17 Հոկտեմբեր, Գշ Սուրբ առաքյալներ Անանիայի, Մատաթիայի, Բառնաբասի, Փիլիպպոսի, Հովհաննեսի և Շիղայի` Սիղվանոսի հիշատակության օր

Անանիա

Դամասկոսում Պողոս Առաքյալին մկրտողը:

Պողոսը, Դամասկոսի ճանապարհին ունեցած փայլակնային տեսիլքից հետո, գրեթե կուրացած էր մտել քաղաք: Երեք օր ոչ կերավ և ոչ էլ խմեց, այլ աղոթքով և խոկումով անցկացրեց այդ օրերը: Երրորդ օրն է, որ Աստված թելադրում է Անանիային, որպեսզի գնա և ինչ-որ անհրաժեշտ է նրա հետ խոսի: Երբ և ինչ պարագաների ներքո է Անանիան քրիստոնյա դարձել, ոչինչ չի ասվում: Արդյո՞ք բնիկ դամասկացի, թե Հրեաստանից գնացած մեկն էր, սրա մասին էլ տեղեկություն չկա: Իրականությունն այն է, որ Փրկչի Համբարձումից մի քանի տարի անց այնտեղ բավական թվով քրիստոնյաներ կային, այնքան, որ հալածիչ Սողոսն անհրաժեշտ համարեց Երուսաղեմից հետո իր հալածական գործունեությունը նաև Դամասկոսում ծավալել:

Անանիան, իմանալով հանդերձ, որ Սողոսը հալածիչ է, հնազանդվեց Աստվածային հրահանգին և գնաց այն տունը, որտեղ կանգ էր առել Սողոսը: Ձեռքերը նրա վրա դրեց և ասաց. «Սավուղ եղբայր, Տերն ինձ ուղարկեց, այն Հիսուսը, որ այստեղ գալու ճանապարհին քեզ երևաց, որպեսզի տեսողությունդ վերստանաս և Սուրբ Հոգով լցվես»: Երբ Անանիան ձեռքերը դրեց Սողոսի գլխին «նրա աչքերից կեղևի պես բաներ թափվեցին և իր տեսողությունը վերագտավ ու մկրտվեց» (Գործք 9:15-19):

Նոր Կտակարանից այսքանը գիտենք Անանիայի մասին: Սակայն Հայսմավուրքը ավելացնում է, որ որպես քրիստոնյա ձերբակալվել և դատավորի մոտ է տարվել, որն ասել է. «տեսնում եմ, որ մի իմաստուն և պատկառելի մարդ ես երևում, ուստի անիմաստ տեղը չարչարանքներով կորստյանդ պատճառ մի եղիր, այլ զոհ մատուցիր մեր աստվածներին»: Անանիան պատասխանում է. «Չեմ զոհաբերում և չեմ էլ երկրպագում խուլ, համր և անզգա աստվածներին, այլ պաշտում եմ Հիսուս Քրիստոսին, իմ ճշմարիտ Աստծուն, Որը մեզ համար գիտության Լույս եղավ, Որին տեսանք մեր աչքերով և շոշափեցինք մեր ձեռքերով և Որը մեզ ազատեց կռապաշտության մոլորությունից»: Ենթարկվում է սաստիկ չարչարանքների և ի վերջո քարկոծումով կնքում է իր կյանքը:

Նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչի Ե կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

 

Մատաթիա

Մատաթիան, մատնիչ Հուդայի փոխարեն, նրա մահից հետո, իբրև մեկը, որը հետևել էր Քրիստոսին Նրա մկրտությունից մինչև համբարձումը, ընտրվեց առաքյալների կողմից: Համարվում է, որ քարոզել է Եթովպիայում: Նրա հիշատակը կատարում ենք Ս. Խաչին հաջորդող հինգերորդ շաբաթի երեքշաբթի օրը: 

 

Բառնաբաս

Բառնաբասը նախնական քրիստոնեական եկեղեցու գլխավոր գործիչներից է և Պողոսին իր առաքելական ճանապարհորդության մեջ առաջնորդողը հանդիսացավ: Ծնվել է Կիպրոսում, բայց քրիստոնեական ասպարեզում երևան է գալիս Երուսաղեմում, որտեղ ունի մի եղբայր, կամ քույր և հանձինս Մարկոս Ավետարանչի՝ եղբորորդի: Նա «Ղևտացի» էր, այսինքն քահանայական ցեղից: Մի ագարակ ուներ, որը վաճառելով՝ գումարը բերեց և եկեղեցու ընդհանուր կարիքների համար օգտագործելու նպատակով առաքյալներին տվեց:

Նրա անունը նախապես Հովսեփ էր, որը առաքյալները փոխելով Բառնաբաս դրեցին, որը նշանակում է «որդի մխիթարության»:  Այս փոփոխությունը հավանաբար կատարվեց նրա բնավորությունը նկատի ունենալով, որը եղել է անկեղծ, ջերմ, զվարթամիտ և շփվող, որը երևում է նրա առաջին գործունեության ընթացքում, որը արձանագրվել է «Գործք Առաքելոց»-ում:

Երբ առաքյալներն իմացան, որ Անտիոքում էլ հեթանոսները քրիստոնեության են եկել, Բառնաբասին որպես ներկայացուցիչ ուղարկեցին այնտեղ, որպեսզի նաև ստույգ տեղեկություններ բերեր դրա վերաբերյալ: «Երբ Անտիոք եկավ, տեսավ, որ Աստծո շնորհը նաև հեթանոսներին է տրված, ուրախացավ Բառնաբասը և բոլորին մխիթարում էր, որ սրտի հոժարությամբ հավատարիմ մնան Տիրոջը, քանի որ Բառնաբասը  զվարթամիտ մարդ էր և Սուրբ Հոգով և հավատքով լցված» (Գործք 11:22):

Բառնաբասն էր, որ դարձի եկած Սողոսին ներկայացրեց առաքյալներին, «որոնք որպես նախկին մի հալածիչ վախենում էին նրանից և չէին կարողանում հավատալ, որ դարձի է եկել: Բայց Բառնաբասը վերցրեց նրան և բերեց առաքյալների մոտ և պատմեց, թե ինչպես նա Տիրոջը տեսավ և խոսեց Նրա հետ և Դամասկոսում էլ համարձակ քարոզեց Հիսուսի անվան համար» (Գործք 9:26-27):

Երբ Պողոսը Երուսաղեմից իր հայրենիք վերադարձավ, դարձյալ Բառնաբասն էր, որ մինչև Տարսոն գնաց և Պողոսին գտնելով Անտիոք բերեց և մի ամբողջ տարի քարոզչական գործունեություն ծավալեցին այս կայսրության մեծ քաղաքի՝ Անտիոքի, մեջ, որտեղ այս առիթով առաջին անգամ Քրիստոսի հետևորդներին «Քրիստոնյա» անվանեցին (Գործք 11:25-26):

Քրիստոնեական քարոզչության մեջ մի նոր ուղի բացվեց, երբ Անտիոքի գլխավոր մտավորական գործիչները, որոնք հայտնի են «մարգարեներ և վարդապետներ» տիտղոսներով, և որոնց առաջնորդն էր Բառնաբասը, իսկ կրտսերը՝ Սողոսը, Ս. Հոգուց ներշնչված, որոշեցին քարոզչական արշավանք կազմակերպել դեպի հեռավոր երկրներ: Այս պաշտոնը և պարտականությունը հանձնեցին Բառնաբասին և Սողոսին: Վերոհիշյալ խմբի մարդիկ «պահեցողությամբ և աղոթելով իրենց ձեռքերը նրանց՝ Բառնաբասի և Սողոսի վրա դնելով արձակեցին»:

