26 Մարտ, Քառասնորդական պահքի Զ կիրակի Գալստյան կիրակի

Քառասնորդական պահքի վեցերորդ կիրակին նվիրված է Հիսուս Քրիստոսի գալստյանը: Այս կիրակիի ընթացքում եկեղեցին վերհիշում է նախ Փրկչի առաջին գալուստը, ապա անդրադառնում երկրորդ գալստյան խորհրդին: Այսօր հիշատակությունն է մեծագույն գալուստը Ամենամեծի, քանի որ այդ գալստյամբ Նա «փրկեաց զմեզ ի մահուանէ, փրկեաց զհոգիս ի տանջանաց դժոխոց» (Գրիգոր Տաթևացի):

Քրիստոս Իր երկրորդ գալուստը անվանել է «վերջին օրը» (Հովհաննես 6:39), «դատաստանի օր» (Մատթեոս 11:22-24), «Իր գալստյան օրը» (Ղուկաս 17:24), իսկ Պողոս առաքյալը անվանել է «Աստծո բարկության օր» (Հռոմեացիներ 2:5):

Երբ առաքյալները հարցրեցին Քրիստոսին, թե՝ «Ասա՛ մեզ, վարդապե՛տ, ե՞րբ կլինի այդ և ինչպե՞ս կկատարվի»: Հիսուս նրանց պատասխանեց. «Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները, ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը»: Ավետարանում Քրիստոս երկրորդ գալստյան անսպասելի լինելը նմանեցնում է գողի կերպարին, որ հայտնվում է միշտ հանկարծակի և գիշերով (Մատթեոս 24:45), իսկ Պողոս առաքյալն էլ ցույց է տալիս, որ՝ «…գողը գալիս է չսպասված ժամին, այնպես էլ Տիրոջ օրը չսպասված ժամին կգա» (Ա Թեսաղոնիկեցիներ 5:2):

Ավետարանում նկարագրվում է, թե ինչպես կկատարվի Քրիստոսի երկրորդ գալուստը. «Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, և լուսինն այլևս չի փայլի. աստղերը կընկնեն երկնքից, և երկնային մարմինները կսասանվեն: Ապա Մարդու Որդու նշանը կերևա երկնքում, և աշխարհի բոլոր ժողովուրդները կողբան, երբ տեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է ամպերի վրա բազմած՝ զորությամբ և մեծ փառքով: Եվ երբ մեծաձայն փողը հնչի, նա իր հրեշտակներին կուղարկի, որպեսզի հավաքեն իր ընտրյալներին աշխարհի չորս կողմերից՝ երկնքի մեկ ծայրից մինչև մյուսը» (Մատթեոս 24:29-31):

«Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի Տերը, երբ գա» (Ղուկաս 12:37):

Իր երկրորդ գալստյան առթիվ Հիսուս Քրիստոս կոչ է անում հետևել այդ ծառաների օրինակին: «Նման եղեք այն ծառաներին, որոնք սպասում են, որ իրենց տերը հարսանիքից վերադառնա, որպեսզի երբ գա և բախի դուռը, նրանք իսկույն բաց անեն» (Ղուկաս 12:36), քանի որ Տիրոջ գալուստը անհայտ է և մշուշով պատված:

Քրիստոս Իր առաջին գալուստով եկավ որպես Փրկիչ, քանդեց դժոխքի կապանքները և բացեց դրախտի դռները, իսկ երկրորդ գալուստով պիտի մեղավորներին դատի և արդարներին Երկնքի Արքայությանն արժանացնի: Եվ ինչպես «Հավատո հանգանակ»-ում է ասվում «գալու է նույն մարմնով ու Հոր փառքով՝ դատելու ողջերին ու մեռածներին»:

Գալստյան կիրակիի օրվա շարականում հիշվում է, թե ինչպես Փրկիչը Իր գալստյան խորհուրդը նախապես հայտնեց մարգարեներին, և նրանք ահով լցված, խոսեցին օրինակներով:

Կարևոր է, որ մարդիկ գիտակցեն Քրիստոսի առաջին գալստյան ընծայված պարգևը և հատկապես Գալստյան կիրակիի օրը խորհրդածեն Քրիստոսի երկրորդ գալստյան մասին: Ուստի յուրաքանչյուր քրիստոնյա իր լուսավոր գործերով, հարատև աղոթքով, պահքով, աստվածային պատվիրանների կատարմամբ, Քրիստոսի խոսքին հնազանդ պատրաստվի դիմավորելու «Տիեզերաց իշխանին»:

«Պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասի, կգա Մարդու Որդին» (Ղուկաս 12:40):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․