30 Նոյեմբեր, Շբ
25 Մարտ, Շբ, Մեծ պահքի ԼԴ օր Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օր
Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ և նահատակությամբ արգասավորվեց հայրենի հողը: Առաքյալները ժողովրդի բոլոր խավերին անխտիր քարոզեցին՝ պալատականներից մինչև ամենախոնարհ դասակարգերը: Ուստի նրանք, ովքեր իրենց հոգում ընդունեցին երկնավոր լույսը, չէին վախենում և սոսկում թագավորի խիստ ու սպառնալից հրովարտակներից:
Քրիստոնեությունը, որ եկել էր հիմնվելու բարոյականության և պատվի վրա, քրիստոնյա նորադարձ հավատացյալների մաքուր կենցաղի ու վարքի և ամուր նկարագրի շնորհիվ հիացում էր արթնացնում հեթանոս մարդկանց շրջանում, և թերևս այս էր հիմնական պատճառը, որ քրիստոնեությունը շատ արագ տարածվեց Հայաստան աշխարհում:
Ինչպես Քրիստոս ասաց. «Չկա ծածուկ բան, որ չհայտնվի, ոչ էլ գաղտնի բան, որ երևան չգա» (Մարկոս 4:22), այդպես էլ քրիստոնեությունը չէր կարող երկար ժամանակ ծածուկ մնալ ու գաղտնի գործել, մանավանդ, որ հողը պատրաստ էր, ճրագը արդեն իսկ վառված, միայն թե այդ լույսը համարձակ դուրս բերող էր պետք: Այդ մեկը եղավ Սբ. Գրիգոր Լուսավորիչը՝ տասնչորսերորդ առաքյալը, ով լուսավորեց Հայաստան աշխարհն ու հայ ժողովրդին՝ դառնալով «Լուսավորիչ հոգիների»:
Քաղաքական կացությունը
Մինչև երրորդ դար Պարսկաստանում և Հայաստանում իշխող թագավորները Պարթևների տոհմից էին: Սակայն 226 թվականին Արտաշիր Սասանյան իշխանը կարողացավ տիրանալ պարսկական գահին և սկսեց կոտորել Պարթևների տոհմը:
Արտաշիրը կոտորեց ոչ միայն Պարսկաստանի Պարթևներին, այլև որոշեց ոչնչացնել նաև հայ Պարթևների սերունդը: Այդ նպատակով Հայաստան ուղարկեց Անակ անունով Պահլավունի իշխանին, որպեսզի նա դավադրությամբ սպանի հայոց Խոսրով թագավորին:
Խոսրով արքան սիրով ընդունեց Անակին: Փախստականի դիմակ հագած՝ վերջինս իր ամբողջ ընտանիքով հաստատվեց թագավորի արքունիքում: Մինչ այդ էլ Խոսրովն ընդունել էր Պարթև իշխանների, ովքեր Արտաշիրից հալածված, ապաստան էին խնդրել իրենից:
Անակ Պարթևը Հայաստանում
Պարթև փախստականները Հայաստանում ունեցան իրենց անդրանիկ արու զավակին: Նրան կոչեցին Սուրեն, որ իրենց ցեղանունն էր: Փոքրիկը հանձնվեց Սոփիա անունով քրիստոնյա մի կնոջ խնամքին: Սոփիան Կեսարացի էր, Եվթաղիոս անունով ազնվականի քույրը, որ ամուսնացած էր Պարսիկ Բուրդարի հետ: Սոփիան ոչ միայն ստնտուն, այլ նաև առաջին դաստիարակը դարձավ արթուն Սուրենի:
Շուրջ երկու տարի Անակն իր ընտանիքով ապրեց թագավորի հովանավորությամբ՝ սպասելով հարմար առիթի կատարելու իր չար մտադրությունը: Այդ առիթը ներկայացավ, երբ նա իր եղբոր հետ որսորդության ժամանակ ուղեկցում էր Խոսրովին, հարմար պահ ընտրելով, սրով սպանեցին թագավորին ու փախուստի դիմեցին:
Ոճիրը չմնաց անլուր: Խոսրովը մահամերձ վիճակում հրամայեց ոչնչացնել Անակի ամբողջ ազգատոհմը: Հրամանը իսկույն գործադրվեց: Դայակների օգնությամբ սպանությունից փրկվեցին միայն երկու մանուկներ: Նրանցից մեկը Սուրենն էր, որ փախցրեցին Կեսարիա: Այնտեղ, նրան մկրտելով, վերակոչեցին Գրիգոր:
Պարսկաստանի Արտաշիր թագավորը, երբ լսեց Խոսրովի սպանության լուրը, անմիջապես եկավ Հայաստան: Վրեժխնդրությամբ լցված՝ նա սպանել տվեց Խոսրով Պարթևի ողջ
գերդաստանը: Ազատվեցին միայն Տրդատ անունով մի փոքրիկ և նրա քույրը՝ Խոսրովիդուխտը: Փոքրիկ թագաժառանգին հայ նախարարներից՝ նրա խնամակալ Արտավազդ Մանդակունին փախցրեց Հռոմ:
Պարթևական տոհմի բնաջնջումից հետո Հայաստանն ընկավ Սասանյան պարսիկների տիրապետության տակ:
Զարմանալի կյանք
Կեսարիան հայտնի էր իբրև քրիստոնեության նշանավոր կենտրոններից մեկը: Այս կրոնական միջավայրում Գրիգորը քրիստոնեական դաստիարակություն ստացավ: Իր կրթության մեջ կարևոր դեր ստանձնեց Փիրմիլիանոս եպիսկոպոսը, որը այդ ժամանակԿեսարիայի եկեղեցու առաջնորդն էր: Գրիգորը թրծվում էր քրիստոնեական ոգով: Իր ուսումնասիրության գլխավոր առարկաներն էին Աստվածաշունչը, քրիստոնեական կրոնի բարոյական սկզբունքներն ու հավիտենական ճշմարտությունները: Տիրապետում էր հելլեն լեզվին ու մշակույթին: Իր պատկառելի հասակի հետ աճում էին նաև իր հոգևոր շնորհները: Ի ծնե օժտված էր առաքինական ձիրքերով: Քրիստոնեական ոգին մշակեց այդ ձիրքերը, և դարբնեց նրա մեծ նկարագիրը: Պահպանելով կապը Կեսարիայի հայ ընտանիքների հետ՝ Գրիգորը կարողացավ պահել ու զարգացնել հայ լեզուն:
Գրիգորը գիտեր իր ծագումը: Հայրենասիրական զգացումն էր կապում իրեն այն երկրին, որտեղ ծնվել էր և իր մանկության սկզբնական տարիներն էր անցկացրել: Աստիճանաբար այն զորանում էր իր մեջ և դառնում քրիստոնեական գիտակցություն՝ մղելով իրեն քավելու իր ապերախտ հոր ոճիրը: Եվ պատեհ առիթը չուշացավ:
Գրիգորը 22 տարեկանում ամուսնացավ Մարիամ անունով մի աղջկա հետ, որի եղբայրը նշանավոր Աթանագինեսն էր, Սեբաստիայի քորեպիսկոպոսը: Զույգը բախտավորվեց երկու զավակներով՝ Արիստակես և Վրթանես, որոնք ապագայում իրենց հոր արժանի գործակիցն ու հաջորդը եղան:
Սակայն այս ամուսնությունը երկար չտևեց: Գրիգորը, տերունական կենարար խոսքի քարոզչության եռանդից մղված, իր կնոջ՝ Մարիամի փոխադարձ համահաճությամբ, թողեց ընտանեկան կյանքը: Վճռական այս քայլը արհամարհանք չէր տան կամ ընտանիքի հանդեպ, ոչ էլ ամուսնալուծում, այլ ընդհակառակը, մաքուր սիրո ծայրագույն ինքնազոհողության ոգի, որ զույգ սրտերը իրար էր կապում ներդաշնակորեն:
Երկու որբերի հանդիպումը