Այսպես սկիզբ դրվեց Պողոս Առաքյալի առաջին քարոզչական առաքելությանը, որտեղ գլխավորն ու առաջնորդը պաշտոնապես Բառնաբասն էր: Անտիոքից նավարկեցին դեպի Բառնաբասի հայրենիք՝ Կիպրոս, որի ամբողջ երկայնքով՝ արևելքից արևմուտք, քարոզեցին և հասան Պաֆոս, որը կղզու հռոմեացի կառավարիչների կենտրոնն էր: Այստեղ իրենց մեծագույն հաջողությունը ունեցան՝ նախ չեզոքացրեցին մոլորեցնող և խաբեբա Եղիմաս մոգին, նրան կուրության դատապարտելով, ապա դարձի բերեցին կղզու հռոմեացի բդեշխի տեղակալ՝ Սերգիոս Պողոսին, «Իմաստուն մարդուն»: Այստեղից սկսած Սողոսը կոչվում է Պողոս, հավանաբար այդ անունը փոխառնելով հռոմեացի կառավարչից:

Կիպրոսից, այսօրվա Անթալիայի մոտ գտնվող Պերգեի ճանապարհով Փոքր Ասիա գնացին: Այս ամբողջ ճանապարհորդության ընթացքում իրենց հետ էր նաև Բառնաբասի եղբայրը՝ Մարկոս Ավետարանիչը, որը կամ անհանգստանալով, կամ ճամփորդության դվարություններին չդիմանալով՝ վերադարձավ Երուսաղեմ: Բառնաբասն ու Պողոսը շարունակեցին քարոզչությունը մինչև այսօրվա Գոնիա քաղաքի մոտակայքը, որտեղ մի կաղի բժշկելուց հետո, տեղացիները ապշելով մտածեցին, որ «Աստվածները մարդկանց կերպարանքով իրենց մոտ են եկել», Բառնաբասին Դիոս, այսինքն Զևս, կամ Արամազդ էին կոչում, հավանաբար նրա պատկառելի տեսքի համար (Գործք 14:11-12); Շրջակա քաղաքներում նույնպես ավետարանելով Անթալիայով վերադարձան Անտիոք:

Բառնաբասը Պողոսի հետ միասին ներկա գտնվեց Երուսաղեմի առաքելական ժողովին, որտեղ հեթանոսների մեջ իրենց կատարած առաքելական գործունեությունով և ունեցած հաջողություններով գլխավոր խոսողները կամ տեղեկատուները հանդիսացան: Ժողովի որոշումները Անտիոքի եկեղեցի բերողները Բառնաբասը և Պողոսը եղան, ժողովի նշանակած երկու ուրիշ ներկայացուցիչների հետ, որոնք Շիղ և Հուդա էին կոչվում:

Որոշ ժամանակ հետո Պողոսը առաջարկեց Բառնաբասին մի երկրորդ քարոզչական ճանապարհորդության էլ մեկնել: Բառնաբասը ցանկացավ այս անգամ էլ իր եղբայր Մարկոսին իրենց հետ վերցնել: Պողոսը չհամաձայնվեց՝ առարկելով, որ նա առաջին ճանապարհորդության ժամանակ գործը կիսատ էր թողել և ետ էր դարձել: Այս անհամաձայնության պատճառով Բառնաբասը Մարկոսին վերցնելով Կիպրոս վերադարձավ: Այստեղից սկսած Բառնաբասը այլևս չի հիշատակվում «Գործք Առաքելոց»-ում: Ավանդությունն ասում է, որ նա Կիպրոս քաղաքի առաջին եպիսկոպոսը դարձավ, որը նրա առաքելական հանգամանքի վրա հիմնվելով՝ մինչև օրս էլ ինքնագլուխ կամ անկախ եկեղեցի է: Նահատակված է համարվում Կիպրոսի Սաղամինա քաղաքում: Նա այլ առաքյալների հետ հիշատակվում է Ս. Խաչի Ե կիրակիից հետո եկող երեքշաբթի օրը:

 

