28 Նոյեմբեր, Եշ
26 Մայիս, Կիր Եղիա մարգարեի հիշատակության օր
Իսրայելում ապրող Աստծո հավատարիմ մարգարեներից Սուրբ Եղիան աստվածաշնչյան մարգարեների մեջ առանձնանում է իր անապատական ու հրաշքներով լի կյանքով, կրակոտ նախանձախնդրությամբ և անսովոր վախճանով: Նա այն երկու մարդկանցից մեկն է (մյուսը Ենոքն է), որոնց մասին Աստվածաշնչում գրված է, թե երկինք են «փոխադրվել» առանց մահանալու (Ծննդոց 5:18-24):
Նրա պատմությունը գրված է Աստվածաշնչում Թագավորությունների 3-րդ և 4-րդ գրքերում: Եղիայի մասին Աստվածաշունչը հայտնում է, որ Թեզբացի է, Գաղաադի Թեզբե անունով բնակավայրից: Ապրել է Քրիստոսի ծնունդից առաջ 9-րդ դարի առաջին կեսում Աքաաբ արքայի թագավորության օրոք: Եղիան Աստծո արդար զայրույթի մարմնացումն է երկրի վրա: Ապրում էր «քաղաքակրթության» այլասերիչ ազդեցություններից հեռու, բնության ծոցում: Նա Աստծուց ուղարկվում է արքայի մոտ, ով Սողոմոն թագավորի հաջորդներից և մինչ այդ օրը եղած թագավորներից ամենապիղծն էր, ում կինը՝ Փյունիկեցի Հեզաբելը, կռապաշտ էր և իր հետ իր երկրից բերել էր նաև կուռքեր ու շուրջ հազար քուրմ՝ Իսրայելում ևս կռապաշտությունը տարածելու համար: Հեզաբելը նաև կոտորել էր տվել Աստծո բազմաթիվ մարգարեների: Երկիրն այդ ժամանակ ընկղմվել էր կռապաշտության մեջ և իսրայելացիները մոռացել էին իրենց ճշմարիտ Աստծուն, ում հավատարիմ ու նախանձախնդիր ծառան էր Եղիան:
Բոցաշունչ Եղիան՝ հալածվածների և ընչազուրկների պաշտպանը, ներկայանալով Աքաաբ արքայի առաջ, առանց տատանվելու կշտամբում ու հանդիմանում է Աքաաբ թագավորին և ասում, որ Իսրայելի երկիրը մի քանի տարի անձրև կամ նույնիսկ ցող չի ունենա իբրև պատիժ:
Թագավորի հավատարմությունը Աստծուն աղբյուր է հանդիսանում ազգի բարգավաճմանը, մինչդեռ կռապաշտությունն ու անհնազանդությունը Աստծուն՝ անխուսափելիորեն առաջնորդում են աղետի: Եղիա մարգարեն հիշեցնում է թագավորին Աստծո պահանջները:
Նա փորձում է ետ պահել իր ժողովրդին կուռքերին հետևելուց՝ ցույց տալով նրանց, թե ինչպիսին է միակ ճշմարիտ Աստված: Համոզում է Իսրայելին, որ չերկրպագեն Բահաղին, այլ իրենց հույսն ու հավատը դնեն Աստծո վրա:
Աքաաբն ու Հեզաբելը հալածում էին Եղիային այն բանի համար, որ նա ջանում էր զղջում առաջացնել մարդկանց սրտերում: Քանի որ Իսրայելը հեռացել էր Տիրոջ ուղուց և դարձել կռապաշտ, Իսրայելում մեծ երաշտ է առաջանում և երեք ու կես տարի անձրև չի տեղում:
Աստծո հրամանով Եղիան հեռանում է Քոռաթի հեղեղատը, որից նա խմում էր իր ջուրը, իսկ ագռավներն ամեն օր երկու անգամ հաց ու միս էին բերում նրան ուտելու: Անձրևի չգոյության պատճառով հեղեղատը ցամաքում է և դարձյալ Աստծո հրամանով Եղիան գնում է երկրի հյուսիսային կողմը՝ Սարեփթա քաղաքը, ուր մի այրի կին նրան հյուրընկալում է և օթևան տալիս: Եղիան օրհնում է այս կնոջ յուղի և ալյուրի ամանները, որպեսզի դրանք երբեք չդատարկվեն, նաև հարություն տալիս նրա մեռած որդուն:
