7 Ապրիլ, Կիր, Սուրբ Զատկի Ը օր Նոր կիրակի կամ Կրկնազատիկ, Ավետումն Սուրբ Աստվածածնի

 

Նոր կիրակի կամ Կրկնազատիկ

Հինանց կիրակիների շղթայի սկիզբը Նոր Կիրակին է, որը հաջորդում է Սուրբ Զատկի տոնին:

Արևմտյան եկեղեցին այս կիրակին կոչում է «Սպիտակ կիրակի»: Սպիտակ անվանումը խորհրդանշորեն ակնարկում է եկեղեցում մկրտությամբ, հաղորդությամբ տեղի ունեցող հոգևոր մաքրագործումը:

Օրթոդոքս և կաթոլիկ եկեղեցիներում ընդունված է այս կիրակին անվանել «Թովմասի կիրակի»:

«Տեսնել և հավատալ» արտահայտությունը ծանոթ է բոլորին: Առաքյալներից Թովմասն էլ մինչև չտեսավ, չհավատաց:

Առաքյալները անսովոր ուրախություն ապրեցին և նրանց կասկածը փարատվեց, երբ Հիսուս Իր Հարությունից հետո հայտնվեց նրանց: Առաքյալներից Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, այդ պահին այնտեղ չէր: Նա քիչ էր համարում առաքյալների վկայությունը Քրիստոսի հարության մասին, հավատալու համար նա պետք է տեսներ. «Մինչև մեխերի հետքերը չտեսնեմ Նրա ձեռքերի մեջ և մատներս չդնեմ մեխերի տեղերն ու ձեռքս չդիպցնեմ նրա կողին, չեմ հավատա»: Ութ օր հետո Հիսուս նորից հայտնվեց առաքյալներին, Թովմասն էլ էր այնտեղ և մոտենալով նրան՝ ասաց. «Բե՛ր քո մատը, դի՛ր այստեղ և տե՛ս Իմ ձեռքերը. բե՛ր քո ձեռքը և դիպցրո՛ւ Իմ կողին. անհավատ մի՛ եղիր, այլ հավատացյալ»: Թովմասը տեսավ, հավատաց և բացականչեց. «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ»: Եվ Հիսուս նրան ասաց. «Դու հավատացիր, որովհետև Ինձ տեսար, չէ՞. երանի՜ նրանց, որոնք հավատում են առանց Ինձ տեսնելու»: Քրիստոսի խոսքերը, թե՝ Երանի՜ նրանց, որոնք հավատում են առանց Ինձ տեսնելու, նոր կյանքի, նոր կիրակիի սկիզբը դրեց:

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, թե՛ Իրեն հավատացողներին ու հետևորդներին, թե՛ անհավատ հեթանոսներին ու հակառակորդներին, հավաստիացնում է նրանում, որ հարությունից հետո Նա ուներ ոչ թե հրեշտակների պես թվացյալ ու թափանցիկ մարմին, այլ Սբ. Աստվածածնից ծնված այն մաքուր մարմինը, որ խաչելության վերքերն էր կրում հարությունից հետո:

Այսպիսով, Փրկչի հարության տոնին հաջորդող առաջին կիրակին կոչվում է Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ, «վասն երեք պատճառի. վասն ազատութեան, վասն հարութեան եւ վասն փրկութեան» (Սբ. Գրիգոր Տաթևացի, Ձմեռան հատոր): Կրկնազատիկը քրիստոնյային հիշեցնում է, որ այս կիրակի կրկնվում են զատկական ուրախությունները, տոնի ժամանակ տիրող հոգևոր ու ընկերային մթնոլորտը:

«Կիրակի» հունարեն բառ է, որ նշանակում է «տերունական»: Նախկինում գործածվում էր միայն միաշաբաթ բառը, այսինքն՝ շաբաթվա առաջին օրը, քանի որ Քրիստոս հարություն առավ Միաշաբաթ օրը: Հետագայում էր, որ տարածում գտավ հունական կիրակի բառը:

Սբ. Զատկին հետևող առաջին շաբաթ օրը նշվում է Սբ. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակը: Այս տոնը սրբոց հիշատակություններից միակն է, որ հանդիպում է Հինանց շրջանում:

Օրվան նվիրված «Նորոգեալ կղզիք» շարականը պատկանում է Ներսես Լամբրոնացուն: Նոր կիրակիին նվիրված շարականում կա անդրադարձ մարդկային կյանքի վերանորոգության խորհուրդին:

Ձմռան մեռելությունից հետո գարնանը բնությունը և կենդանական աշխարհի վերանորոգումը կենսուրախություն և հրճվանք է պարգևում ամեն մի մարդու:

Մարդկային կյանքում էլ անչափ կարևոր և կենսական է վերանորոգությունը:

Եթե ծառերն ու ծաղիկները անձրևի ու արևի շնորհիվ արթնանում են և կենդանանում, ապա մարդու ներքին կյանքը կազմող գաղափարները, համոզմունքները, սերը, հավատքը, որոնք չեն երևում, նույնպես կարիք ունեն նոր «արևի ու անձրևի»:

Մարդկության պատմության մեջ մարդկային բանական կյանքի գերագույն վերանորոգիչը դարձավ Քրիստոս: Նա Հին Ուխտը լրացրեց Նոր Ուխտով: Հին պատվիրանները լրացրեց նորով՝ սիրո պատվիրանով: Այդ պատճառով Նրան լսողներն ու տեսնողները զարմանում էին. «Ի՞նչ է այն նոր վարդապետությունը» (Մարկոս 1:27):

Հոգեպես նորոգված առաքյալները Քրիստոսի Ավետարանով վերանորոգություն էին քարոզում ողջ աշխարհին: Սբ. Պողոս առաքյալն իր մի քանի նամակներում անդրադառնում է նոր մարդ լինելու կարևորությանը (Գաղատացիներ 6:15):

«Ուստի մոռացե՛ք ձեր հին ինքնությունը, այսինքն՝ ձեր նախկին ապրելակերպը, որ ապականված էր խաբուսիկ ցանկություններով, վերանորոգվեցե՛ք հոգով՝ փոխելով ձեր մտածելակերպը, եղե՛ք նոր մարդ՝ ստեղծված Աստծո պատկերի համաձայն, և ճշմարիտ կյանքն ապրեցե՛ք արդարությամբ և սրբությամբ» (Եփեսացիներ 4:22-25):

«Թեպետև մեր արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե» (Բ Կորնթացիներ 4:16):

Ավանդույթի համաձայն` կրկնազատկի տոնին Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս է բերվում և Արագածոտնի թեմի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի տարվում Շուրիշկանի հրաշագործ Սուրբ Ավետարանը (1498թ.), որի հետ կապված են բազմաթիվ հրաշագործ պատմություններ, առողջանալու դեպքեր: Ավետարանին նվիրված են բազում երգեր ու ստեղծագործություններ: Այդ օրը շատերն ուխտի են գնում Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցի:

Կարինե Սուգիկյան

 

 

Ավետումն Սուրբ Աստվածածնի

Ավետումը քրիստոնեական տոն է, որը նվիրված է ավետարանական պատմությանը, երբ Գաբրիել հրեշտակապետն այցելում է Սուրբ կույս Մարիամին և հայտնում մարդկության փրկության ավետիսը, որ Նրանից ծնվելու է Աստծու Որդին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Ավետման մասին մանրամասնորեն նկարագրել է Ղուկաս Ավետարանիչը. «Վեցերորդ ամսին Գաբրիելհրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայիմի քաղաքը, որի անունը Նազարեթ էր, մի կույսիմոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդուհետ՝ Դավթի տնից։ Եվ այդ կույսի անունըՄարիամ էր։ Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզհետ է»։ Իսկ նա այս խոսքերի վրա խռովվեց ևմտքում խորհում էր, թե ինչ բան էր այս ողջույնը։Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար։Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի ևԲարձրյալի որդի կկոչվի։ Եվ Տեր Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նահավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմճանաչում»։ Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Սուրբ Հոգին կգա քո վրա, ևԲարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է ևԱստծու որդի կկոչվի։ Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս հղի է իր ծերության մէջ, ևայս՝ հղիության վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչված. որովհետև Աստծու համարանկարելի բան չկա»։ Եվ Մարիամն ասաց. «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թողքո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. 1:26-38):

Այս ավետիսի մասին Քրիստոսի ծնունդից ավելի քան 700 տարի առաջ մարգարեացել էր սբ. Եսային. «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Ես 7:14): Այս մարգարեությունից հետո դարեր շարունակ մարդիկ ապրում էին Փրկչի՝ Էմմանուելի (նշանակում է «Տերը մեզ հետ է»), աշխարհ գալու սպասումով, ինչը հրաշափառ կերպով պիտի տեղի ունենար անարատ Սուրբ Կույսի մայրանալու միջոցով:

Եկեղեցական ավանդության համաձայն՝ Սուրբ Կույս Մարիամի ծնողները բարեպաշտ և աստվածավախ անձինք էին և նախքան Մարիամի ծնվելը ուխտել էին աղջկան ընծայել Տաճարին, ուստի երեք տարեկանից սկսած մինչև չափահասություն (14 տարեկան), Նա հանձնվել էր նվիրյալ այրերի խնամքին, կրթվել, դաստիարակվել և ծառայել էր Տաճարում: Վերադառնալով հայրական տուն՝ Նազարեթ, որոշ ժամանակ անց նշանվել էր Հովսեփի հետ:

Սակայն Աստծո նախախնամությամբ Նրան վիճակված էր անարատ հղությամբ իր արգանդում կրել Աստվածորդուն և դառնալ մեր Փրկիչ՝ Տեր Հիսուս Քրիստոսի Մայրը:

Ըստ մի շարք աստվածաբանների՝ Գաբրիել հրեշտակապետի «Ուրախացի՛ր, ո՛վշնորհընկալ» խոսքերն առաջին բարի լուրն էին, ուղղված մարդկությանը, որով ազդարարվեց ադամական մեղսագործությունից փրկության ուղին: Եթե Եվան անիծվեց և դատապարտվեց ցավերով ծննդաբերելու, ապա Սուրբ Մարիամին հրեշտակապետն ասում է «Ուրախացի՛ր». որդեծնությունը վերափոխվում է Աստծու կողմից շնորհվող մեծագույն պարգևի:

Հրեշտակապետի խոսքերում տեսնելով Աստծո կամքը, Սուրբ Կույսն արտաբերում է «Ահավասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» նշանակալից խոսքերը, ինչն արտահայտում է Աստվածամոր անսահման հավատը, վստահությունն ու խոնարհությունն Աստծո հանդեպ: Համարվում է, որ հենց այդ պահին էլ կատարվել է անարատ հղիությունը: Դա կատարվեց ոչ միայն Հայր Աստծո նախախանմությամբ և Սուրբ Հոգու ներգործությամբ, այլև Սուրբ Կույսի հավատի և կամքի շնորհիվ:

Սուրբ Կույսի միջոցով աշխարհ եկավ Շնորհը և Լույսը, Փրկությունն ու Կյանքը՝ Հիսուս Քրիստոս:

Ավետարանում այդքան էլ շատ չեն պատմությունները Մարիամ Աստվածածնի մասին, բայց բոլոր այդ դրվագներում Նա հանդես է գալիս՝ որպես անմնացորդ սիրող, հոգատար և նվիրված մայր: Մանուկ Հիսուսին խնամելով, սնելով և դաստիարակելով հասցնում է հասունության տարիքին: Հետագայում էլ միշտ Նրա կողքին էր թե՛ Կանայի հարսանիքում, թե՛ Երուսաղեմ ուխտի գնալու ժամանակ և թե՛ Գողգոթայում: Մարիամը հավատում էր Իր Որդու առաքելությանը: Հենց այդ հավատն օգնեց Նրան դիմանալ Իր միակ Զավակի խաչելությանը, և Նա տեսավ Նրան հարուցյալ: Մարիամն ականատես եղավ, թե ինչպես ծաղկեց Աստծո Եկեղեցին, ինչպես Սուրբ Հոգին իջավ մարդկանց վրա, ինչպես մկրտվեցին հազարավոր մարդիկ:

Սուրբ Կույսն, իր հեզությամբ և խոնարհությամբ, կատարյալ կնոջ և մոր տիպար է հանդիսանում:

Մայրությունը Աստծո յուրահատուկ շնորհն է՝ տրված կնոջը, որով նա կարծես մոտենում է Արարչին, կարողանում է առավել խորը զգալ և գիտակցել լույս աշխարհ եկած երեխայի նկատմամբ տածվող ողջ պատասխանատվությունը: Երեխաների հանդեպ դրսևորվող մայրական սերը, խնամքը, հոգատարությունը, նրանց դաստիարակումը կնոջն օժտում են յուրահատուկ գեղեցկությամբ ու հմայքով:

Աստվածաշնչում ասված չէ, որ յուրաքանչյուր կին պետք է մայրանա, սակայն ամեն կին, ով արժանանում է այդ օրհնությանը, պետք է դրան վերաբերի կատարյալ պատասխանատվությամբ և լրջությամբ: Մայրությունը չի սահմանափակվում միայն ծննդաբերելով և մանուկ հասակում սնելով ու այլ խնամատարությամբ: Մայրը կարևորագույն դեր է կատարում զավակի ամբողջ կյանքի ընթացքում՝ լինի նա երեխա, դեռահաս, թե հասուն ու կայացած մարդ:

Պողոս առաքյալի՝ Տիտոսին ուղղված թղթում մատնանշվում է երիտասարդ կանանց ունեցած դերի կարևորությունը՝ հորդորելով, է «որ խրատեն դեռատի կանանց՝ սիրելուիրենց մարդկանց, լինելու որդեսեր, խոհեմ, մաքրակենցաղ, տնարար, բարեգործ, հնազանդիրենց մարդկանց, որպեսզի Աստծու խոսքը եւ վարդապետությունը չանարգվի է» (Տիտ 2:4-5): Քրիտոնյա կնոջ խնդիրն է, ոչ թե տուրք տալ աշխարհին, այլ ապավինել Աստծուն, քանի որ հենց Նա է կնոջն օժտել մայրանալու հրաշալի շնորհով, որը նա կարող է լիակատար իրականացնել միայն այն դեպքում, եթե սիրի ամուսնուն, սիրի երեխաներին, լինի հոգատար և բարեպաշտ տնտեսուհի իր տանը:

Հայ Առաքելական Եկեղեցին հնուց ի վեր Սուրբ Ավետման տոնը նշել է ապրիլի 7-ին: Աստվածաշունչը չի հայտնում Ավետման ստույգ օրը, սակայն, քանի որ, ըստ Եկեղեցական Սրբազան Ավանդության, Հիսուսը մարմնապես ծնվել է Մարիամ Կույսից հունվարի 6-ին, ապա այդ օրվանից ետ հաշվելով հղիության համար նախատեսված 9 ամիս ժամանակահատվածը (275 օր)` Ավետման տոնը ստացվում է ապրիլի 7-ին: 1995 թ.-ից ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ապրիլի 7-ը ամրագրվեց նաև ազգային տոնացույցի մեջ՝ որպես Մայրության և գեղեցկության օր:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Սուրբ Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր: Այդ օրը Հայաստանի բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որի ավարտին կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ, որպեսզի Աստվածամոր բարեխոսությամբ օրհնվեն հայոց ընտանիքները՝ հավատարիմ մնալով եկեղեցու սուրբ ավանդությանն ու դավանանքին:

 

Գևորգ սրկ. Համբարձումյան

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․