8 Ապրիլ, Շբ, Պահք Ավագ Շաբաթ. Ճրագալույց Սուրբ Զատկի

Հինգ տաղավար տոներից Սուրբ Զատիկը քրիստոնյայի կյանքում կարևոր և մեծագույն տոն է: Այն մեծ ուրախությամբ նշվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից ի վեր, որը Քրիստոսի կողմից մեզ պարգևած հաղթանակն է. Նա Իր մահով ջախջախեց մահը:

Ավագ Շաբաթը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց ժամանակավոր ու ապականության ենթակա աշխարհը, իսկ յոթերորդ օրը՝ սրբերի հանգիստը: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ:

Վեցերորդ ժամանակաշրջանում Փրկիչը եկավ կամավորապես չարչարվելու: Այս մեծախորհուրդ շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում (Մատթեոս 27:57-61): Այս օրը Հիսուսը մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքը, ավերեց և բացեց հանգստյան տունը՝ Դրախտը:

Իսկ յոթերորդ ժամանակաշրջանի հասնելուն պես Տերը կրկին պիտի գա և արդարներին շնորհի աշխարհի սկզբից նրանց համար պատրաստված Արքայությունը՝ հավիտենական հանգիստը: Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրը Ավագ Շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ Ուրբաթ երեկոյան:

Իսկ Ավագ Շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Սուրբ Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա Հարությունը մեռելներից:

Անդրադառնալով ճրագալույցի Պատարագին՝ նշենք, որ ճրագալույց նշանակում է ճրագը վառել: Հնում ամեն կիրակի երեկոյան ձեթ էին լցնում կանթեղների մեջ և վառում: Հետագայում, սակայն, ճրագալույց սկսեցին անվանել երեկոյան Պատարագը, որը մեր եկեղեցում կատարվում է բացառապես Սբ. Ծննդյանը և Սբ. Հարությանը նախորդող երեկոյան:

Սբ. Զատկի ճրագալույցի Պատարագի ավարտին պատարագիչ քահանան Սուրբ Սեղանը սպասավորող սարկավագների ու դպիրների ուղեկցությամբ՝ մոմերով, բուրվառով, հարության պատկեր խաչվառով, քշոցներով ու ծնծղաներով հանդիսավոր թափոր կազմած իջնում է խորանից և ատյանում կատարվում է նախատոնակի արարողություն: Ավետարանի ընթերցումից հետո հանդիսապետ հոգևորականը «Այսօր հարյաւ» և «Քրիստոս հարյաւ» շարականների, տաղերի ու հոգևոր երգերի երգեցողության ներքո բուրվառով խնկարկում է եկեղեցում հավաքված հավատացյալներին և ի լուր ամենքի հնչեցնում է կյանք պարգևող ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Եվ եկեղեցին՝ Քրիստոսի Հարության ուրախությամբ որպես մեկ ամբողջություն, ի պատասխան հնչեցնում է «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Սուրբ Հարության ավետիսով ավարտվում է 48 օր առաջ սկսված Մեծ պահքը, որը լուծվում է ձկով, ձվով և յուղով:

Վերջում ներկաները խորանի մոմից վառում են իրենց մոմերը և տանում իրենց տները՝ լուսավորելու համար աշխարհը լուսավորող Քրիստոսի լույսով: Ճրագալույցի Պատարագով սկսվում է Սուրբ Հարության տոնը:

Թե՛ Սուրբ Ծննդյան և թե՛ Սուրբ Հարության տոներին միմյանց ողջունելը ունի հին սովորություն և մեզ է հասել Տիրոջ առաքյալներից: Նրանք Քրիստոսի հարության ժամանակ ասում էին. «Իսկապե՛ս որ Տերը հարություն առավ» (Ղուկաս 24:54):

«Քրիստոս յարեաւ» այս խոսքերի մեջ է խտանում մեր հավատքի էությունը, մեր հույսի և ապավինության ամրությունն ու անսասանությունը, հավիտենական ուրախությունն ու երանությունը: Հոգուց և սրտից բխած ուրախ ավետիսը մեր կյանքում զգացնել է տալիս Հարուցյալ Փրկչի լուսավոր ներկայությունը: Եվ պարզ է, որ այս խոսքերը զուտ տոնի օրը հնչող խոսքեր չպետք է լինեն, այլ պետք է ոգեշնչված լինեն կենդանի հավատքից և Աստծո հանդեպ սիրուց:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․