18 Հունվար, Եշ Սուրբ Անտոն ճգնավորի հիշատակության օր

Սուրբ Անտոն Ճգնավոր կամ Անտոն Անապատական

Հայրն ու հիմնադիրը ճգնակեցության, որով էլ` վանականության: Իր մասին մեր ունեցած տեղեկությունների համար առավելապես պարտական ենք իր ժամանակակից և բարեկամ Աթանաս Հայրապետին, որը գրել է նրա կենսագրությունը:

Ծնվել է 251 թ,-ին, բարեկեցիկ ընտանիքում, Եգիպտոսի Կահիրե քաղաքի հարավում գտնվող Կոմա գյուղում: Շուրջ քսան տարեկան հասակում, երբ արդեն ժառանգել էր իր ծնողների հարստությունը, մի օր եկեղեցում լսեց ավետաևանական հետևյալ հատվածը. «Եթե ցանկանում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր ունեցվածքդ, աղքատներին տո՛ւր և ինձ հետևի՛ր»: Այս խոսքն իրեն ուղղված համարելով՝ ամբողջ ունեցվածքը վաճառեց, տվեց աղքատներին և աղոթքով, պահքով և բարեգործությամբ ինքն իրեն ամբողջովին հոգևոր կատարելության կյանքին նվիրեց, ուրիշ խոսքով ասած՝ Աստծուն նվիրվելու համար «աշխարհից հրաժարվեց»: Նախապես, իր այս հոգևոր կյանքը իր տան մեջ էր ապրում; Այստեղ էր, որ դևերի հետ, որոնք վայրի գազանների կերպարանքներով նրա համար ֆիզիկական կերպարանք էին ստանում,  ահավոր և տարօրինակ պայքարներ ունեցավ, և սարսափելի ու երկարատև մաքառումներից հետո սպառված և գրեթե կիսամեռ վիճակում էր, բայց երբեք տեղի չէր տալիս դրանց փորձություններին և չարչարանքներին: 15 տարի պայքարի և մաքառումների այսպիսի կյանք ապրելուց հետո՝ 35 տարեկանում, հեռացավ բնակավայրերից և հեռավոր անապատի մի լքված բերդի մեջ բոլորովին առանձնացավ և այնտեղ քսան տարի ապրեց, բոլորովին մարդու երես չտեսնելով: Սակայն իր սրբության և հոգևոր զորության համբավը, թաքնված մանուշակի բույրի պես, ամեն կողմ, անզգալի կերպով, տարածվեց, և բազմաթիվ ուխտավորներ և հոգևոր կյանքին ծարավ մարդիկ սկսեցին այցելել նրան և հաստատվել շրջակայքի քարայրներում: Սկզբում, հակառակ իրեն տեսնելու և իր աղոթքից ու օրինակից օգտվելու բոլոր խնդրանքներին, Ս. Անտոնը ոչ ոքի համար չէր բացում իր բերդի դուռը: Ի վերջո, շրջակայքում հաստատված, պարբերաբար և թախանձագին խնդրեցին նրանից, որ այլևս դուրս գա իր առանձնությունից և իրենց համար հայր ու առաջնորդ դառնա: Ի վերջո, 305 թ.-ին, երբ 55 տարեկան էր, դուրս եկավ իր բերդից և այնտեղ հավաքված մարդկանց բացատրելով ճգնավորական կյանքի կանոնները, նրանց համար դաստիարակ դարձավ, այսպիսով կազմակերպված ճգնավորական կյանքի և նախնական վանական համակարգի հիմք հանդիսանալով: Մի քանի տարի նրանց դաստիարակելուց և նրանց հոգևոր կենցաղը որոշակիորեն կազմակերպելուց հետո դարձյալ հեռացավ ավելի խոր և ամայի մի անապատ: Այստեղ անցկացրեց իր կյանքի մնացած քառասուն տարիները: Ասում են, որ միայն երկու անգամ է դուրս եկել իր այս թաքստոցից, առաջինը 311 թ.-ի ահավոր հալածանքների ժամանակ, հավատացյալներին սրտապնդելու և զորացնելու համար, մյուսը 350 թ.-երին, որպեսզի արիոսականներին դեմ արտահայտվի, որոնք Եկեղեցուց ներս տիրապետող էին դարձել: Վախճանվել է խաղաղ մահով 105 տարեկան հասակում 355 թ.-ին: Իր հատուկ ցանկությամբ, իրեն թաղող երկու աշակերտները, նրա գերեզմանի տեղը գաղտնի են պահել:

Պատմականորեն Ս. Անտոնը առաջին ճգնավորը չէր, որ ստորև կտեսնենք: Այսուհանդերձ նա չի դադարում ճգնակեցության հայրը և հիմնադիրը հանդիսանալ: Նախ, քանի որ, երբ Ս. Անտոնը արդեն իսկ անապատական էր և մենակյացների առաջնորդ, ստորև հիշվելիք ճգնավորի գոյությունն աշխարհին հայտնի չէր, երկրորդ՝ ոչ ոք ճգնակեցության վրա այնպիսի անջնջելի հետք չի ունեցել, ինչպիսին Ս. Անտոնը: Այս ազդեցությունը նախ այն բացառիկ սրբության արդյունքն էր, որին նա հասել էր այն բացառիկ կանոնավոր կյանքի շնորհիվ, որն ամբողջությամբ իր ժամանակների ապականված և անբարոյական հեթանոսական աշխարհի հակապատկերն էր մի կողմից, և մյուս կողմից՝ այդ օրերի Եկեղեցու աշխարհականացած կենցաղի: 

Այդ հակադրությունը, կամ տարբերությունը, նաև կարող ենք տեսնել մի կողմից նրա խոհականության, լրջության ու չափավորության և մյուս կողմից՝ իր ժամանակակից ճգնավորներից մի մասի կողմից գործածվող չափազանցությունների մեջ, որոնք ֆիզիկական վարժություններին չափազանց կարևորություն տալով՝ ճգնությունը կամաց-կամաց վերածում էին, այսպես ասած հոգևոր «ձյուդոիզմի»:

Ս. Անտոնը բարձր նկարագրով, լրջախոհ մի անձնավորություն էր, որքան որ ազդեցիկ էր իր ֆիզիկական հասակով, նույնքան և ավելի՝ իր բարոյական և հոգևոր մեծությամբ: Իր բարձր բարոյական հատկությունները հայտնի են դառնում, թե՛ իր ժամանակակից և թե՛ իրենից հետո ապրած վարքագիրների մոտ: Նրանցից մեկը Ս. Անտոնի մասին ասում է. «Իր ուսմունքը մաքուր և անխոցելի է եղել, խառնվածքը՝ բարձր և երկնային: Վախկոտության և վարանման, թախիծի և անձկության, ձևականության և հանձնապաստանության ոչ մի հետք չուներ; Նա լցված էր Աստվածային խաղաղությամբ և Աստծո հանդեպ սուրբ վստահությամբ, օժտված էր հոգեկան արիությամբ և սուրբ զորությամբ: Խանդավառված էր սրբության և կատարելության գաղափարներով, սակայն դա մոլեռանդական չափազանցությունների մեջ ընկնելու պատճառ չէր: Նրա ազնվականությունը և զգաստությունը ի հայտ են գալիս իր մասին պատմվող մի շարք դրվագներում»: Ս. Անտոնն ասել է. «Խոհականությունը կատարելության հասնելու համար հիմնական առաքինությունն է»:

Իր անմիջական ազդեցությամբ հաստատված ճգնողական կյանքն ավելի ազդեցիկ դարձավ և տարածում գտավ Հյուսիսային Եգիպտոսում:  Հարավային շրջաններում կիրառում էին Պախոմիոսի հաստատած կանոնները: Ս. Անտոնի կանոնները կարծես մենակեցության և հավաքական կյանքի բարեխառնումը լիներ: Նրա հաստատած կարգերի համաձայն, ճգնավորները բնակվում էին առանձին այրերում, կամ խցերում, բայց ապրում էին նույն շրջանում և նույն կանոնով առաջնորդվող ճգնաղական հավաքականության անբաժանելի մասն էին կազմում և առհասարակ բոլորը հավաքական պաշտամունքի (ժամերգության) ժամանակ մեկտեղվում էին: Ամեն մի անհատ նույն կանոնների և ցուցումների լույսի ներքո ձգտում էր իր հնարավորության և իր խառնվածքին համապատասխան ապրելու մի կատարյալ կյանքի: Իր ցուցմունքով և իր առաջնորդությամբ ապրողների թիվը նրա կյանքի վերջում հազարների էր հասել:

Նրա կենսագիրներից մեկը հետևյալ եզրակացությունն է անում.

«Քիչ անուններ կան, որ այնքան մնայուն, խորը և բարերար ազդեցություն են թողել մարդկային ազգի վրա, որքան Ս. Անտոնինը»:

Ս. Անտոնին ընծայված շարականի «կանոնը» հետևյալ քառատողով է սկսվում.

«Որ գերազանցյալ գտար

Առաւել քան (ը)զբնութիւն մարդկան,

Երանելիդ ի հարս Ս. Անտոն,

Առ Քրիստոս բարեխօսե՛ա վասն անձանց մերոց», և ավարտվում է հետևյալ տողերով.

«Բաժակ հոգևորական՝

Լցեալ Աստուածային ուրախութեամբ,

Ո՛վ Ս. Հայր Անտոն

Զաղաչանս մեր մատո՛ Ս. Երրորդութեան»:

 

«Համաքրիստոնեական սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997 

Արևելահայերենի փոխադրեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․