28 Նոյեմբեր, Եշ
1 Ապրիլ, Բշ, Սուրբ Զատկի Բ օր Հիշատակ մեռելոց
Սուրբ Զատկի հաջորդ օրը մեռելոց է, նվիրված հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում Հոգեհանգստյան կարգ՝ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս:
Հավատացյալները գրության մեջ հիշատակում են իրենց ննջեցյալների անունները, որպեսզի նրանց անունները հիշատակվեն եկեղեցում Սուրբ Պատարագին: Այդ օրը մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները:
Հավատացյալները շարունակ աղոթում են, որ Աստված Վերջին դատաստանի ժամանակ քաղցր ողորմության արժանացնի հավատքով ննջած հանգուցյալներին, խնդրում Տիրոջ ներողամտությունը:
Հին Կտակարանում Մակաբայեցիներ երկրորդ գրքում Հուդա Մակաբայեցին, պատերազմում ընկածների հարության ակնկալություն ունենալով, իմաստուն մի քայլ կատարեց: Նա հավատում էր, որ քաջությամբ ընկածները մեղքերի թողություն կստանան: Հուդա Մակաբայեցին արծաթ հավաքեց և ուղարկեց Երուսաղեմ՝ ննջեցյալների մեղքերի համար պատարագ մատուցելու (Բ Մակաբայեցիներ 12:43-46):
Հոգեհանգստյան արարողության ժամանակ ընթերցվող այս հատվածը. «Հաստա՛տ իմացեք, որ եթե ցորենի հատիկը հողի մեջ չընկնի և չմեռնի, ինքը կմնա որպես առանձին հատիկ, իսկ երբ մեռնի, բազմաթիվ հատիկներ կտա» (Հովհաննես 12:24), մեկ անգամ ևս վկայում է Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Որովհետև ինձ համար կյանքը Քրիստոսն է, ուստի և մեռնել, նշանակում է՝ շահել կյանքը» (Փիլիպպեցիներ 12:21): Ննջեցյալ թաղողին նմանեցնում են հողագործին: Հողագործը, երկար ժամանակ քրտնաջանորեն աշխատելով, սերմեր է հավաքում, այնուհետև, երբ գալիս է ցանելու ժամանակը, իր մեծ աշխատանքով հավաքած սերմերը գետին է նետում: Եվ ոչ միայն այս, դեռ ավելին, սերմերը հողին նետելով, նա միևնույն ժամանակ երբեմն-երբեմն հայացքը երկինք է բարձրացնում և աղոթում, որ անձրև գա և հողի մեջ փտեցնի տքնաջան աշխատանքով իր կողմից վաստակած այդ սերմերը, որպեսզի ինքը շատ ավելի մեծ շահ և արդյունք ստանա: Իսկ նրանք, ովքեր այդպես չեն վարվում, շատ շուտով սպառում են իրենց պաշարը և մատնվում են սովի, աղքատության և կործանման: Ահա ճիշտ այդպես էլ, երբ գալիս է մարդու երկրային կյանքի վախճանը, նրան հողին են հանձնում, որպեսզի մարդն ինքը դրանից ավելի մեծ շահ ունենա: Շահը, Պողոս առաքյալի ասածի համաձայն, այն է, որ հողին հանձնված ապականացու մարմինը, հարություն է առնելու անապակ, հոգևոր և կատարյալ (Ա Կորնթացիներ 15:53):
Ննջեցյալների համար ասված աղոթքը, հոգեհանգիստն ու գերեզմանօրհնեքը Վերջին դատաստանի և հարության հույսն են ներշնչում բոլորին և ամրապնդում այդ հույսը ու զորացնում հավատը: Մեռելոցի արարողությունը երախտագիտական ու հարգանքի արտահայտություն է ողջերի կողմից մեռելների հանդեպ, որպեսզի նրանք չմոռացվեն և հիշվեն: Այս արարողությունը արտահայտում է թե՛ ննջեցյալների հանդեպ հարգանքը, թե՛ բոլորի հարության հույսը:
Քրիստոնեական հավատն է մեզ մխիթարում, որ մենք միմյանցից բաժանվում ենք ոչ թե հավերժ, այլ Աստծո խոսքի և օրինակի համաձայն, նորից հանդիպելու հույսով. «Ուրեմն մի՛ զարմացեք, որ ասացի ձեզ, թե կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն Նրա ձայնը և դուրս կգան նրանք, որ բարիք են գործել, հարություն կառնեն և կապրեն, իսկ նրանք, որ չարիք են գործել, հարություն կառնեն և կդատապարտվեն» (Հովհաննես 5:28-29):
Կազմեց Կարինե Սուգիկյանը