Ս. Խարիթյանք ազգությամբ հաբեշ էին և ապրում էին Եթովպիայի Նեհրան քաղաքում: 4-րդ դարում հրեաները հզորացել էին այդ երկրում: Եվդեմոնա քաղաքի թագավոր Դու Նովասը հարձակվում է քրիստոնյա Նեհրան քաղաքի վրա` բնակիչներին հուդայական հավատին դարձնելու նպատակով: Խաբեությամբ գրավելով քաղաքը` հոգևորականներին, վանականներին և միանձնուհիներին հրամայում են այրել խարույկի վրա, իսկ քաղաքի կառավարիչ Արեթին և մեծամեծներին` բանտարկում: Հարցաքննության ժամանակ Դու Նովասը դիմում է նրանց` պահանջելով ուրանալ Քրիստոսին: Սակայն քաղաքացիները 95-ամյա կառավարչի գլխավորությամբ մերժում են` ասելով. «Չենք ուրանա Քրիստոսին, քանի որ նա մեզ համար կյանք է, իսկ հանուն Նրա մահը՝ ձեռքբերում», և անվախ հանձնվում են տանջանքների: Մի քանի տարի անց քրիստոնյա արքա Ելեսբովամը հաղթում է Դու Նովասին և քրիստոնեությունը պետական կրոն հռչակում ողջ Եթովպիայում: Ս. Արտեմեան Հուլիանոս Մեծի օրոք թեև երիտասարդ, բայց առաքինի զորական էր կայսերական բանակում և հասել էր մինչև պատվիրակի աստիճանի: Նույն հավատարմությամբ նա, որպես Եգիպտոսի բանակի ընդհանուր հրամանատար, ծառայում է հաջորդ կայսեր իշխանության ժամանակ: Հետագայում, երբ Հուլիանոս Ուրացող կայսրը պարսկական արշավանքի ժամանակ Անտիոքում դատում է երկու երեցներին` Եվգենիոսին ու Մակարին, Ս. Արտեմեան համարձակվում է համաժողովրդական կերպով մեղադրել նրան դաժանության և անպատվության մեջ, ինչի համար չարչարանքների է ենթարկվում և գլխատվում: Սրբի մահից հետո նրա մասունքները տեղափոխվում են Կ.Պոլիս և ամփոփվում Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցում, իսկ այսօր այդ մասունքների մի մասը պահպանվում է Աթոսում` Ս. Պանտելեյմոն վանքում: Ս. Քրիստափորը և երկու կանայք` Ս. Կալինիկեն և Ս. Ակյուլինեն նահատակվել են Դեկոս կայսեր օրոք Լիկիայում: Ս. Քրիստափորը Հուլիանոս կայսեր օրոք գերեվարվում է, ծառայում հռոմեական բանակում և այդ ընթացքում քրիստոնյա դառնում: Տեսնելով իր հավատակիցների անմարդկային չարչարանքները` նրա մեջ մեծ ցանկություն է առաջանում հանդիմանել հեթանոսներին և քարոզել ճշմարտությունը, սակայն հունարեն չիմանալու պատճառով ի վիճակի չի լինում: Սակայն աղոթքով Տիրոջից հունարեն խոսելու շնորհ է ստանում: Մի օր նկատում է, որ զինվորականները մի քրիստոնյայի են տանջում: Քրիստափորը հանդիմանում է նրանց և ազատում այդ քրիստոնյային: Քաղաքի դատավորը, իրազեկ դառնալով այս ամենին, 200 զինվոր է ուղարկում նրան ձերբակալելու, ովքեր, սակայն, ճանապարհին Քրիստափորի քարոզի և կատարած հրաշքի շնորհիվ նույնպես քրիստոնյա են դառնում: Երբ Ս. Քրիստափորին դատավորի առջև են բերում, նա հանդիմանախառն պատասխաններ է տալիս՝ մերժելով դատավորի կռապաշտ դառնալու հրամանը, ինչի համար չարչարանքների է ենթարկվում և բանտարկվում: Ապա նրա մոտ են ուղարկում երկու պոռնիկ կանանց` Կալինիկեին և Ակյուլինեին, նրան գայթակղելու համար: Սակայն վերջիններս նրա քարոզության միջոցով դարձի են գալիս: Զայրացած դատավորը նախ նահատակել է տալիս երկու կանանց, ապա` զինվորներին, որոնք բացահայտում են իրենց քրիստոնյա լինելը, և հետո գլխատում է Ս. Քրիստափորին: