Գրքեր

Երեմիա 32.19-44

19 խորհուրդներով մեծ ես եւ գործերով՝ զօրաւոր: Ո՛վ դու, Ամենակալ մեծանո՛ւն Տէր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրայ իւրաքանչիւրին հատուցելու համար ըստ իր ճանապարհի եւ ըստ իր գործերի արդիւնքի: 20 Դու հրաշքներ ու սքանչելիքներ կատարեցիր Եգիպտացիների երկրում, նաեւ մինչեւ այժմ Իսրայէլում ու ողջ աշխարհի մարդկանց մէջ քեզ համար ստեղծեցիր մի անուն, որ կայ առ այսօր. 21 Իսրայէլի քո ժողովրդին դու դուրս հանեցիր Եգիպտացիների երկրից հրաշքներով ու սքանչելիքներով, հզօր ձեռքով ու յաղթ բազկով եւ մեծամեծ տեսիլքներով: 22 Նրանց տուեցիր այս երկիրը, ինչպէս երդուել էիր իրենց հայրերին՝ տալ նրանց մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում: 23 Նրանք մտան եւ ժառանգեցին այն, բայց ականջ չդրեցին քո ձայնին եւ չընթացան ըստ քո հրամանների, եւ այն ամէնը, ինչ պատուիրեցիր նրանց անել, չկատարեցին, այլ արեցին այնպէս, որ այս բոլոր չարիքները եկան նրանց գլխին: 24 Եւ ահա զօրքն այս քաղաքի վրայ է հասել, որպէսզի այն գրաւի, ու քաղաքը մատնուել է քաղդէացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահուան միջոցով: Ինչպէս ասել էիր, այդպէս էլ եղաւ. դու ինքդ էլ տեսնում ես: 25 Իսկ դու, Տէ՛ր, ասում ես ինձ, թէ՝ “Արծաթով քեզ համար ագարակ գնիր”: Ես մուրհակ գրեցի ու կնքեցի եւ վկաներ դրեցի, բայց քաղաքը մատնուեց քաղդէացիների ձեռքը»: 26 Եւ Տէրը խօսքն ինձ ուղղեց՝ ասելով. 27 «Ահա ես բոլոր մարմնաւորների Տէր Աստուածն եմ. մի՞թէ որեւէ բան ինձնից կարող է թաքուն մնալ»: 28 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Այդ քաղաքը պիտի մատնուի քաղդէացիների ձեռքը եւ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, որը պիտի գրաւի դա: 29 Պիտի գան քաղդէացիները, որպէսզի պատերազմեն այդ քաղաքի դէմ եւ հրով այրեն դա. պիտի կրակի մատնեն այն տները, որոնց տանիքներին խունկ էին ծխում Բահաղին ու զոհեր մատուցում օտար աստուածներին, որպէսզի ինձ դառնութիւն պատճառէին: 30 Իսրայէլացիներն ու Յուդայի երկրի մարդիկ իրենց մանկութիւնից սկսած իմ աչքերի առաջ միմիայն չարիք էին գործում: Իսրայէլացիներն իրենց ձեռքի գործերով բարկացրին ինձ,– ասում է Տէրը:– 31 Այն օրից, ինչ շինեցի այդ քաղաքը, մինչեւ այսօր այն գոյութիւն ունեցաւ ինձ բարկացնելու եւ զայրացնելու համար. 32 իմ աչքի առաջ պէտք է ջնջել դա այն բոլոր չարիքների համար, որ ինձ դառնացնելու նպատակով կատարեցին իսրայէլացիներն ու Յուդայի երկրի մարդիկ՝ իրենք, իրենց թագաւորներն ու իրենց մեծամեծները, իրենց քահանաներն ու իրենց մարգարէները, Յուդայի երկրի տղամարդիկ եւ Երուսաղէմի բնակիչները: 33 Նրանք իրենց թիկունքները դարձրին ինձ եւ ոչ թէ՝ երեսները: Սկզբից եւեթ ես սովորեցրի նրանց, սովորեցրի, բայց չուզեցին խրատ ընդունել: 34 Իրենց պղծութիւնները դրեցին այն տան մէջ, որը կրում է իմ անունը: 35 Իրենց աղտեղութիւնների համար Ենոմացիների ձորում Բահաղին բագիններ կանգնեցրին, որպէսզի իրենց տղաներին ու աղջիկներին նուիրաբերեն Մողոքին, մի բան, որ ես չէի պատուիրել նրանց, եւ ոչ էլ մտքովս անցել էր կատարել տալ նրանց այդ պղծութիւնը Յուդայի երկիրը յանցանքի մէջ մեղադրելու համար»: 36 Արդ, այսպէս է ասում Տէր Աստուած Իսրայէլի այդ քաղաքի վերաբերմամբ, որի մասին դու ասացիր, թէ մատնուեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը՝ սրի, սովի ու գերութեան: 37 «Ահա ես նրանց կհաւաքեմ այն բոլոր երկրներից, ուր ցրիւ տուեցի նրանց իմ բարկութեամբ, զայրոյթով ու մեծ ցասումով. նրանց կվերադարձնեմ այս վայրերը, յոյսով կբնակեցնեմ նրանց, 38 նրանք ինձ համար ժողովուրդ կլինեն, իսկ ես նրանց համար կլինեմ Աստուած: 39 Եւ ես կտամ նրանց մի այլ սիրտ ու ճանապարհ՝ հանապազ երկնչելու ինձնից ի բարօրութիւն իրենց, իսկ իրենցից յետոյ՝ ի բարօրութիւն իրենց որդիների: 40 Նրանց հետ կկնքեմ յաւիտենական ուխտ, որից չեմ հրաժարուի՝ բարութիւն անելով նրանց, եւ իմ երկիւղը կդնեմ նրանց սրտերի մէջ, որպէսզի նրանք չապստամբեն իմ դէմ: 41 Բարութիւն անելու համար այցի կգնամ նրանց, հաւատով, իմ ամբողջ սրտով եւ իմ ամբողջ հոգով նրանց կտնկեմ այս երկրում»: 42 Արդարեւ, այսպէս է ասում Տէրը. «Ինչպէս որ այդ ժողովրդի վրայ բերեցի այս բոլոր մեծամեծ չարիքները, այնպէս էլ նրա համար կբերեմ բարիքներ, ինչպէս ասել էի դրանց մասին: 43 Նորից ագարակներ պիտի առնեն այդ երկրում, որի մասին դու ինքդ ասացիր, թէ թափուր է դարձել մարդ ու անասունից, որոնք մատնուել են քաղդէացիների ձեռքը: 44 Նրանք արծաթով ագարակներ պիտի գնեն, մուրհակներ պիտի գրեն եւ վկաներ կարգեն Բենիամինի երկրում եւ Երուսաղէմի շրջակայքում, Յուդայի երկրի քաղաքներում եւ լեռան քաղաքներում, Սեփելայի քաղաքներում եւ Նագեբի քաղաքներում, որովհետեւ նրանց պիտի վերադարձնեմ գերութիւնից»,– ասում է Տէրը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․