3 Հոկտեմբեր, Եշ
12 Օգոստոս, Շբ Տոն Շողակաթի` Սբ. Էջմիածնի, ըստ Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի
Շողակաթի տոնը Հայ եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի վերափոխման տոնի կիրակիին նախորդող շաբաթ օրը, և հիշատակն է Էջմիածնի Լուսավորչաշեն Տաճարի նավակատիքի: Այս տոնը Սուրբ Կույսի տոնի նախորդ օրն է նշվում, քանի որ սկզբնապես Մայր տաճարը նվիրված է եղել Աստվածածնին, և նրա օծումն ու սրբագործումը կատարվել է Սբ. Աստվածածնի վերափոխման տոնի նախօրյակին: Իսկ տոնի «Շողակաթ» մակդիրը (Լույսի շողի կաթելը) կապված է Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի հետ, ինչպես Էջմիածինը՝ Միածնի իջման պատկերի:
Համաձայն Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի՝ «լույսը հոսելով վերևից ներքև՝ մինչև երկիր էր հասնում» և այս համատարած լույսում «Սիւն գործեաց լոյսն շողացեալ»՝ գծագրելով Սբ. Էջմիածնի Մայր Տաճարը և նահատակված կույսերին նվիրված կառուցվելիք երեք վկայարանները. մեկը՝ Սբ. Հռիփսիմյանց նահատակության վայրում, մյուսը՝ Սբ. Գայանյանց, մյուսն էլ՝ հնձանում, ուր նահատակվել էր հիվանդ կույսը: Ապա հայրապետը մեծ պատվով ամփոփեց սրբուհիների նշխարներն այդ վկայարան-եկեղեցիներում, ուր և դրված են մինչև օրս, և որոնցով բազմաթիվ հրաշքներ և բժշկություններ են կատարվել պատմության ընթացքում:
Շողակաթ անունը տրվեց Լուսավորչի կառուցած այն վկայարաններից մեկին, որտեղից Սբ. Գրիգորն առաջին անգամ տեսավ լույսի առաջին ծագումը, մինչ բուն Մայր Տաճարի տեղում գծագրված լուսեղեն շենքը: Եվ քանի որ Սբ. Հռիփսիմյանց կույսերից հնձանում նահատակված հիվանդ կույսի՝ Սրբուհի Մարիանեի գերեզմանը գտնվում էր այդ սրբավայրում, «Շողակաթ» անունը սովորաբար վերագրվեց նրան և հայերիս մեջ սկսվեց օգտագործվել որպես իգական անուն:
Սբ. Շողակաթ վանքը կառուցվել է 18-րդ դարում Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսի օրոք:
Դարեր շարունակ հայ ժողովրդի համար նվիրական ուխտատեղիներ են Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե, Սբ. Շողակաթ եկեղեցիները, իսկ Սբ. էջմիածինը՝ Մայր Աթոռը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայոց հավատի օրրանն ու Սրբություն Սրբոցն է:
Կազմեց Կարինե Սուգիկյանը