Հռոմեական սահմաններում Գրիգորը հանդիպեց և մտերմացավ Տրդատի հետ: Այս հանդիպումն ու մտերմությունը ապագայում իրենց պատմական ուրույն նշանակությունը պիտի ունենային Հայաստանի քաղաքական և կրոնական վերածնության մեջ: Հռոմում Խոսրով թագավորի արժանավոր զավակը գերազանցում էր բոլորին իր մտավոր և ֆիզիկական կարողություններով: Այստեղ նա զինվորական կրթություն ստացավ և ցուցաբերեց ուժի արտակարգ ընդունակություններ՝ զինավարժության, ձիավարության և ըմբշամարտության ասպարեզում: Կարճ ժամանակում շնորհիվ իր զարմանալի արտակարգ ուժի և պատերազմներում ցուցաբերած հանդուգն քաջագործությունների, նա գրավեց կայսրերի ուշադրությունն ու համակրանքը:
Հռոմեական զորքի օժանդակությամբ 287 թ-ին Տրդատ արքային վերջնականապես հաջողվեց վերագրավել պապենական գահը: Պատերազմական այս գործողությունների ընթացքում Գրիգորը Տրդատի քարտուղարն էր: Նա իր քարտուղարի հմտությամբ և մաքուր նկարագրի տոկունությամբ դարձել էր Տրդատ արքայի սիրելի ու հավատարիմ գործակիցը: Վերջինս շատ հաճախ էր նրա հետ խորհրդակցում քաղաքական հարցերի շուրջ: Այս ասպարեզում նրանք որքան մտերիմներ ու գործակիցներ էին, այնքան էլ կրոնական ասպարեզում շատ ավելի հեռու էին իրարից: Հավատքի մեջ անանցանելի վիհ կար նրանց հոգիներում. մեկը՝ քրիստոնեական դաստիարակությամբ թրծված, մյուսը՝ հեթանոսական կրթությամբ: Տրդատը հավատարիմ ու պաշտպան էր իր հայրերի աստվածներին և թշնամի՝ քրիստոնեության, իսկ Գրիգորը հավատարիմ ու պաշտպան էր տիեզերքի միակ ու ճշմարիտ Աստծուն: Երկու հակադիր ուժեր չէին կարող կողք-կողքի հաշտ ու համաձայն ապրել, այլ անպայման իրար պիտի բախվեին, և այդ բախումն է, որ պիտի ցնցեր արքունական կյանքը՝ բարերար ազդեցություն դառնալով հայոց ազգի համար:
Դեմ առ դեմ
Երբ Տրդատը հաղթականորեն մտավ Հայաստան, դեռ մայրաքաղաք չհասած, Եկեղյաց գավառի Երիզա ավանում Անահիտ դիցուհու մեհյանում մեծ հանդիսություն կազմակերպեց: Սեղանակիցներից էին նաև արքայաքույր Խոսրովիդուխտը և Գրիգորը: Զվարթ խոսակցությանը հաջորդեց տխուր տեսարան:
Տրդատը վեճի բռնվեց Գրիգորի հետ: Հրամայեց, որ Գրիգորն էլ հաղթանակի պսակ նվիրի Անահիտին: Գրիգորը, որ տարիներ շարունակ աներեր հավատարմությամբ և սիրով ծառայել էր Տրդատին, առաջին անգամ չկատարեց հայոց արքայի հրամանը՝ հավատարիմ մնալով իր ճշմարիտ ու աշխարհաստեղծ Աստծո հանդեպ ունեցած կատարյալ հավատին և նվիրումին: Տրդատը իր հրամանը պնդեց նախ խոսքով, հորդորով, ապա՝ տանջանքով: Սակայն ապարդյուն: Գրիգորը անդրդվելի էր. Տրդատը ստիպում էր, նա՝ մերժում: Սպառնալիքը փոխվեց գործի: Այդժամ Տրդատը իմացավ, որ Գրիգորն իր հորը սպանող Անակի որդին է: Անսպասելի գույժը կրկնապատկեց Տրդատի՝ Գրիգորի հանդեպ ունեցած զայրույթը, և արքան այդ ծանր հանցանքի համար հրամայեց