Գրքեր

Դանիել 2:1-21

Յուդայի երկրի Յովակիմ արքայի թագաւորութեան երրորդ տարում բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան եկաւ Երուսաղէմ2եւ պաշարեց այն։ Տէրը Յուդայի երկրի Յովակիմ արքային եւ Աստծու Տան սպասքի մի մասը տուեց նրա ձեռքը։ Նաբուքոդոնոսորը նրան տարաւ իր աստծու տունը՝ Սենաար, իսկ սպասքը դրեց իր աստծու գանձատունը։ 3Թագաւորը իր ներքինապետ Ասփանէզին ասաց, որ գերի իսրայէլացիների միջից, թագաւորական տոհմից եւ ազնուականներից 4առանց արատի, դէմքով գեղեցիկ, ամէն իմաստութեան խելահաս, գիտութեանը հմուտ, խելացիութեամբ օժտուած եւ թագաւորական պալատում սպասաւորելու ունակ մանուկներ բերի եւ սովորեցնի նրանց քաղդէացիների լեզուն եւ դպրութիւնը։ 5Թագաւորը նրանց համար սահմանեց ամենօրեայ ուտելիքի բաժին արքայական սեղանից եւ այն գինուց, որ ինքն էր ըմպում, հրամայեց սնել նրանց երեք տարի եւ յետոյ կանգնեցնել թագաւորի առաջ։ 6Նրանց մէջ էին Յուդայի երկրի որդիներից Դանիէլը, Անանիան, Միսայէլը եւ Ազարիան։7Ներքինապետը Դանիէլին անուանեց Բաղդտասար, Անանիային՝ Սեդրակ, Միսայէլին՝ Միսակ եւ Ազարիային՝ Աբեդնագով։ 8Դանիէլը որոշեց չճաշակել թագաւորի սեղանից եւ ոչ էլ խմել այն գինուց, որ նա էր խմում, եւ խնդրեց ներքնապետին թոյլ տալ, որ ինքը չուտի։9Աստուած այնպէս արեց, որ Դանիէլը գութ եւ շնորհ գտաւ ներքինապետի մօտ։ 10Ներքինապետն ասաց Դանիէլին. «Ես վախենում եմ իմ տէր արքայից, որ այդ կերակուրն ու ըմպելիքը սահմանեց ձեզ համար. թերեւս ձեր դէմքը աւելի դալուկ տեսնի, քան ձեզ հասակակից ուրիշ մանուկներինը, եւ դուք ինձ գլխով պարտական կը դարձնէք թագաւորի առաջ»։ 11Դանիէլն ասաց Ամելասադին, որին ներքինապետը վերակացու էր նշանակել Դանիէլի, Անանիայի, Միսայէլի եւ Ազարիայի վրայ. 12«Արի՛ տասը օր փորձի՛ր քո ծառաներին, եւ թող մեզ ընդեղէն տան, որ ուտենք, եւ ջուր, որ խմենք։ 13Եւ կ՚երեւան քեզ մեր եւ այն մանուկների գոյները, որոնք ուտում են թագաւորի սեղանից։ Եւ ինչպէս որ դու տեսնես, ըստ այնմ էլ վարուի՛ր քո ծառաների հետ»։ 14Ամելասադն անսաց նրանց ու փորձեց նրանց տասն օր։ 15Երբ վերջացան տասը օրերը, նրանց դէմքերը նրան աւելի լաւ երեւացին, իսկ նրանք մարմնով աւելի հզօր, քան բոլոր այն մանուկները, որոնք ուտում էին թագաւորի սեղանից։ 16Ամելասադը վերցնում էր նրանց ընթրիքն ու խմելու գինին եւ չորս մանուկներին ընդեղէն էր տալիս։ 17Աստուած նրանց խելք եւ իմաստութիւն տուեց ամէն տեսակի դպրութեան եւ իմացութեան մէջ։ Դանիէլը խելամուտ էր հասկանալու ամէն տեսակ տեսիլքներ ու երազներ։ 18Իսկ երբ ժամանակը լրացաւ, թագաւորը հրամայեց բերել նրանց։ Ներքինապետը նրանց բերեց Նաբուքոդոնոսորի առաջ, եւ արքան խօսեց նրանց հետ։ 19Բոլորի մէջ չգտնուեց ոչ ոք, որ նման լինէր Դանիէլին, Անանիային, Միսայէլին եւ Ազարիային։ 20Եւ նրանք կանգնեցին թագաւորի առաջ։ Իմաստութեան ու գիտութեան այն բոլոր բաների մասին, որ թագաւորը հարցնում էր նրանց, այդ բոլորի մէջ նրանց գտնում էր տասնապատիկ առաւել, քան բոլոր գիտուններին ու մոգերին, որ նրա թագաւորութեան մէջ էին։ 21Եւ Դանիէլը մնաց մինչեւ Կիւրոս արքայի տարիները։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․