28 Նոյեմբեր, Եշ
10 Մարտ, Քառասնորդական պահքի Ե կիրակի Դատավորի կիրակի
Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի՝ «Անիրավ դատավորի և այրի կնոջ առակ»-ի հիման վրա (Ղուկաս 18:1-8): Ղուկաս ավետարանիչը առակի սկզբում իսկ հայտարարում է, թե ինչ նպատակով է ասված այն, այսինքն՝ հայտնելու համար. «…թե պետք է միշտ աղոթել առանց վհատվելու» (Ղուկաս 18:1): Ըստ առակի՝ քաղաքներից մեկում ապրում էր մի անիրավ դատավոր, ով ո՛չ Աստծուց էր վախենում և ո՛չ էլ մարդկանցից ամաչում. իր անխիղճ վերաբերմունքով ոտնակոխ էր անում օրենքը և խլում ուրիշների իրավունքը: Նկատի ունենալով, որ ինքը դատավոր է և վերջին խոսքը իրեն է պատկանում և իրենից վեր իշխանություն չկա, սանձարձակ կերպով տնօրինում էր ամեն ինչ: Աստծուն չէր հավատում, խիղճ բնավ չուներ, հետևաբար ազատ-համարձակ տնօրինում էր ամեն գործ՝ ի շահ իրեն: Նույն քաղաքում մի այրի կին էլ էր ապրում: Կինն, ընկճված իրեն անհանգստացնող չարակամ մի անձից, դիմում է դատավորին, որ ազատի իրեն հակառակորդի ձեռքից, պաշտպանի իր իրավունքն ու իր խնդրին արդար լուծում տա: Սակայն անիրավ դատավորն անտեսում է խեղճ կնոջ աղաչանքները: Այրին ամեն օր գնում է դատավորի մոտ, բայց անօգուտ: Ամենօրյա իր թախանձանքն ու խնդրանքը միշտ էլ անտեսվում են: Կինը չի հուսահատվում, շարունակ դիմում, խնդրում է նրան: Այսպես նա հասնում է իր նպատակին: Դատավորը, ձանձրացած այրի կնոջ ամենօրյա այցելություններից և հետապնդումներից, որոշում է տեսնել այրի կնոջ դատը: Դրանից հետո իր մտքում ասում է. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս այրին նեղություն է տալիս ինձ, նրա դատը տեսնեմ, որպեսզի անվերջ մոտս գալով՝ չանհանգստացնի ինձ»: Եվ Տերն ասաց. «Լսեցեք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի»: Առակը վերջանում է հետևյալ հարցադրումով. «Բայց Մարդու Որդին երբ գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա » (Ղուկաս 18:8):
Այրի կնոջ պահվածքը սովորեցնում է աղոթքի մեջ լինել հաստատակամ ու հավատքի մեջ՝ ամուր: Առակը անդադար, ամեն ժամ, անձաձրույթ աղոթք անելու մասին է:
Անիրավ դատավորը իր անիրավ ընթացքով Աստծո ողորմությունը ստանալու օրինակով է գործածվում: Սակայն ոչ թե նմանությամբ, այլ՝ բաղդատությամբ: Քրիստոս չի ասում, թե Աստված գործում է այնպես, ինչպես անիրավ դատավորը, այլ պատճառաբանում է, որ եթե անիրավ դատավորն էլ, ում վրա ո՛չ Աստծո երկյուղը և ո՛չ էլ մարդու ամոթը չէին ազդում, պարտվում է հարատևության ազդեցությունից, որքան ավելի բարության և գթության աղբյուրը՝ Աստված: Աստված ի տարբերություն առակի մեջ նկարագրված անիրավ դատավորի, արդար է, բարեսիրտ, բարեգութ և այս առակը մեզ համար բացահայտում է հենց Աստծու ամենակարևոր հատկանիշներից մեկը` արդարությունը: Աստված Արդար Դատավոր է, քանի որ դատելու նրա չափանիշը արդարությունն է:
Երբ Աստծուն ուղղված մեր խնդրանքներն ու աղաչանքները շուտափույթ լսելի չեն դառնում, գուցե թե մեզանից շատերը հուսալքվում են ու դադարեցնում աղոթքը, մինչդեռ, ինչպես մեր հոգևոր հայրերից մեկն է ասում. «Աստված հաճախ ուշացնում է մեր աղոթքներին պատասխանել, որպեսզի մեր բարի փափագներն ավելի զորանան ու արմատավորվեն»:
Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու մեկնության՝ դատավորը միտքն է, թշնամիները` մարդու հոգին և մարմինը: Սրա համար էլ ասվում է, թե` «Մի քաղաքում մի դատավոր կար», արդ քաղաքը մարդն է: Մարդն իբրև պարիսպ ունի իր մարմինը, իբրև դռներ` զգայարանները, բնակիչներ` հոգին, իբրև իշխանավորներ` միտքը, իսկ իբրև զինվորներ`ցանկությունն ու ցասումը: Իսկ ունեցվածքն ու հարստությունն են` հավատը, հույսը և սերը, ինչպես նաև խոհեմությունը, արիությունը, ողջախոհությունը և արդարությունը: Եվ ինչպես որ թշնամիների և սիրելիների համար քաղաքի բոլոր ելքերն ու մուտքերը դռան միջոցով է, այնպես էլ մեր միջով է բարի և չար գործերի ելքն ու մուտքը, որ հինգ զգայարաններով են լինում, քանի որ սրանցով ենք մեղք գործում, այսինքն` աչքով գեղեցիկ բաներ ենք ցանկանում, ականջով`հաճույքով լսում ենք այն, ինչ օգտակար չէ և վնասակար է մեր հոգու համար, հոտոտելիքով` թուլանում, լեզվով սուտ խոսում և բերանով ագահի պես ուտում և խմում, ձեռքով զրկում և վնասում ենք: Իսկ երբ ցանկանանք ետ դառնալ մեր մեղքերից, հենց այս զգայարաններով ենք բարին գործելու: Քաղաքին արդար դատավոր կարգեց միտքը` արդարությամբ քննող և տանջող, որովհետև ուր որ բողոք կա, քննում և որոշում է չարն ու բարին, միշտ փախչում է չարից և հետևում բարուն: Իսկ եթե սխալվելով ընկնի չար գործերի մեջ, այնժամ խղճմտանքը կչարչարի ու կտանջի նրան որպես հանցավորի: Ազգերի դատավորները չորս ձևով են կեղծում դատաստանները`տգիտությամբ կամ կաշառքով, վախենալով կամ երեսպաշտությամբ: Իսկ միտքն արդար դատավոր է հոգու և մարմնի համար և սրանցից ոչ մի շեղվածություն չունի, որովհետև միտքը իմաստուն է և ունեցվածքի անկարոտ: Այս պատճառով էլ անկաշառ է և նրանց իշխանը այս պատճառով էլ չի երկնչում: Եվ քանի որ արդար է, դրա համար էլ որևէ ակնկալություն չունի, ապա ուրեմն արդար է դատում: Ինչպես ասաց Հովհաննեսն իր ընդհանրական թղթում. «Եղբայրնե՛ր, եթե մեր մտքերը մեզ չդատապարտեն, համարձակություն կունենանք Աստծո առաջ», որովհետև միտքը վկա է մեր ստությանն ու ճշմարտությանը, սրանից չենք կարող ծածկել մեր մեղքերը, սա ամեն ժամ մեզ հետ է որպես ուսուցիչ և խրատող: «Մի քաղաքում մի դատավոր կար, Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում»: Որովհետև փակ տեղում է, և որևէ մեկը նրան չի տեսնում, այդ պատճառով էլ մարդկանցից չի ամաչում, իսկ որ Աստծուց չի վախենում այն պատճառով է, որ նա իշխանությամբ ազատ է և ոչ թե ծառա: Եվ եթե որևէ մեկն ասի, թե` ինչո՞ւ ենք ազատ կամքով, ինչո՞ւ Աստված մեզ հարկերի տակ չստեղծեց, որպեսզի չկարողանայինք մեղանչել: Այսպիսիններին առաքելական սաստող խոսքով կասենք. «մի՞թե կավը կասի բրուտին, թե` ինչո՞ւ այդպես ստեղծեցիր ինձ»: Եվ քանի որ ստեղծված ենք, ակամա փոփոխական ենք, որի պատճառով մեր ազատությունն էլ փոփոխական է, այսինքն՝ տատանվում է բարու և չարի միջև: Աստված մարդուն անձնիշխանություն և ազատ կամք է տվել, որպեսզի ազատաբար ընտրի բարին, ինչպես արեցին հրեշտակներն ու բոլոր սրբերը: Բայց մարդիկ, այդ անձնիշխանությունը ի չարս գործադրելով, նմանվում են սատանային` ընտրելով չարն ու խորշելով բարուց: Հետևաբար Աստված մեղադրելի չէ, որ բարիք գործադրելու համար ազատ կամք և անձնիշխանություն պարգևեց, բայց նրանք այդ վերածեցին չարիքի: Արդար դատավորը և ազատ միտքը, երբ գործում է կարգ ու կանոնով, խորշելով չարից, բարին կատարելով,ապա նաև հոգին իր հետ վեր է բարձրացնում, մարդն ամբողջովին Աստծո նման երկնային է դառնում: Իսկ երբ միտքը պարտվում է բարի մտքերից, այնժամ գերվում է զգայություններից և ծառայում հաճույքներին: Այն ժամանակ ոսոխ մարմինը, զորանալով, մտքից հարձակվում է հոգու վրա` կեղեքելով, չարչարում է նրան: Իսկ այնուհետև հոգին այրիանում է փեսա Քրիստոսից, որովհետև, սիրով Աստծո կամքը կատարելով, Քրիստոսի հարսն էր դարձել: Այդպես և հոգին, երբ թողնում է Աստծո կամքը`այրիանում է, այսինքն բարի գործերից անզավակ և անպտուղ է մնում: Եվ այրին գալիս էր նրա մոտ և ասում. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես», այսինքն հոգին գալիս էր դատավոր մտքի մոտ և թախանձում նրան դատաստան տեսնել թշնամի մարմնի նկատմամբ, քանի որ անիրավ է և զրկում է իրեն բարիքներից և հեռացնում է Աստծո կամքից: Իսկ միտքը, մարմնի հետ հեշտանալով, ո՛չ կամենում է լսել հոգուն և ո՛չ դատել, որի պատճառով էլ անիրավ դատավոր է կոչվում: Բայց հետո, սթափվելով, ասում է. «Եթե բարեկամության համար չեմ անում, սակայն թախանձանքի պատճառով նրա դատը տեսնեմ, որպեսզի ինձ չանհանգստացնի», - այսինքն խղճմտանքը քննադատում է մտքին անիրավության համար: Այն ժամանակ միտքը, զղջալով, դարձի է գալիս և արդար դատաստան տեսնում, այսինքն ապաշխարությամբ և զղջմամբ հրաժարվում է մեղքերից և հանգիստ գտնում խղճմտանքով: Եվ անիրավ դատավորն իր զղջման և ապաշխարության միջոցով դառնում է արդար դատավոր: Այսպես և Աստված դատ կանի նրանց, ովքեր գիշեր և ցերեկ աղաղակում են: Իսկ եթե դու, ինչպես ասում է առաքյալը, արհամարհում ես Աստծո ներողամտությունը, ապա քո անձի դեմ բարկություն ես դիզում բարկության օրվա և Աստծո արդար դատաստանի հայտնության օրվա համար: Որովհետև. «Ով սիրում է մեղքը, ատում է իր անձը»,- ասում է մարգարեն: Եվ արդ, լսեցե´ք, եղբայրներ, թե ինչ էր դատավորը անիրավությամբ անում. «Աստծուց չէր վախենում և մարդկանցից չէր ամաչում»: Մեղավորին դարձի են բերում Աստծո հանդեպ երկյուղն ու ամոթը մարդկանցից, որովհետև Տիրոջ երկյուղով ամեն ոք խորշում է չարից և ամոթահար լինելով՝ խուսափում ենք չարից: Եվ արդ, մենք պետք է երկնչենք Աստծուց և ամաչենք մարդկանցից, որովհետև ահավոր է ընկնել կենդանի Աստծո ձեռքը: Եվ ինչպես Ինքը Տերն ասաց. «Եվ մի´ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, այլ դուք առավել վախեցեք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել հոգին և մարմինը»: Որի պատճառով էլ Քրիստոս փրկում է Իր անունով մեզ և բոլոր հավատացյալներին հավիտենական կրակի տանջանքներից և Իր ողորմությամբ արժանի է անում անճառելի ուրախությունների և անպատմելի ցնծության` Քրիստոս Հիսուսի մեր Տիրոջ հետ, Ով օրհնյալ է Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս ամեն:
Կազմեց Կարինե Սուգիկյանը