Գրիգորին նետել Արտաշատի մահապարտների համար սահմանված ստորերկրյա բանտը: Այդ վիրապում նա մնաց տասներեք տարի: Բանտարկության բոլոր տարիներին Աստված չլքեց ու միայնակ չթողեց Գրիգորին՝ զգալ տալով Իր հուսատու և փրկիչ ներկայությունը, առանց որի անհնար պիտի լիներ ողջ մնալ թունավոր սողունների, ցրտի ու խոնավության մեջ: Նա հիանալի համբերությամբ և հաստատակամությամբ տարավ բոլոր չարչարանքները:
Երկնային լույսով լուսավորված
Գրիգորին պատժելուց հետո, Տրդատ թագավորը հրովարտակով արգելեց քրիստոնեությունը և հալածանք սկսեց քրիստոնյաների դեմ: Այդ ժամանակ շատերը նահատակվեցին հանուն հավատքի: Նրանց թվում էին Սբ. Հռիփսիմյանց կույսերը: Այս դեպքերից հետո թագավորը հիվանդացավ խոզակերպ հիվանդությամբ: Խոր տրտմության այդ օրերին արքայի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ տեսավ, որ Տրդատին կարող է բժշկել միայն վիրապում գտնվող Գրիգորը:
Խոր Վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի լույսը տարածեց հայոց աշխարհում՝ դառնալով պետականորեն ճանաչված Հայ եկեղեցու առաջին հովվապետը: Հայոց արքունիքն ու նախարարները իրենց գլուխն են խոնարհում Քրիստոսի կենարար խաչի առաջ և դառնում Լուսավորչին լծակից:
Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու օրը Հայ եկեղեցին հիշատակում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը:
Սբ. Գրիգոր Լուսավորիչը բացառիկ մեծ հարգանք և սեր է վայելում ոչ միայն հայ եկեղեցու, այլ նաև քրիստոնյա մյուս եկեղեցիներում: Նրա հիշատակը, իբրև համաքրիստոնեական սրբի, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները:
Սբ. Հովհան Ոսկեբերանը Լուսավորչին անվանում է «մեր աստվածազգյաց հոգևոր հայր», «հովիվ ու վկա», որն իր կատարած անանց և հավիտենականին պատկանող գործով «իրոք արժանացավ երջանիկ կյանքի», ուր Տիրոջ մշտատես ներկայությունն է, ուր հրեշտակների կայանն է, ուր խոստացված հավիտենական երջանկության վայելքն է:
Լուսավորիչը վիրապի անլույս խավարի մեջ լույս էր. տառապանքների գբի մեջ փայլում էր այնպես, ինչպես աննկուն էր իր չարչարանքների մեջ, որովհետև նրա համար անզուգական փառքը Կենարարի համար չարչարվելն էր, ինպես որ խաչը գերագույն պարծանք էր երանելի Պողոս առաքյալի համար. տկարությունը՝ զորություն, խոնարհությունը՝ բարձրություն: Այս ամենով էր պայմանավորված Լուսավորչի դերը, որ կարողացավ, ինչպես Ոսկեբերանն է ասում, հեթանոս մի ժողովրդի «սրտի կարծրացումը կրակի բարկությամբ կակղեցնելով» դեպի փրկություն առաջնորդել, հային տանել անմահության ճանապարհով, որին կոչված է նա ի վերուստ, շնորհիվ առաքելահաստատ մեր եկեղեցու կամարներից առ Աստված բարձրացող աղոթքների:
Կազմեց Կարինե Սուգիկյանը