28 Նոյեմբեր, Եշ
12 Մայիս, Կիր Երկրորդ Ծաղկազարդ
Հիսուս Քրիստոսի համբարձումից երեք օր հետո հանդիպող կիրակին կոչվում է Երկրորդ Ծաղկազարդ: Այս օրը շատ նմանություններ ունի առաջին Ծաղկազարդին, քանի որ նույն պաշտամունքն են մատուցում և ընթերցում են առաջին Ծաղկազարդի Ավետարանները:
Տոնախմբությունը հաստատվել է Ներսես Շնորհալու եղբայր՝ Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի կողմից և տոնում է միայն Հայ եկեղեցին:
Երկրորդ Ծաղկազարդի տոնախմբության հիմքում ընկած է հետևյալ ավանդությունը: Ըստ որի՝ Գրիգոր Լուսավորչին խոր ու խավար վիրապում չորրորդ դասի երկնային մի հրեշտակ էր ծառայում:
Համբարձման չորրորդ օրը, այսինքն՝ Երկրորդ Ծաղկազարդի կիրակի օրը, հրեշտակը, ի զարմանս Գրիգոր Լուսավորչի, չի այցելում:
Հաջորդ օրը, երբ նորից է հայտնվում երկնային հրեշտակը ու սկսում սպասարկել Աստծո նվիրյալին, Գրիգոր Լուսավորիչը հարցնում է նրան բացակայության պատճառը և տեղեկանում, որ այդ օրը երկնային քահանայապետությունը տոնում էր Հիսուսի երկինք համբառնալը և նույն օրը չորրորդ դասակարգության տոնն էր: Համբարձմանը հաջորդող ինն օրերին Քրիստոս հրեշտակների ինը դասերում եղավ և յուրաքանչյուր դասում մի օր հանգստացավ: Այդ օրերին յուրաքանչյուր դաս ցնծությամբ և ուրախությամբ ընդառաջ էր ելնում Տիրոջն ու Նրա պատվին տոն կատարում, և Տերը նրանց հաստատում էր ու հայտնում Իր մարդեղության խորհուրդը: Իսկ չորրորդ օրը չորրորդ դասում հանգստացավ և այդ պատճառով ամեն տարի այդ օրն այդ դասը տոն է կատարում:
Այս առթիվ Գրիգոր Վկայասեր կաթողիկոսի գրած «Մեծահրաշ այս խորհուրդ» շարականում հանգամանորեն պատմվում է ամբողջ ավանդությունը:
Ինչպես հարությունից հետո Քրիստոս մնաց օդում քառասուն օր, որպեսզի մարդկանց մեջ հաստատի Իր հարության հավատը, այդպես էլ համբարձումից հետո ինն օր մնաց հրեշտակների դասերում, որպեսզի նրանց հայտնի մարդկանց փրկության խորհուրդը:
Այսպիսով, եթե բուն Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի արքայական մուտքը Երուսաղեմ, ապա Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի փառավոր մուտքը ի Վերին՝ Երկնային Երուսաղեմ, հրեշտակների ուղեկցությամբ:
Կազմեց Կարինե Սուգիկյանը