30 Նոյեմբեր, Շբ
23 Հունվար, Բշ Սուրբ Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի և սուրբ վկաներ՝ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր
Սուրբ Կիրակոս մանուկ
Նրա մոր՝ Հուղիտայի նահատակությունը տեսանք (գլուխ Դ, թիվ 20), որից ինչպես մարմնով և հոգով է անբաժան նրա հարազատը՝ Կիրակոս Մանուկը, նույնպես նահատակությամբ: Նրա մորը դատող և դատապարտող դատավորը, նրան սիրաշահելու մտադրությամբ փաղաքշում էր Կիրակոսին, սակայն մանուկը շարունակ մոր բառերն էր կրկնում. «Ես քրիստոնյա եմ և Քրիստոսին եմ պաշտում», և ինքն իր հերթին ստիպում էր դատավորին, որ ինքն էլ միանա իր չարչարվող մորը: Այդ ժամանակ դատավորը Կիրակոս Մանուկին դատարանի սանդուղքներից վայր նետեց, որի հետևանքով գլուխը ջախջախվեց և հոգին թևածեց դեպի երկինք, Բեթղեհեմի Անմեղների խմբին խառնվելու համար:
Եկեղեցին Ս. Կիրակոսին պատվել է՝ նրան նվիրելով հատուկ շարական:
Կիրակոս մանկան մայր Հուղիտա
Մի գոնեացի աստվածասեր այրի կին էր, միակ երեք տարեկան Կիրակոս անունով արու զավակով: Երբ իր բնակության շրջանում հալածանքները սաստկացան՝ տեղափոխվեց Տարսոն: Սակայն այստեղ էլ էին տարածվել հալածանքնեը, ուստի ձերբակալվեց, ատյան տարվեց և սոսկալի չարչարանքների ենթարկվեց: Կիրակոս մանուկը, տեսնելով մոր չարչարանքները, ճչում և լաց էր լինում և դատավորի ցուցաբերած փաղաքշանքներին հակառակ, կրկնում էր այն, ինչ նրա մայրն էր ասում. «Ես քրիստոնյա եմ և Տեր Հիսուսին եմ պաշտում»: Ձգտում էր ազատվել և մոր մոտ գնալ: Վերջ ի վերջո ձեռքերով և ոտքերով այնքան հարվածեց ու նեղեց դատավորին, որ վերջիս, բարկացած, սանդուղքներից վայր նետեց նրան և փոքրիկի գլուխը դիպչելով քարերին՝ ջախջախվեց և մահացավ: Հուղիտան Աստծուն փառք տվեց, որ իրենից առաջ իր հոգեհատորն արժանացավ նահատակության պսակին: Ապա քաջարի մորը ենթարկեցին ահավոր չարչարանքների, որոնց տոկաց հիանալի համբերությամբ: Ի վերջո նահատակվեց գլխատումով 305թ.-ին:
Գորդիոս Հայրապետ
Մի Կեսարացի հարյուրապետ, որը քրիստոնյա ծնողների զավակ էր և պաշտոնավարում էր Դիոկղետիանոս կայսեր օրոք, կայսերական բանակում: Սակայն տեսնելով, որ օրըստօրե բազմաթիվ մարդիկ չարչարանքների են ենթարկվում և ինքը ոչինչ չի կարող անել նրանց օգնելու համար, ժամանակի ոգուն և մտայնությանը հետևելով, որոշում է աշխարհի չարիքներից և փորձություններից հեռանալով՝ առանձնանալ անապատում և ամբողջովին աստվածային կյանքին նվիրվել: Դիոկղետիանոսի և նրա հաջորդների հալածանքները հազիվ էին վերջացել, երբ Լիկիանոս կայսրը վերսկսեց հալածանքները: Այդ ժամանակ Գորդիոսը, աստվածային նախանձախնդրությամբ այրված, իր քաղաքը՝ Կեսարիա, իջավ և հեթանոսական մի տոնակատարության ընթացքում, երբ քաղաքի մեծամեծերը և ամբողջ բնակչությունը հավաքվել էր թատրոնում, առաջ եկավ և հայտարարելով իր քրիստոնյա լինելը՝ սկսեց քարոզել ճշմարտությունը: Իշխանը հրամայեց ձերբակալել և բանտ նետել նրան: Հաջորդ օրը հրամայեց նրան, որ կուռքերին զոհ մատուցի: Գորդիոսը պատասխանեց, որ նախնտրում է պաշտել երկնավոր Թագավորին և հավիտենական ու անմահ կյանքի արժանանալ, քան թե անմռունչ կուռքերին զոհ մատուցելով՝ անցավոր պատիվների տիրանալ: Բազում և ծանր չարչարանքների ենթարկվեց, որոնց բոլորին տոկաց զարմանալի համբերությամբ: Վերջ ի վերջո, կրակով մահվան դատապարտվեց և հոժարակամ կրակը մտավ և աղոթելով ու Աստծուն օրհնելով՝ ավանդեց իր հոգին, 320 թ.-ին: Քրիստոնյաները, հավաքելով նրա ոսկորները, պատվով թաղեցին: Տարիներ հետո Բարսեղ Հայրապետը նրա շիրիմի վրա եկեղեցի կառուցեց և սուրբ զորավարի հիշատակին նվիրված մի հոյակապ ներբող արտասանեց:
Պողիկտոս
Դեկոս կայսեր օրոք, մի մալաթիացի ազնվական զորապետ էր, հավանաբար՝ հայ: Հռոմեացի կառավարիչ Ֆելիքսի դստեր՝ Պավլինեի հետ ամուսնանալով՝ փեսայացել էր նրան: Սերտ բարեկամական կապեր ուներ նույն քաղաքում պաշտոնավարող ոմն Ներարխոն զորավարի հետ, որը քրիստոնյա էր: Նրանից քրիստոնեական կրոնի վերաբերյալ ամեն անհրաժեշտ բաները սովորելով՝ կատարելապես համոզվեց, որ այն անհունորեն ավելի բարձր է, քան իրենց կռապաշտությունը: Թեև դեռ չէր մկրտվել, բայց քրիստոնեական կյանքով էր ապրում:
Դեկոս կայսեր հալածանքների հրովարտակը նաև Մալաթիա հասավ: Երբ հրովարտակը հրապարակում, կուռքերի առջև կարդացվեց, Պողիկտոսը, աստվածային նախանձախնդրությամբ լցված, ընթերցողի ձեռքից խլեց հրովարտակը, պատռեց, գետին նետեց և հատուկ երկրպագության համար հրապարակ բերված կուռքերն ավերելով, ամենքի դեմքին գոչեց՝ ասելով. «Եթե ես՝ մահկանացու մարդս, կարող եմ այս անմռունչ աստվածներ կոչվածներին ոչնչացնել, ապա նրանք ինչպես կարող են մեր փրկիչները և աստվածները լինել: Մեկ է աշխարհի Բարերարը՝ ճշմարիտ Աստվածը, որը ստեղծել է երկինքն ու երկիրը, մեկ է Փրկիչը, նույն ինքը Հիսուս Քրիստոսը, Որը բոլորիս մեղքերի համար տվել է իր կյանքը և հարություն առել»: Բոլորը սահմռկեցին, Ֆելիքս դատավորը զայրանալով ասաց. «Քո այս ամբարիշտ արարքները և հանդուգն խոսքերը բավական են, որ այս վայրկյանին մահվամբ պատժվես, բայց հանուն կայսեր, իմ, կնոջդ և զավակներիդ՝ զղջա ասածիդ համար և վերադարձիր հայրերիդ կրոնին, և ներման պիտի արժանանաս»: Պողիկտոսը մինչև իսկ իր կնոջ թախանձանքների հանդեպ անդրդվելի մնաց, որը ծնկաչոք աղաչում էր, որ իրենից և իր զավակներից հեռու տաներ այդ անարգանքը: «Այլևս աշխարհի հետ ոչ մի կապ չունեմ, իմ համար Քրիստոս ամեն ինչ է և Նրա համար մեռնելը՝ փառք, ես երկնավոր Թագավորի զինվորն եմ և պատրաստ եմ արյունս թափել Նրա համար»: Երբ Ֆելիքսը տեսնում է, որ նրան դարձի բերելու բոլոր փորձերը ապարդյուն են՝ մահվան վճիռ է արձակում: Երբ գլխատվելու էր տարվում՝ Նեարխոնը մոտենալով ողջագուրվում է և ասում. «Երկրի վրա միասին էինք, երկնքում նույնպես անբաժան պիտի մնանք, նահատակությամբ քեզ պիտի հետևեմ այնպես, ինչպես դու ինձ հետևեցիր քրիստոնեությամբ»: Թեև Պողիկտոսը մկրտված չէր, բայց իր արյան հեղումը նրա համար մկրտություն համարվեց և գլխատմամբ իր կյանքը կնքեց հանուն Քրիստոսի սիրո և հռչակավոր նահատակ դարձավ, որի անունով հետագայում Մալաթիայում կառուցված եկեղեցին մեծ ուխտատեղի դարձավ: Որոշ ժամանակ հետո նաև իր սիրելի բարեկամը՝ Նեարխոնն էլ նահատակվեց, որը մեր հայսմավուրքներում ընդգրկված է հունվարի 9-ին, Պողիկտոսի հետ:
Գրիգորիս Ռաժիկ ✝548
Ազգությամբ պարսիկ, Ռաժիկ ցեղից, Մանաճիհր անվամբ, Հայաստան էր գաղթել Զ դարի առաջին կեսերին, և հաստատվել էր Դվին քաղաքում, Մժեժ Գնունի հայ Մարզպանի օրոք: Այստեղ վերահասու եղավ քրիստոնեության ճշմարտությանը և վեհությանը, հավատաց և մկրտվեց՝ ստանալով Գրիգորիս անունը: «Մի զվարթասիրտ մարդ էր, Ս. Հոգով լցված, եռում էր աստվածապաշտությամբ և օրինակելի էր իր առաքինի վարքով» (Լիակատար):
Քրիստոնեական կատարելության մեջ ավելի առաջադիմելու ձգտումով վանք մտավ և կրոնավորի աստիճան ստացավ: Այստեղ նրան հյուրընկալի պաշտոն տվեցին: Բոլորին սրտանց ծառայելու պատրաստակամությամբ և բարությամբ գրավեց բոլոր վանք այցելողների սրտերը, նրա հռչակը բոլոր կողմերն այն աստիճան տարածվեց, որ վանքը սկսեցին իր անունով կոչել՝ Գրիգորիս Ռաժիկի վանք:
Քանի դեռ Հայոց մարզպանը Մժեժ Գնունին էր՝ երկիրը խաղաղության մեջ էր, թե՛ քաղաքական և թե՛ կրոնական հողի վրա: Սակայն 548 թ.-ին, նրա մահվանից հետո, պարսից շահը Հայաստանի վրա մարզպան նշանակեց Դենշապուհ Պարսիկին՝ «Կռամոլ և ժանտ մարդ«, որը Հայաստանում կրակապաշտությունը տարածելու համար իր հետ մոգեր էր բերել, «Քրիստոնյաներին ստիպում էր կրակապաշտություն ընդունել, և շատերը հավատքի համար նահատակվեցին»:
Երբ տեղեկացավ, որ Գրիգորիս Ռաժիկը նախկինում պարսիկ է եղել և կրոնով էլ կրակապաշտ, իր մոտ հրավիրեց նրան և հորդորեց, որ իր նախկին կրոնին վերադառնա: Երբ Գրիգորիսը մերժում է, սովորության համաձայն, արիական կամքը և համարձակ դիմադրությունը կոտրելու համար, նախ սաստիկ տանջանքների ենթարկեց նրան, ապա բանտարկեց: Երբ անհնար եղավ նրան կրակապաշտության բերել, սրով գլխատելու հրաման արձակեց: Գրիգորիսը զվարթ տրամադրությամբ ընդունեց վճիռը և ուրախությամբ նահատակվեց, ըստ Օրմանյանի 549 թ.-ի, ըստ Լիակատարի 551 թ.-ի հունվարի 2-ին, Դվինում:
Մենք նրա հիշատակը տոնում ենք Կիրակոս Մանկան, նրա մայր Հուղիտայի, Գորդիոսի և Պողիկտոսի հետ; Երբ տարեգիրը Ա-Խ է հիշատակվում է Վարդավառին հաջորդող երկուշաբթի, երեքշաբթի, կամ հինգշաբթի օրերից մեկում, իսկ եթե տարեգիրը Ծ-Ք է հիշատակվում է ութօրեքին հաջորդող առաջին, կամ երկրորդ կիրակիին հաջորդող երկուշաբթի, երրեքշաբթի, կամ հիգշաբթի օրերից մեկում: Այս բոլոր ճշտումները կատարվում են տոնացույցի երկրորդ հատորի ցուցումների համաձայն:
«Հայազգի Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը