Ս. Անաստաս քահանան († 628) նահատակվել է Պարսկաստանի Խոսրով Բ արքայի կողմից: Նա ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ քաղաքից, ավազանի անունը՝ Մակունդատ: Երբ 614թ. պարսիկները գրավում են Երուսաղեմը և Քրիստոսի Սուրբ Խաչը գերի տանում Պարսկաստան, նա՝ որպես պարսկական բանակի զինվոր, տեսնելով Տիրոջ Սուրբ Խաչի միջոցով կատարվող հրաշքները, դարձի է գալիս: Ապա նա Երուսաղեմ է գնում, մկրտվում Մոդեստ պատրիարքի կողմից` վերակոչվելով Անաստաս, և որպես վանական մտնում է Ս. Սաբա վանք: Քարոզության առաքելությամբ նա, Պաղեստինյան Կեսարիա գնալով, որը պարսիկների իշխանության ներքո էր, մոգերի է հանդիպում և փորձում նրանց քրիստոնյա դարձնել, սակայն ձերբակալվում է: Պարսից Խոսրով արքան խոստանում է ազատել նրան, եթե թեկուզ մեկ մարդու մոտ ձևական հրաժարվի Քրիստոսից, բայց ի պատասխան լսում է սրբի ազդու խոսքը. «Ոչ ոքի առջև, ոչ ուրիշի, ոչ բացահայտ, ոչ գաղտնի, ոչ խոսքով, ոչ մտքով, ոչ անգամ քնի մեջ ես չեմ ուրանա իմ Փրկչին»: Նրան տանում են Պարսկաստան և կտտանքների ենթարկելով՝ գլխատում 70 այլ քրիստոնյաների հետ: Հերակլ կայսեր (610-641) օրոք նրա մասունքները տեղափոխվում են Կ.Պոլիս և Հռոմ: Ս. Վարոսը հռոմեացի զինվոր էր, որ ծառայում էր Եգիպտոսում Մաքսիմինոս կայսեր օրոք: Երբ յոթ մենակյացները ձերբակալվում և բանտարկվում են, նրանցից մեկը մեռնում է նույն գիշեր, և Վարոսը մեռնողի տեղն է գրավում, որպեսզի ինքն էլ մարտիրոսանա, ինչի համար դատավորը, զայրանալով, չարաչար տանջանքների ենթարկելով, սպանում է նրան: Ս. Թեոդիտեն ու նրա որդիները նահատակվել են Դիոկղետիանոս կայսեր օրոք շուրջ 304թ.: Թեոդիտեն այրի բարեպաշտ կին էր, որ բնակվում էր Մակեդոնիայում իր երեք զավակների հետ, ում դաստիարակել էր քիստոնեական ոգով: Հեթանոս ազնվականներից մեկը, սիրահարվելով նրան, ամուսնության առաջարկ է անում, սակայն մերժվում է: Այս բանի համար նրա աչքի առաջ զավակներին չարաչար տանջում են, որոնք սակայն, քաջաբար դիմանում են և չեն ուրանում իրենց հավատը: Ի վերջո, բոլորին կրակն են նետում: