Գրքեր
9 Սեպտեմբեր, Շբ Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր (325 թ.)

Նիկիայի Ա տիեզերական ժողովը գումարվել է 325թ-ին Բյուզանդական կայսր Մեծն Կոստանդիանոսի (306-337թթ.) հրամանով, Բութանիայի Նիկիա քաղաքում, մայիսի 20-ին: Ժողովին մասնակցել են Ընդհանրական եկեղեցու 318 հայրապետներ, այդ թվում Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացին, Աթանաս Ալեքսանդրացին (այդ ժամանակ դեռևս սարկավագ), Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին՝ Արիստակեսը և եկեղեցու այլ նշանավոր եպիսկոպոսներ: Առաջին տիեզերական ժողովի հրավիրման շարժառիթն էր Ալեքսանդրիայի քահանա Արիոսի հերետիկոսական ուսմունքի քննությունը և դատապարտումը: Արիոսը քարոզում էր, թե Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից առաջ, Հայր Աստծո ցանկությամբ, որպեսզի նրա միջոցով կատարվի արարչագործությունը: Միակ անծնունդը, հավիտենականը և անսկիզբը Հայր Աստվածն է: Ըստ Արիոսի՝ կա մեկ և միակ Աստված: Դա Հայր Աստվածն է: Մնացած ամեն ինչ, որ գոյություն ունի, իր էությամբ խորթ է Աստծուն և ունի մեկ այլ ինքնուրույն էություն: Որդին առաջացել է ոչ թե Հոր էությունից, այլ՝ ոչնչից: Կար ժամանակ, երբ Որդին չկար: Որդին թեև ստացել է Հայր Աստծո ողջ շնորհքը և որդեգրվել, սակայն անապական չէ ինչպես Հայրը, այլ այլայլելի, ինչպես արարածները: Նա ժխտում էր Հիսուսի հավասարությունը Հայր Աստծո հետ և չէր ընդունում Հիսուսի Աստված լինելը: Այլ խոսքով Որդին չի եղել, այլ առաջացել է, այսինքն արարած է: Նրա համար Հիսուսը պարզապես գերմարդկային մի արարած էր:

Արիոսի այս վարդապետության դեմ դուրս է գալիս Ալեքսանդրիայի արքեպիսկոպոս Ալեքսանդրը, որն իր քարոզներում շեշտում էր, թե՝ «Հավիտենական է Աստված, հավիտենական է և Որդին, Հայրը և Որդին միաժամանակ են, Որդին համագո է Աստծո մեջ անսկիզբ կերպով, հավիտենական ծնունդ է, ծնված անծնունդից: Հայրը Որդուն չի նախորդում ոչ իսկ մի վայրկյան, միշտ եղել է Հայրը, միշտ էլ՝ Որդին: Նույն էությունից է Որդին»:

Նիկիայի տիեզերական ժողովում մերժվում է Արիոսի մոլար ու հերետիկոսական շարժումը, դատապարտվում նրա վարդապետությունը և ընդունվում ուղղափառ դավանության հիմնական դրույթները պարունակող մի հավատո հանգանակ՝ Նիկիական հանգանակ: Այն, որպես դավանության հիմք, առ այսօր անխափան գործածվում է Հայ եկեղեցում, ասվում է Սբ. Պատարագի ընթացքում, Ավետարանի ընթերցումից անմիջապես հետո: Հավատամքի բովանդակած կետերը յուրաքանչյուր քրիստոնյայի համար քրիստոնեական հավատքի և դավանության բանաձևերն են: Հավատամքը բովանդակում է Աստծո, Որդու, Սուրբ Հոգու, եկեղեցու, մկրտության, մեղքի, մեռելների հարության, հավիտենական կյանքի, վերջին դատաստանի, Երկնքի թագավորության և հոգիների անմահության մասին քրիստոնեաների ունեցած հավատքն ու դավանությունը: Քրիստոնյաներս հավատում և դավանում ենք մեկ Աստծո, Ով ստեղծեց երկինքն ու երկիրը, տեսանելի և անտեսանելի բաները: Հավատում ենք մեկ Որդուն, որը ծնվել է Հոր էությունից և ճշմարիտ Աստված է. Նա ծնունդ է և ո՛չ արարած: Հավատում ենք միայն մեկ Սուրբ Հոգուն, որն անեղ է, անծին, և որը ներշնչեց և խոսեց մարգարեների և օրենքի միջոցով: Հավատում ենք մեկ եկեղեցու՝ ընդհանրական, առաքելական և սուրբ: Հավատում ենք մեկ մկրտությանը, ապաշխարությանը, մեղքերի թողությանը, մեռելների հարությանը, վերջին դատաստանին, Երկնքի թագավորությանը և հավիտենական կյանքին:

Նիկիայի ժողովում Արիոսի մոլար ուղղության դեմ, որպես ճշմարիտ դավանություն, Որդու համար հաստատվեց և բանաձևվեց. «Հավատում ենք Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն՝ ծնված Հայր Աստծուց՝ միածին, այսինքն՝ Հոր էությունից: Աստված՝ Աստծուց, լույս՝ լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ՝ արարած: Նույն Ինքը՝ Հոր բնությունից, Որով ամեն ինչ եղավ երկնքում և երկրի վրա, երևելիներ ու աներևույթներ:

Նա է, որ մեզ՝ մարդկանց համար և մեր փրկության համար, երկնքից իջնելով, մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց Սուրբ Կույս Մարիամից:

Որով վերցրեց մարմինը, հոգին ու միտքը և ամենայն ինչ, որ ունի մարդ՝ ճշմարտապես և ոչ՝ կարծեոք»:

Ժողովը ընդունել է վարչական բնույթի 20 կանոն, որոնք վերաբերում են դարձի եկած աղանդավորներին և եկեղեցու հետ նրանց փոխհարաբերություններին, ձեռնադրություններին և եկեղեցու նվիրապետական աստիճանների հետ կապված հարցերին՝ կաշառակերությանն ու վաշխառությանը, կիրակի օրն առանց ծնրադրելու՝ հոտնկայս աղոթելուն և այլն:

Նիկիո Ա տիեզերական ժողովը առանցքային նշանակություն է ունեցել ոչ միայն Ընդհանրական եկեղեցու, այլև մարդկության պատմության մեջ: Այն ոչ միայն առաջինն է տիեզերական ժողովների մեջ, այլև կարևորագույնը՝ ժողովների ժողովը, որը նախանշել է աստվածաբանական և իմաստասիրական մտքի հետագա զարգացման ուղին: Ոչ մի այլ իրադարձություն այդպիսի նշանակություն և ազդեցություն չի ունեցել աստվածաբանական մտքի ձևավորման վրա: Նիկիո Ա տիեզերական ժողովի շուրջ ծավալված քննարկումները շարունակվել են ամբողջ 4-րդ դարի ընթացքում:

Նիկիայի, ինչպես նաև մյուս երկու տիեզերական ժողովների հիշատակի օրը եկեղեցում երգվում են հայրապետներին նվիրված շարականներ, ուր նրանց ներբողն է հյուսվում որպես հավատի հիմքերը հաստատողների: Հայ եկեղեցին Նիկիո Ա տիեզերական ժողովի 318 սուրբ հայրապետների հիշատակը տոնում է Վերափոխման չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ սեպտեմբեր ամսին:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․