Գրքեր
1 Օգոստոս, Շբ Սբ. Աթանաս, Սբ. Կյուրեղ և Սբ. Գրիգոր Աստվածաբան հայրապետների հիշատակության օր

Սբ. Աթանաս և Սբ. Կյուրեղ հայրապետներն Ընդհանրական Եկեղեցու ամենակարկառուն գործիչներից են, ովքեր իրենց ողջ կյանքն ապրեցին հանուն քրիստոնեական հավատի ուղղափառության հաստատման ու տարածման` ընդդեմ մոլար ըմբռնումների եւ ուսմունքների:

Աթանասը (295-373թթ.) ծնվել է Ալեքսանդրիայում` հույն քրիստոնյա ընտանիքում: Բարձրագույն կրթություն ստացել է հայրենի քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում: Սարկավագ ձեռնադրվելով տեղի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից, իբրև նրա անձնական քարտուղար` մասնակցել է Նիկիայի 325 թվականի Տիեզերաժողովին և լուրջ հակահարված հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին, ովքեր մերժում էին Քրիստոսի աստվածային բնությունը` նրան համարելով արարած: Ի հակադրություն այս սխալ վարդապետության` Աթանասը հաստատում է Քրիստոսի Աստված լինելու իրողությունը և փրկությունը տեսնում է Աստծո հետ մարդկային բնության միավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծո մարդացման խնդրին: Փրկությունը, ըստ Աթանասի բանաձևման, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Աստվածացումն Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ»: Սբ. Աթանասը, 328 թվականին բարձրանալով պատրիարքական աթոռ, հետագա իր ողջ կյանքի ընթացքում անդադար պայքարում է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանում նիկիական ուղղափառ դավանանքը: Ենթարկվելով հալածանքների` իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ն անցկացրել է աքսորում: Սակայն ճշմարտության հաստատման իր գերմարդկային ջանքերը տալիս են բարի պտուղներ. Աթանասի մահից 7-8 տարիներ հետո` Կ.Պոլսի 381 թվականի Տիեզերաժողովում, վերջնականապես ամրագրվում է Աթանասի վարդապետությունը: 

Մեծ է Աթանասի վաստակը նաև վանականության զարգացման գործում: Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետն Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի փայլուն ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել է 380 թվականին, Թեոփիլոս պատրիարքի եղբորորդին է, որին հաջորդել է 412 թվականին: Կ. Պոլսի պատրիարք Նեստորի դեմ պայքարել է ուղղափառ դավանանքի համար, որի պատճառով էլ Թեոդորոս Բ կայսրը  431 թվականին Եփեսոսում հրավիրել է երրորդ Տիեզերական ժողովը: Ժողովի ընթացքում Նեստորի ուսմունքը  դատապարտվել է, իսկ Մարիամի համար ընդունվել է «Աստվածածին» անվանումը: Կյուրեղի նշանավոր բանաձևը`«Մի բնութիւն Բանին մարմնացելոյ», դարձել է Հայ Առաքելական Եկեղեցու` Քրիստոսի բնության վարդապետության հիմնաքարը:

 

Սբ. Գրիգոր Աստվածաբանը կամ Նազիանզացին ծնվել է 328 թվականին Կապադովկիայի Նազիանզ գյուղաքաղաքի մոտ գտնվող Արիանզ գյուղում Գրիգոր եպիսկոպոսի ընտանիքում: Նա իր կրթությունն ստացել է Կեսարիայում, այնուհետև Աթենքում, որտեղ էլ ծանոթացել է քրիստոնեության մեկ այլ ապագա խոշոր դեմքերից մեկի` սբ. Բարսեղ Կեսարացու հետ: Որոշ ժամանակ ճգնողական կյանքով ապրելուց հետո Գրիգորը վերադառնում է Նազիանզ, հոր կողմից քահանա ձեռնադրվում, այնուհետեւ դառնում Սասիմայի եպիսկոպոս: Սբ. Գրիգոր Աստվածաբանը սբ. Բարսեղ Կեսարացու հետ համառ պայքար է մղել արիոսականների դեմ, մասնակցել նաև Պոլսի Բ տիեզերաժողովին: Նա վախճանվել է 389 թվականի հունվարի 25-ին: Գրիգոր Նազիանզացին թողել է հարուստ գրական ժառանգություն, որը թարգմանվել է հայերեն 5-8 դարերում: Հայերեն թարգմանության մի մասն ամենայն հավանականությամբ կատարել է Մովսես Խորենացին: Սբ. Գրիգոր Նազիանզացին քրիստոնեության մեծագույն դեմքերից մեկն է, որն արիոսականների դեմ իր պայքարով նպաստել է քրիստոնեության անաղարտ պահպանմանը և իր հարուստ գրվածքներով մեծապես ազդել քրիստոնեական աստվածաբանական մտքի ձևավորման վրա:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․