Փիլիպպոս

Առաջինը կանչված առաքյալներից մեկն է: Երբ Հիսուսը մկրտությունից և փորձությունից հետո որոշեց Գալիլիա վերադառնալ «… գտավ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ ետևից»: Փիլիպպոսը Բեթսայիդացի էր՝ Պետրոսի քաղաքից (Հովհ. 1:43-44): Հավանաբար ինքն էլ, նախապես աշակերտել է Հովհաննես Մկրտչին և հետո հետևել Հիսուսին:

Փիլիպպոսն, ինչ-ինչ հարցերի կապակցությամբ, հիշվում է Հովհաննու Ավետարանում, առհասարակ՝ Անդրեասի հետ միասին:

Օրինակ՝ հացի բազմացման հրաշքի ժամանակ Հիսուսը նախ Փիլիպպոսին է հարցնում, թե որտեղից պիտի հաց հայթայթի այս հսկա բազմությանը համար: «Այս հարցը Հիսուսը տվեց նրան փորձելու համար, սակայն Ինքն արդեն որոշել էր իր անելիքը»,- ասում է ավետարանիչը փակագծերում: Փիլիպպոսը պատասխանում է. «Երկու հարյուր դահեկանի հաց դրանց չի բավարարի, թեկուզ և յուրաքանչյուրը մեկ կտոր ուտի» (Հովհ. 6:5-7): Ապա նա հիշվում է Հիսուսին տեսնելու մի խումբ հեթանոսների դրվագի առնչությամբ, որոնք, հավանաբար քաջալերվելով նրա զուտ հունական անվամբ, որը թարգմանվում է «ձիասեր», կամ նրա հունարեն իմացությամբ, նրան էին մոտեցել: Փիլիպպոսը և Անդրեասը (հետաքրքիր է, որ այս անունն էլ է հունական) նրանց ներկայացնում են Հիսուսին: Վերջին ընթրիքի ընթացքում, երբ Հիսուսը վերջին խոսքերն էր ասում աշակերտներին, անընդհատ հարցադրումներով ընդհատում էին Նրան: Ընդհատողներից էր նաև Փիլիպպոսը, երբ Հիսուս ասում է. «Եթե Ինձ ճանաչեցիք, ուրեմն Հորն էլ Ճանաչեցիք, ուրեմն այլևս Ճանաչում եք Նրան, քանի որ տեսաք Նրան»: Փիլիպպոսը ընդհատում է. «Տեր ցույց տուր մեզ Հորը և ավելին չենք ուզում»: Հիսուսը պատասխանում է. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ և չճանաչեցի՞ք Ինձ, Փիլիպպո՛ս, ով Ինձ տեսավ՝ Հորը տեսնող եղավ և դու ինչպե՞ս ես կարող ես ասել՝ ցույց տուր մեզ Հորը…» (Հովհ. 12:7-10):

Ավանդությունն ասում է, որ նա քարոզել է Փոքր Ասիայում և խաչելությամբ նահատակվել է Հիերոպոլիս քաղաքում:

Տոնախմբվում է իր անբաժան ընկերոջ՝ Անդրեասի հետ, Ս. Խաչին հաջորդող իններորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:

 

Հովհաննես

Մեր Տոնացույցում այս Հովհաննես և Մարկոս անուններն էլ տարբեր երկու անձերի են տրվել և ըստ այդմ անցել են օրացույց: Երկու անուններով հայտնի այս անձը առաջին անգամ հիշատակվում է Գործք Առաքելոցում, երբ Պետրոս Առաքյալը բանտից ազատվելով նրանց տուն է գալիս. «Եվ Պետրոսը… եկավ Մարիամի տուն, Հովհաննեսի, որը կոչվեց Մարկոս, մոր տուն» (Գործք 12:12): Այստեղից նախ հայտնի է դառնում, որ Հովհաննես և Մարկոս անունները նույն անձի տարբեր անուններն են, մեկը՝ եբրայերեն, մյուսը՝ հունա-հռոմեական տարբերակով: Այս երկակի անուն ունենալը հատուկ էր քրիստոնեական եկեղեցու առաջին գործիչների մեծ մասին: Վերոհիշյալ հատվածից երևում է նաև, որ իր մայրը նույնպես հայտնի անձնավորություն էր նորածին եկեղեցում, և այն, ինչ որ առավել կարևոր է, որ իրենց տունը նախնական քրիստոնյաների գլխավոր հավաքատեղիներից մեկն էր, քանի որ վերոհիշյալ մեջբերմանը հաջորդում է հետևյալ խոսքը. «Որտեղ շատերն էին հավաքվել և աղոթում էին»:

Ուրեմն Մարկոսը Երուսաղեմից է և Բառնաբաս Առաքյալի եղբորորդին, ինչը որ հաստատում է Պողոս Առաքյալը Կորնթացիներին ուղղված նամակի ողջույնի խոսքում. «Մարկոս, Բառնաբասի եղբորորդի» (4:10): Երբ Բառնաբասը և Պողոսը Երուսաղեմ եկան, Անտիոքի հավատացյալների նյութական նվերը Երուսաղեմի աղքատ եկեղեցուն բերելով, վերադարձին իրենց հետ նաև վերցրեցին «Հովհաննեսին», որը Մարկոս էր կոչվել» (Գործք 12:25): Եվ իրենց առաջին ճանապարհորդությանը իրենց միացավ նաև Մարկոսը, որպես «պաշտոնյա», այսինքն օգնական, որը սակայն հազիվ Փոքր Ասիա հասած, Պողոսին ինչ-որ տհաճություն պատճառելով, Երուսաղեմ վերադարձավ և այդ իսկ պատճառով երկրորդ ճանապարհորդությանը Պողոսը չցանկացավ Մարկոսի ընկերակցությունը, որի պատճառով Բառնաբասը և Մարկոսը Կիպրոս վերադարձան, որտեղ, ամենայն հավանականությամբ, շարունակեցին իրենց սկսած ավետարանչականության գործը: Պողոսի թղթերի մեջ տեսնում ենք, որ իրար հետ հաշտվել են հետագայում: Ինչպես վերը տեսանք, Հռոմում, Պողոսի բանտարկության ժամանակ, Մարկոսը Պողոսի հետ էր, ում միջոցով Պողոսը ողջույն է ուղարկում Կողոսայի Եկեղեցուն, ուր քարոզչական առաքինությամբ ուղարկվում է Մարկոսը: 

Տիմոթեոսին գրված երկրորդ թղթում Պողոսը հանձնարարում է նրան, «Մարկոսին քեզ հետ բեր, քանի որ անհրաժեշտ օգնական է իմ համար» (Բ Տիմ. 4:11);

Մարկոսի անունն անմահացնողը և քրիստոնեական եկեղեցուն իր մատուցած մնայուն ծառայությունն իր Ավետարանն է: Թերևս չորս Ավետարանների մեջ ամենահամառոտը, բայց միաժամանակ ամենահնագույնն է: Կարծիք կա, որ գրվել է Պետրոս Առաքյալի թելադրանքով և առաջնորդությամբ, որը նրան իր առաջին թղթում կոչում է. «Մարկոսը՝ իմ որդին» (Ա Պետ. 5:13): Այն գրված է համարվում հեթանոսների՝ հատկապես հռոմեացիների համար: Նա Քրիստոսին ներկայացնում է որպես խոսքով և գործով մի հզոր անձնավորություն: Իր ոճը պարզ, հատու և համառոտ է:

 

Շիղա կամ Սիղվանոս

Մեկ և նույն անձնավորության այս երկու անունները մեր տոնացույց են անցել որպես երկու տարբեր անձերի: Նույն շփոթությունը կա նաև հույների տոնացույցում, բայց մենք վստահորեն համոզված ենք, որ այս զույգ անունները մեկ անձի են պատկանում. Շիղան նրա եբրայերեն անունն է, իսկ Սիղվանոսը՝ հունարեն տարբերակը:

Շիղան Գործք Առաքելոցում առաջին անգամ հիշատակվում է, երբ իր ընկերակցի հետ Երուսաղեմի ժողովի կողմից ընտրվում են որպես ներկայացուցիչ՝ Պողոսի և Բառնաբասի հետ Ժողովի որոշումները Անտիոք տանելու համար: Արդարև Անտիոքում Շիղան և իր ընկերը «Շատ խոսքերով մխիթարեցին և սրտապնդեցին եղբայրներին»: Որոշ ժամանակ մնացին Անտիոքում, ապա մյուս ընկերը վերադարձավ Երուսաղեմ, «Իսկ Շիղային հաճելի եղավ այնտեղ մնալ»:

Երբ Պողոսը տեսավ, որ Բառնաբասը չկարողացավ իրեն ընկերանալ երկրորդ ճանապարհորդության ժամանակ, այդ ժամանակ իր ընտրությունը Շիղայի վրա կանգ առավ և միասին Անտիոքից դեպի Հյուսիս ճանապարհվեցին. մտան Կիլիկիա և սկսեցին իրենց ճանապարհին, ամենուրեք քրիստոնեական բջիջներ ստեղծել: Այցելեցին Գոնիայի շրջանում Պողոս Առաքյալի նախապես ստեղծած եկեղեցիները: Առաջ շարժվեցին մինչև Անկարայի կողմերը, ապա արևմուտք շրջվելով՝ անցան այսօրվա Էսկիշեհիր և Պելեճիկի վրայով, հասնելով մինչև Տրովադա, որտեղից առաջ շարժվելով մտան Եվրոպական ցամաքամաս՝ Մակեդոնիա, իրենց քարոզչությունը սկսելով Կավալայից, որն այն ժամանակ անվանվում էր Նոր քաղաք (Նեոպոլիս):

Մակեդոնիայի Ֆիլիպպե քաղաքում բանտարկվեցին Շիղան և Պողոսը, բայց բանտից ազատվելով՝ իրենց քարոզչությունը շարունակեցին ամբողջ Հունաստանով, հյուսիսից հարավ, Սալոնիկ, Աթենք և Կորնթոս, որտեղից դարձյալ Փոքր Ասիա անցան՝ Եփեսոս, որտեղից ճանապարհ ընկնելով ուղիղ Երուսաղեմ գնացին:

Այս ճամփորդության ընթացքում Շիղան վերջին անգամ հիշատակվում է Սալոնիկում (Գործք 17:4), որից հետո այլևս կորցնում ենք նրա հետքը: Սակայն Պողոս Առաքյալը հիշատակում է նրան իր Կորնթացիներին ուղղված երկրորդ նամակում, (1:19), ասելով, որ Կորնթոսում Ավետարանը քարոզվում է Պողոսի, Շիղայի և Տիմոթեոսի կողմից: Թեսաղոնիկեցիներին գրված Պողոսի երկու նամակների սկզբներում էլ հիշատակվում է Շիղայի անունը, այնպես որ կարծես երկուսի կողմից է այն գրված: Մինչդեռ Պետրոսի նամակի ներքոհիշյալ հատվածից կարելի է ենթադրել, որ այդ էլ է գրվել Շիղայի կոմից՝ անշուշտ առաքյալի թելադրությամբ. «Սեղվանոս հավատարիմ եղբոր ձեռքով, կարծում եմ շատ, թե քիչ մխիթարելու համար գրեցի ձեզ…» (Ա Պետ. 5:12):

Կարևոր հանգամանք է, որ Առաքյալների Գործերի մեջ նա հիշատակվում է որպես Շիղա, իսկ թղթերում որպես Սիղվանոս: Նրա վախճանի մասին գրեթե ոչինչ չգիտենք: Կարծիք կա, որ Ֆիլիպպեի առաջին եպիսկոպոսն է եղել և այնտեղ էլ վախճանվել է:

Մենք նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչի Ե կիրակիից հետո եկող երեքշաբթի օրը:

 

«Աստվածաշնչական Սուրբեր» Շնորհք արք. Գալուստյան

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. ԴՈԽՈԼՅԱՆԸ 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․