25 Նոյեմբեր, Շբ Սուրբ Գրիգոր Սքանչելագործի, Նիկողայոս Հայրապետի և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օր

Գրիգոր Սքանչելագործ

Ծնվել է 213 թ.-ին ազնվականի ընտանիքում, Պոնտոսի, կամ Սեբաստիայի շրջանի Նեոկեսարիա քաղաքում, որը այժմ Նեքսար է կոչվում: Բարձր ուսում ստանալուց հետո մտադրվում է հմտանալ օրենսգիտության և հռետորության մեջ, սակայն Աստծո նախախնամության կողմից իր համար այլ ասպարեզ էր տնօրինված: Նրա քրոջ ամուսինը նշանակվեց Պաղեստինի կուսակալ: Գրիգորն, իր եղբոր հետ, քրոջն ընկերացավ՝ դեպի Պաղեստին կատարվող ճանապարհորդության ժամանակ: Պաղեստինի վարչական կենտրոնը Կեսարիան էր, որը մյուս Կեսարիաներից զանազանելու համար կոչում էին Պաղեստինյան Կեսարիա: Որոգինեսը՝ այդ ժամանակների ամենահեղինակավոր քրիստոնյա մտավորականը, Ալեքսանդրիաի հռչակավոր քրիստոնեական բարձրագույն վարժարանը տեղափոխել էր այստեղ: Երկու եղբայրները, պարզ հետաքրքրասիրությունից դրդված, որոշեցին տեսնել, թե դա ինչ է: Այնքան տպավորվեցին Որոգինեսի հիմնավոր հմտություններից և դասավանդելու գրավիչ մեթոդից, որ որոշեցին իրենց ուսումը կատարելագործել նրա մոտ, այդ ժամանակ Գրիգորը 20 տարեկան էր: Որոգինեսը հեշտությամբ և անկաշկանդ ուսուցանում էր նաև հունական բարձր իմաստասիրություն և հռետորություն: Ի վերջո կարողացավ քրիստոնյա դարձնել այս ուշիմ և լավ վարք ունեցող երիտասարդներին, որոնք 6-7 տարի նրա մոտ մնացին և հմտացան նրա ուսման և ուսուցանելու մեթոդի մեջ:

Նեոկեսարիա վերադառնալուց հետո, որոշ ժամանակ շարունակեց ուսանել Կապադովկյան Կեսարիայի Փիրմիլիանոս եպիսկոպոսի մոտ, որից «սովորեց եկեղեցական բոլոր կարգերը և վարդապետական սահմանումները»: Ամասիայի մետրոպոլիտը նրան իր քաղաքի՝ Նեոկեսարիայի վրա եպիսկոպոս ձեռնադրեց, որտեղ, ասում է պատմական ավանդությունը, երբ նա ձեռնադրվեց հազիվ 17 քրիստոնյա կար, իսկ երբ մահացավ՝ հազիվ 17 հեթանոս էր մնացել: Նրա անվան հետ բազմաթիվ հրաշքներ են կապում, որոնցից մեծ մասի մասին պատմում են Հայսմավուրքները, որոնցից էլ ստացել է «Սքանչելագործ» անունը, որը որ ժողովրդականություն վայելող և բացառիկ անձնավորություն լինելու հավաստիք է:

264 թ.-ին մասնակցեց Անտիոքի ժողովին, որը Պողոս Սամոսատցի հերետիկոսին դատապարտելու համար էր գումարվել: Իր բարձր կրթությանը հակառակ, նա եկեղեցու ավելի գործուն գործիչ եղավ քան՝ աստվածաբան: Բազմաթիվ գրական գործեր է թողել, որոնցից գլխավորը Որոգինեսի մասին մի ջատագովություն է, որը կարդացել էր մեծ իմաստասեր-աստվածաբանի ներկայությամբ, երբ նրանից պիտի բաժանվեր: Նորադարձ քրիստոնյաների համար օգտակար մի գիրք ունի, որը պարունակում է Քրիստոնեական հիմնական ուսուցումները: Նրա «Կանոնական Թուղթ»-ը լայն տեղեկություններ է պարունակում նախնական եկեղեցու սովորությունների մասին: Եվ վերջապես «Ժողովող» գրքի մեկնություն ունի և Թեոպոմպաս Եպիսկոպոսին ուղված մի թուղթ, որը Աստծո բնության մասին մի իմաստասիրական խոսակցություն է: Գրիգոր Նյուսացին գրել է նրա կենսագրությունը: Վախճանվեց 270 թ.-ին՝ խաղաղ մահվամբ: Իր գործերից 10-12 կտոր թարգմանված է դասական հայերենի:

Մենք նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող տասներորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

 

Նիկողայոս Մյուռայի Հայրապետ

Առհասարակ ժողովրդականություն վայելող սրբերի կյանքը այնքան է զարդարվում հրաշալի իրադարձություններով, որ երբեմն պատմական դեպքերը և թվականները բոլորովին անտեսվում են և սուրբը գրեթե առասպելական մի անձնավորության է վերածվում: Սրանցից է նաև Սուրբ Նիկողայոս Հայրապետը:

Մեր տոնացույցում կան երկու Նիկողայոսներ, որոնք տոնախմբվում են դեկտեմբերի սկզբին, մեկը մյուսից երկու շաբաթ տարբերությամբ, երբեմն, Ս. Աստվածածնի հղության տոնի պատճառով, որը անփոփոխ է և միշտ տոնվում է դեկտեմբերի 9-ին, նրանք իրար հետ են տոնախմբվում, այդպես պատահեց 1972 թ.-ի նոյեմբերի 25-ին:

Հույները և լատինները մեկ Նիկողայոս Հայրապետ ունեն՝ Մյուռայի Եպիսկոպոսը, որևէ «Զմյուռնայի Հայրապետ» Նիկողայոս նրանք չունեն, ինչպես նաև չունեն մեր Հայսմավուրքները: Այնպես որ մնում է միայն Մյուռայի Ս. Նիկողայոս Հայրապետը, որի մասին էլ մենք պիտի խոսենք:

Ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա կոչված հին գավառի Բաթարա քաղաքում, որը ներկայիս Անթալիա քաղաքից շատ հեռու չէ: Մեծահարուստ, բայց միևնույն ժամանակ շատ բարեպաշտ և բարեգործ հոր զավակ է, նրա մայրը Նիկողայոս Երեց կոչված եպիսկոպոսի քույրն էր: Փոքր տարիքում կորցրեց իր ծնողներին և մորեղոր խնամատարությամբ բարեպաշտությամբ մեծացավ: Ավետարանի պատգամը. «Եթե ցանկանում ես կատարյալ լինել գնա վաճառիր ամբողջ ունեցվածքդ և աղքատներին բաժանիր», իրեն հասցեագրված համարեց, ուստի սկսեց իր հորից և մորից մնացած ունեցվածքը վաճառել և աղքատներին բաշխել: Իմանալով, որ ինչ որ երեք աղջիկների հայր չի կարողանում հայթայթել իր աղջիկների օժիտը, գիշերով երեք քսակ պատրաստեց և նրանց բակ նետեց, այդպիսով ազատելով ծնողին դժվար դրությունից: Մորեղբոր կողմից քահանա է ձեռնադրվում: Ս. Երկիր ուխտի գնալու ժամանակ ծովում խիստ ալեկոծություն է սկսում և Նիկողայոսի աղոթքներով ծովը հանդարտվում է:

Մյուռա քաղաքի եպիսկոպոս է ձեռնադրվում այն ժամանակ, երբ մահանում է տվյալ քաղաքի առաջնորդը: Մեծ եռանդով նվիրվում է իր ծառայությանը, հատկապես իր խնամքի առարկա է դարձնում աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին, որբերին և այրիներին: Երբ Լիկիանոսը «վերանորոգում» է Դիոկղետիանոսի հալածանքները, ձերբակալվում և աքսորվում է: Աքսորի ժամանակ էլ չդադարեց Ավետարանի քարոզչությունը: Խաղաղության վերահաստատվելուն պես իր աթոռը վերադարձավ: 325 թ.-ին ներկա եղավ Նիկիայի ժողովին: Հաջորդ տարի խաղաղ և երջանիկ մահվամբ կնքեց իր կյանքը:

Համարվում է ոչ միայն նավաստիների պահապան սուրբը, այլ մանավանդ մանուկների, որոնց հանդեպ միշտ հատուկ հոգատարություն էր ցուցաբերել: Ամերիկյան շրջանակներում տարածում գտած «Սանտա Կլաուս»-ի բացատրությունը, որը համապատասխանում է մեր Կաղանդ Պապին, «Սանտա Նիկոլաս»-ի աղավաղված տարբերակն է: Համայն Ռուսաստանի պահապան սուրբն է համարվում: Նրա ժողովրդականությունը արևմուտքում սկսվում է այն օրվանից, երբ իր մասունքները 1087 թ.-ին փոխադրեցին Իտալիայի Բարի քաղաքը, որտեղ իր անվամբ մի փառավոր տաճար է կառուցված:

Մենք նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող տասներորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

 

Մյուռոն Կրետեի Եպիսկոպոս

Ծնվել է Կրետե կղզու Ռավկիա քաղաքում, այսօրվա Հիրակլիոն քաղաքի մերձակայքում, երրորդ դարի կեսերին: Պատվական և մեծահարուստ քրիստոնյայի զավակ է: Ամուսնացավ: Առատաձեռն ու բարեգործ էր, որը հաստատելու համար իր մասին գողտրիկ փոքր պատմություններ են պատմվում: Մի անգամ իր սիսեռի արտի մեջ գողեր մտան, սակայն փշերի մեջ խճճվելով չկարողացան դուրս գալ, առավոտը ինքը եկավ նրանց ազատեց և սիսեռով բեռնավորված՝ ամենքին իր տուն ուղարկեց: Այլ գողեր էլ նրա կալը մտան, սակայն պարկերի ծանրությունից չկարողացան դրանք դուրս հանել: Նա առավոտյան գալով նրանց ուսին դրեց պարկերը և իրենց տները ճամփեց հանձնարարելով, որ այլևս գողութուն չանեն: Հրաշագործություններ էլ է արել: Ահ և սարսափ տարածող մի վիշապի իր աղոթքով սատկացրեց: Ստիպված մի գործի գնալու ժամանակ իր ճամփին մի գետի հանդիպեց, որը ծանծաղ տեղ չունենալու պատճառով անանցանելի էր, աղոթքով խաչակնքեց գետը և երիվարը քշեց, գետը երկու մասի բաժանվեց և երիվարը անցավ միջով;

Երբ իր ժամանակակից քրիստոնյաներին նահատակում էին, սպասում էր, որ հերթը իրեն էլ հասնի: Հալածանքի դադարելով իր մարտիրոսանալու փափագը անկատար մնաց: Ի վերջո իր քաղաքի եպիսկոպոսը դարձավ և սքանչելագործություններով խորին ծերության հասավ՝ հարյուր տարեկան, և խաղաղությամբ կնքեց իր բարեպաշտ կյանքը:

Մենք նրա հիշատակը տոնախմբում ենք Ս. Խաչին հաջորդող տասներորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը, մյուս երկու սքանչելագործ հայրապետների՝ Գրիգորի և Նիկողայոսի հետ միասին:

 

«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․