30 Նոյեմբեր, Շբ
24 Ապրիլ, Բշ, Հինանց ԺԶ օր Հայոց ցեղասպանության ժամանակ հանուն հավատի և հայրենիքի նահատակված սրբերի հիշատակության օր
Առաքելական օրերից ի վեր Աստվածային լույսի ճառագայթումով Հայաստան աշխարհը լուսավորվեց նոր ու հավիտենական կյանքի լույսով:
Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների և նրանց ժառանգների կողմից Աստուծո Խոսքի՝ Ավետարանի քարոզչությամբ և սրբերի արյան հեղումով հայոց աշխարհը դարձավ Քրիստոսակիր երկիր, հայ ժողովուրդը՝ Աստծո ժողովուրդ:
Արդար Նոյի աղոթքի ու նրա պատրաստած զոհասեղանից թևածող՝ անդրանիկ զոհի բույրով սրբագործված դրախտընկալ մեր աշխարհը բիբլիական Արարատի հայացքի ներքո, դարերի հոլովույթում ոտքի կոխան դարձավ կռապաշտների ու աստվածուրացների ասպատակումով և շարունակ նվիրագործվեց մեր ժողովրդի զավակների արյամբ և քաջարի մաքառումներով:
Մեր ժողովրդի զավակները կենդանի մարմնավորողները դարձան մարգարեների և առաքյալների, ինչպես նաև խոնարհ ընկերակիցները եղան առաջին դարերի սոսկալի հալածանքների ընթացքում նահատակված ու մարտիրոսացած հավատքի վկաների՝ խաչակրությամբ աննկարագրելի տառապանքներով իրենց Տիրոջ և Փրկչի՝ Քրիստոսի նմանությամբ ընթանալով դեպի Գողգոթա խաչելության:
Քրիստոսին նվիրումի մի նոր վկայություն հայ ժողովուրդը բերեց Հայոց Ցեղասպանության դժնդակ տարիներին: Այդ ոճիրն իրագործվեց թուրքական իշխանության կողմից: Քրիստոսապաշտ հայորդիք բյուր տառապանքների միջից օրհնություն և փառաբանություն վերառաքելով առ Աստված, չարչարակից եղան Քրիստոսին և մասնակից Տիրոջ Հարության հաղթանակած խորհրդին:
Նրանք Ս.Ղևոնդյանց և Ս.Վարդանանց նմանողությամբ վկայեցին, որ քրիստոնեությունն իբրև ճշմարիտ ու հավիտենական կյանքի կրոն մեր մաշկի գույնի նման մեր էության հետ է միավորվել:
Նրանք մեծաձայն գոչումով վկայեցին իրենց անխախտ հավատքը՝ Պողոս Առաքյալի հետ միասին հայտարարելով, թե ո՛չ ոք չի կարող մեզ բաժանել Քրիստոսի սիրուց. ո՛չ նեղությունը, ո՛չ անձկությունը, ո՛չ հալածանքը, ո՛չ սովը, ո՛չ մերկությունը, ո՛չ վտանգը, ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ մահը և ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ չար ոգիների իշխանությունները, ո՛չ ներկան և ո՛չ գալիքը, ո՛չ էլ որևէ զորություն, ո՛չ վերին և ո՛չ ստորին աշխարհները, ո՛չ էլ ուրիշ ստեղծագործություն, ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստուծո սիրուց, որը մենք ճանաչեցինք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով (Հռոմ. 8:35-39):
Նրանք իրենց հավատքի հայր և երկրորդ Լուսավորիչ՝ Ս.Գրիգորի տառապանքները մարմնապես կրեցին, դրանով խոստովանելու համար, որ իրենք են նրա հարազատ զավակները, և նրա հավատքի աներկյուղ ջահակիրները: Եվ ամենայն համբերատարությամբ հանձն առան անմարդկային տանջանքների մատնվել, սովի, ծարավի, հիվանդության և բազում այլ նեղությունների ենթարկվել, աննկարագրելի չարչարանքներ կրել, և այդ բոլորն ընդունեցին անտեղիտալի քաջությամբ, որովհետև հետևորդներն էին Քրիստոսի. «Երանի՜ նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի Արքայությունը» (Մտթ. 5:11):
Նրանք ամեն տեսակի անարգանքներ կրեցին, բայց անսասան մնացին, որովհետև լսում էին Տիրոջ խոսքը, որ քաղցրաձայն հնչում էր իրենց սրտերում. «Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն, կամ ստելով՝ ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ հետևորդները լինելու համար: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձատրությունը» (Մտթ. 5:12):
Նրանք թեև մահասարսուռ չարչարանքների ենթարկվեցին, հոգու աննկարագրելի տանջանքների մատնվեցին, սակայն հաղթանակով պսակվեցին հոգևոր պատերազմում, քանզի հաստատուն մնացին Տիրոջ խոսքին. «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մտթ. 10:28):
Եղեռնահար Սուրբ նահատակները հավիտենապես փառավորվում են Աստուծո աջ կողմում, քանզի ուրանալով իրենց անձերը՝ հետևեցին Տիրոջը: Ավելին՝ իրենց երկրավոր կյանքում ճշմարտապես հավատացին Քրիստոսի անսուտ խոստմանը, թե՝ «Ես եմ հարությունը և կյանքը: Ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11:25):
Եվ մարդկանց առաջ չամաչեցին Հիսուս Քրիստոսին իբրև իրենց Տեր և Աստված դավանել, և Փառաց Տերը Քրիստոս այսօր երկնքում փառավորում է նրանց Աստուծո և հրեշտակների առաջ: Այսօր նրանք հավիտենականության մեջ որպես հաղթականներ ու մահից կյանքի կոչվածներ, բացականչում են ասելով. «Որտե՞ղ է, մա՛հ, քո հաղթանակը, որտե՞ղ է, գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա Կորնթ. 15:54):
Այսօր, սուրբ նահատակների հայազուն ժառանգորդներ, Քրիստոսազգյաց հավատքով անսասան Տիրոջ դավանության և խոստովանության մեջ, շարունակեք առ Աստված հավատարմությամբ ապրել և արարել: Տիրոջն ապավինեցեք՝ մշտամռունչ աղոթքով. «Տերն իմ լույսն է և կյանքը, ես ումի՞ց վախենամ: Տերն իմ կյանքի ապավենն է, ումի՛ց ես դողամ: Հույսս դրի Քեզ վրա, Տե՛ր, թող հավետ ամոթով չմնամ, Քո արդարությամբ փրկի՛ր և ազատի՛ր ինձ» (Սղմ. 26:1, 30:1):
Օրհնենք, Գովենք և Փառավորենք Տիրոջն Իր անգնահատելի խոստումների, մեզ պարգևած հաղթանակների և մեզ տված մեծ պատվի՝ որդեգրության շնորհի համար:
Փառավորենք Աստծուն և ասենք ամենքս միաբանությամբ. «Օրհնյա՜լ, գովյա՜լ և փառավորյա՜լ է Ամենասուրբ Երրորդությունը՝ Հայր, Որդի և Սուրբ Հոգի Աստվածը արդարներին, սուրբերին և Տիրոջը հավատարիմ հետևորդներին պարգևած երկնքի արքայության ու հավիտենական կյանքի ժառանգորդության համար»:
Հիշատակն արդարոց օրհնությամբ թող լինի: Ամեն: