Գրքեր
3 Օգոստոս, Բշ Սուրբ Եվգինե կույսի, նրա հոր Փիլիպպոսի և մոր Կղոդիայի, երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի, երկու ներքինիների և Սբ. վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի հիշատակության օր

Փիլիպպոսը հռոմեացի ազնվական էր: Նշանակվելով Եգիպտոսի կառավարիչ` ընտանիքով տեղափոխվում է Ալեքսանդրիա: Եվգինեն հոր խորհրդով սովորում է գիտության այդ նշանավոր կենտրոնում, որտեղ մեծ հետաքրքրությամբ ընթերցում է Պողոս առաքյալի թղթերը: Հավատալով Հիսուս Քրիստոսին` իր երկու ներքինիների հետ մկրտվում է և դառնում քրիստոնյա: Այնուհետև տղամարդու զգեստ հագած գնում է վանք, դառնում վանահայր: Երիտասարդ մի կին սիրահարվելով Եվգինեին` մերժվում է, հետո մեղադրում նրան բռնության փորձ կատարելու համար: Կանգնելով դատավորի առջև, որը նրա հարազատ հայրն էր, Եվգինեն ստիպված է լինում բացահայտել իր ինքնությունը: Հայրը և մյուս հարազատները, լսելով Եվգինեից Փրկչի մասին, դառնում են քրիստոնյաներ: Կայսրը, իմանալով այդ մասին, սպանել է տալիս Փիլիպպոսին: Նրանց ընտանիքը տեղափոխվում է Հռոմ, ուր քրիստոնյա լինելու պատճառով ձերբակալվում են: Քրիստոսի Ծննդյան տոնին Եվգինեին գլխատում են: Քիչ անց, նահատակության փառապսակն է ընդունում նաև նրա մայր Կղոդիան:

 

Քրիստոնեության արագ տարածումը հատկապես հռոմեական կայսրության սահմաններում արդեն երկրորդ դարից անհանգստացնել է կայսրերին: Հրապարակվեցին կայսերական հրովարտակներ, որոնցով հրահանգվում էր կամ հեթանոսության դարձնել քրիստոնյաներին կամ էլ հալածել մինչև մահ:

Հալածանքների այդ ժամանակաշրջանում բազմաթիվ քրիստոնյաներ նախընտրում էին մեռնել, քան ուրանալ Քրիստոսին: Եկեղեցին մեծապես գնահատում է հանուն Քրիստոսի այդ մարդկանց կրած չարչարանքները, նրանց համարձակությունն ու հավատը: Այդպիսի վկաներ են Հուլիանոս Ուրացող կայսեր օրոք նահատակված Եվգենիոսն ու Մակարիոսը, Դիոկղետիանոս և Մաքսիմիանոս կայսրերի օրոք նահատակված Վաղերիոսը, Կանդիտոսն ու Ակյուղասը: Տոներ կարգելով ի հիշատակ այդ նահատակների, Եկեղեցին ուսուցանում է հավատացյալներին հավատարիմ մնալ Քրիստոսին նույնիսկ ամենադժվարին պայմաններում:

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․