Գրքեր
25 Հունիս, Եշ Տոն Սբ. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի

Սբ. Սահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր` Սբ. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ`  երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:

Սբ. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թվականին, մանուկ հասակից սովորել հունարեն և պարսկերեն: Սկզբում պաշտոնավարել է արքունիքում՝ որպես արքունի դպիր: Սակայն հետո թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է հոգևորական՝ ապրելով խիստ ճգնությամբ: Քարոզչության ընթացքում Սբ. Մեսրոպը զգում է հայ տառերի եւ հայագիր Աստվածաշունչ ունենալու կարևորությունը: Հայաստանում կային հայկական նշանագրեր, որոնք ժամանակին գործածում էին քրմերը: Այդ նշանագրերը Վռամշապուհ արքայի հրամանով Վահրիճ իշխանը բերում է Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտից, սակայն Մեսրոպը, մի կարճ ժամանակ ուսուցանելով իր աշակերտներին, նկատում է, որ նշանագրերն անկատար են: Նա աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, Ամիդ, աստվածային զորությամբ հղանում հայոց տառերը և Սամոսատում Հռոփանոս անունով մի հույն գրչի հետ վերջնականապես ձևավորում դրանք: Տառերի գյուտից հետո Սբ. Սահակն ու Սբ. Մեսրոպն սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ կերպով են կատարում այն, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է «Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի»: Աստվածաշնչից հայերեն թարգմանած առաջին նախադասությունը Առակաց գրքի առաջին նախադասությունն է. «Ճանաչել զիմաստությիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում և թաղվել Օշական գյուղում: Ինչպես վկայում է ավանդությունը, Սբ. Մեսրոպի դին Օշական տեղափոխելու ողջ ճանապարհին նրա վրա երկնքից լուսե սյուն է իջել և ուղեկցել նրան մինչև գերեզման: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին:  Տարվա ընթացքում Հայ եկեղեցին Սբ. Սահակ Պարթևի և Սբ. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը տոնում է երկու անգամ:

Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդ անգամ Հայ Առաքելական Եկեղեցին Ս.Թարգմանիչ Վարդապետների հիշատակը տոնում է Սբ. Խաչի Դ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․