26 Դեկտեմբեր, Եշ
4.36 Նայի՛ր դէպի արեւելք, ո՛վ Երուսաղէմ, եւ տե՛ս Աստծուց քեզ եկած ուրախութիւնը: 37 Ահա գալիս են քո որդիները, որոնց ճանապարհ էիր դրել, գալիս են՝ Սրբի խօսքով հաւաքուած արեւելքից մինչեւ արեւմուտք, ուրախացած Աստծոյ փառքով:
5.1 Ո՛վ Երուսաղէմ, հանի՛ր քո սգի ու լլկանքի զգեստը եւ յաւիտեան հագի՛ր Աստծոյ փառքն ու վայելչութիւնը, 2 ա՛ռ քեզ վրայ Աստծոյ արդարութեան վերարկուն եւ դի՛ր գլխիդ յաւիտենական Տիրոջ փառքի խոյրը, 3 որպէսզի Աստուած երկնքի ներքոյ ցոյց տայ քո ամբողջ պայծառութիւնը: 4 Աստծոյ կողմից քո անունը յաւիտեան կկոչուի խաղաղութիւն, արդարութիւն եւ աստուածապաշտութեան փառք: 5 Ելի՛ր, Երուսաղէ՛մ, կանգնի՛ր բարձունքի վրայ, նայի՛ր դէպի արեւելք ու տե՛ս Սրբի խօսքով արեւելքից մինչեւ արեւմուտք հաւաքուած քո որդիներին, որոնք ուրախացել են Աստծուց յիշուած լինելու համար: 6 Նրանք քեզնից հեռացան հետիոտն, թշնամիներից քշուած, բայց Աստուած նրանց քեզ մօտ է բերում փառքով, ինչպէս թագաւորական գահ բարձրացածների: 7 Արդարեւ, Աստուած հրաման է արձակել, որ բոլոր բարձր լեռները, յաւերժական բլուրները խոնարհուեն, ձորերը լցուեն, որպէսզի երկիրը հարթուի, Իսրայէլն Աստծոյ փառքով ապահով քայլի, 8 իսկ բոլոր անտառները եւ ամէն մի անուշաբոյր ծառ Աստծոյ հրամանով հովանի լինեն Իսրայէլին: 9 Աստուած պիտի առաջնորդի Իսրայէլին ուրախութեամբ, իր փառքի լոյսով՝ իր ողորմութեամբ ու արդարութեամբ հանդերձ: