլ որ հայցենք, կը ստանանք նրանից, որովհետեւ պահում ենք նրա պատուիրանները եւ կատարում նրան հաճելի բաները։ 23Եւ նրա պատուիրանը այս է. որ հաւատանք իր Որդու՝ Յիսուս Քրիստոսի անուանը եւ սիրենք միմեանց, ինչպէս որ նա՛ պատուիրեց մեզ։ 24Եւ ով պահում է նրա պատուիրանները, բնակւում է Աստծու մէջ, եւ Աստուած՝ նրա մէջ։ Եւ մեր մէջ Աստծու բնակուելը իմանում ենք Սուրբ Հոգու միջոցով, որը նա տուեց մեզ։ 
4 Սիրելինե՛ր, մի՛ հաւատացէք ամէն մի հոգու, այլ փորձեցէ՛ք հոգիները, թէ արդեօք Աստծո՞ւց են, որովհետեւ բազում սուտ մարգարէներ են երեւան եկել աշխարհում։ 2Եւ մենք սրանո՛վ ենք ճանաչում Աստծու Հոգին. ամէն մի հոգի, որ դաւանում է Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց է։ 3Եւ ամէն մի հոգի, որ չի դաւանում Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց չէ։ Եւ այդ հոգին Նեռինն է, որի մասին լսել էք, թէ գալու է, եւ արդէն իսկ աշխարհում է։ 4Դուք Աստծուց էք, որդեակնե՛ր, եւ յաղթեցիք նրանց, որովհետեւ Հոգին, որ ձեր մէջ է, աւելի մեծ է, քան նա, որ կայ աշխարհի մէջ։ 5Նրանք աշխարհից են. դրա համար էլ աշխարհի բաների մասին են խօսում. եւ աշխարհը լսում է նրանց։ 6Մենք Աստծուց ենք. ով Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, իսկ ով Աստծուց չէ, չի լսում մեզ։ Սրանից է, որ ճանաչում ենք ճշմարտութեան Հոգին եւ խաբէութեան հոգին։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․