Գրքեր
20 Հուլիս, Բշ Ս.Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների և Քրիստինե կույսի հիշատակության օր

Կիպրիանոսն ապրել և գործել 3-րդ դարում: Ըստ «Հայսմավուրքի»՝ նա ազնվական և մեծահարուստ մարդկանցից էր, իմաստուն և մոգության արվեստին հմտացած: Նույն քաղաքում էր բնակվում նաև մի քուրմի դուստրը՝ Հուստիանե անունով, որ քրիստոնյա դառնալով՝ ճշմարիտ հավատի է բերում նաև իր ծնողներին: Ստանալով կռապաշտ իշխանի ամուսնության առաջարկը, մերժում է, պատճառաբանելով, որ ինքն արդեն Քրիստոսի հարսնացուն է: Իշխանը խնդրում է Կիպրիանոս մոգի աջակցությունը, սակայն վերջինս, ազդվելով կույսի գերբնական ուժից, քրիստոնյա է մկրտվում և կարճ ժամանակում եպիսկոպոս դառնալով՝ նվիրվում է քարոզչական առաքելությանը: Իսկ Հուստիանեն ձեռնադրվում է սարկավագուհի: Դեկոսյան հալածանքների ժամանակ Կիպրիանոսն աքսորվում է և գլխատվում:  Նահատակվում է նաև Հուստիանե կույսը: Եվփիմեն քրիստոնյա ընտանիքի զավակ էր և իր ողջ կյանքն Աստծուն ընծայելու համար կուսության ուխտ էր արել: Նա իր 45 ընկերուհիների հետ հրաժարվում է քաղաքի հեթանոս աստվածներից մեկի պատվին կազմակերպված հանդեսին մասնակցելուց և թաքնվում է:

Հայտնաբերվելով և ատյան տարվելով՝ Եվփիմեի ընկերուհիները տեղում սրախողխող նահատակվում են, իսկ նա, դաժան կտտանքների ենթարկվելով, նետվում է գազանների մոտ, որտեղ Աստծո օգնությամբ անվնաս է մնում: Սակայն գերադասելով մեռնել գազանների ժանիքներից,  քան մարդկանց չարությունից, խնդրում է Աստծուն և այդպես էլ մարտիրոսանում: Քրիստինե կույսը Փյունիկիայից էր, կառավարչի դուստր: Բարձր աշտարակ կառուցելով և ոսկե ու արծաթե կուռքեր տեղադրելով՝ հայրն իր դեռատի դստերը կարգում է քրմուհի: Բայց Քրիստինեն, երկնային ներշնչումով, ըմբռնելով քրիստոնեության վեհությունը և հեթանոսության ոչնչությունը, փշրում է կուռքերը, վաճառում դրանք և գումարը բաշխում աղքատներին: Դրա համար նա անասելի չարչարանքների է  ենթարկվում և նահատակվում:    

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․