Գրքեր
29 Սեպտեմբեր, Գշ Սբ. Եվստաթեոսի և նրա կին Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

Սբ. Եվստաթեոսը (Բ դար) Հռոմում ապրող մի մեծահարուստ և բարեգործ զորավար էր: Տիրոջ տեսիլքից հետո հեթանոս զորավար Պղակիդոսը դարձի է գալիս և իր ողջ ընտանիքի հետ մկրտվում՝ ստանալով Եվստաթիոս անունը: Կայսրից շնորհազուրկ է լինում և կորցնելով ողջ հարստությունը՝ Հռոմից մեկնում: Դաժան փորձություններ են բաժին ընկնում նրան. ծովահեններն առևանգում են կնոջը՝ Թեոփիստային, իսկ գետանցի ժամանակ կորցնում է երկու մանկահասակ որդիներին, որոնք մոլեգնած գետի ջրերից փրկվելով՝ տարբեր մարդկանց որդեգիրներն են դառնում: Եվստաթեոսը ողբում է ընտանիքի կորուստը, սակայն Հոբ երանելու հնազանդությամբ ընդունում է Տիրոջ կամքը: Շուտով նրան կրկին կանչում են զինվորական ծառայության՝ Հռոմը թշնամիներից ազատագրելու համար: Պատերազմի ժամանակ, Տիրոջ նախախնամության շնորհիվ, գտնում է իր ընտանիքի անդամներին: Երբ հաղթանակած վերադառնում է Հռոմ, մերժում է կատարել կայսրի պահանջը` զոհ մատուցել հեթանոս աստվածներին՝ պնդելով, որ իր հաղթանակի համար պարտական է միայն Հիսուս Քրիստոսին: Զայրացած Ադրիանոս կայսրը հրամայում է Սբ. Եվստաթեոսին, նրա կնոջն ու երկու երիտասարդ զավակներին այրել՝ շիկացրած պղնձե ցուլի մեջ փակելով:

Սբ. Երմոնե կույսը (Բ դար) Փիլիպպոս սարկավագի դուստրն էր: Իր քրոջ՝ Եվտիքիայի հետ ուղևորվում է Հովհաննես Ավետարանչին փնտրելու: Երբ իմանում է առաքյալի մահվան մասին, ճանապարհին հանդիպում է Պողոս առաքյալի աշակերտ Պետրոնիոսին, որին էլ աշակերտում է: Հիմնում է մի բուժարան, որտեղ բժշկում է բոլոր կարիքավորներին՝ քարոզելով Տիրոջ խոսքը: Տրայանոս կայսեր կողմից չարչարվում է, բայց անսասան մնում իր հավատի մեջ: Նահատակվում է Ադրիանոս կայսեր օրոք, քանզի զոհ մատուցելու պատրվակով մտնում է հեթանոսական տաճար,որտեղ իր աղոթքով կործանվում են բոլոր կուռքերը:

Սբ. Նեքտարինե կույսն Ալեքսանդրիայի կառավարիչ Կոնստասի դուստրն էր: Ունենալով բացառիկ գեղեցկություն և գիտելիքներ՝ ցանկություն էր հայտնել ամուսնանալ միայն նրա հետ, ով իրեն կգերազանցեր ամեն ինչում: Նեքտարինեի քրիստոնյա մայրն աղջկան տանում է իր հոգևոր ուսուցչի մոտ, որն էլ պատմում է Նրա մասին, որը գերազանցում է բոլոր աշխարհիկ փեսացուներին: Նա մկրտվում է՝ արժանանալով Քրիստոսի տեսիլքին, որն իրեն մատանի է տալիս՝ նշանելով իր հետ: Հեթանոսական տոնի ժամանակ կայսեր առջև աղջիկը մերկացնում է հեթանոսների մոլորությունները, դարձի բերում 50 հեթանոս իմաստունների, որոնք կայսեր հրամանով եկել էին Նեքտարինեի խոսքերը հերքելու: Այս պատճառով տանջանքների է ենթարկվում, սակայն կտտանքների գործիքները շրջվում են և սկսում գանահարել հեթանոսներին: Այս հրաշքին ականատես՝ Օգոստուհի կայսրուհին և Պորփյուրիոս զորավարն իր 200 զինվորների հետ քրիստոնյա են դառնում: Զայրացած կայսրի հրամանով վերջիններիս գլխատում են, իսկ Նեքտարինե կույսին՝ սրով խոցում:

 

http://www.qahana.am

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․