Երաշտի երրորդ տարին Եղիան դարձյալ գնում է Աքաաբի մոտ և ասում, որ Կարմեղոս լեռան վրա հավաքի իր հազար քրմերին և կանչի Իսրայելի ժողովրդին. «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքի վրա: Եթե Տերը Աստված է, ապա հետևեցեք Նրան, իսկ եթե Բահաղն է աստված, ապա Բահաղին հետևեցեք:
Տվեք երկու եզներ, մեկը ձեզ, մեկը ինձ: Յուրաքանչյուրը իր զոհը թող դնի սեղանին, բայց կրակ չվառի: Դրանից հետո դուք կանչեցեք ձեր աստծուն, ու ես կկանչեմ իմ Տեր Աստծուն: Այն Աստվածը, որը կրակի միջոցով կպատասխանի, նա է ճշմարիտ Աստվածը»:
Այդպես էլ արվում է և Եղիան աստվածային հրաշքով ցույց է տալիս Իսրայելի ճշմարիտ Աստծո զորության դիմաց քրմերի անզոր լինելն ու խաբեությունը: Ժողովուրդը, տեսնելով
սա, Եղիայի հրամանով բռնում է քրմերին ու սպանում: Եղիան աղոթում է և դարձյալ անձրև է գալիս:
Հեզաբել թագուհին, կատաղելով իր քրմերի սպանության պատճառով, սպառնում է հաջորդ օրն իսկ սպանել տալ Եղիային:
Եղիան հակառակ իր խիզախության և հրաշագործ կարողության, «մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակա», ինչպես ասում է Հակոբոս առաքյալը (Հակոբոս 5:17): Ուստի, Հեզաբելի սպառնալիքներից վախենալով, այս անգամ գնում է երկրի հարավային կողմը, մինչև Սինա լեռը և այնտեղ մի քարայրում սպասում Աստծո նոր պատգամին:
Աստված, զեփյուռի տեսքով հայտնվելով, նրան պատգամում է վերադառնալ և Ասորիքի թագավոր օծել Ազայելին, Իսրայելի թագավոր Հեուին, իսկ իբրև իրեն Եսայիին հաջորդող մարգարե՝ օծել Եղիսեին:
Աստված երկրի վրա Եղիային բազում հրաշագործություններով փառավորելուց հետո հրեղեն կառքով ու մրրիկով տանում է երկինք: Նա բարձրանում է երկինք Եղիսեի աչքի առաջ՝ առանց մարդկային բնական մահով մեռնելու: Սրանից առաջ Եղիսեն Եղիայից խնդրում է ստանալ նրա կրկնակի հոգին, այսինքն՝ նրան տրված զորության կրկնակին, ինչն իրոք տեղի է ունենում: Երբ կառքով բարձրանալիս Եղիան իր թիկնոցը, գցում է վար և Եղիսեն այն վերցնում է իրեն: Ուստի թեև Եղիայի կյանքը լի է հրաշագործություններով, սակայն Եղիսեն սրանում գերազանցում է նրան՝ ունենալով նրա հոգու կրկնակին: Եղիա մարգարեն, ըստ Մաղաքիա մարգարեի, աշխարհի վախճանին դարձյալ պիտի գա երկիր, իբրև նախակարապետը Քրիստոսի երկրորդ գալստյան, այնպես ինչպես որ Հովհաննես Մկրտիչ Կարապետը դարձավ Տիրոջ առաջին գալստյան: Սա է պատճառը, որ Հովհաննես Մկրտիչն Ավետարանում նմանեցվում է Եղիային և ասվում է, թե նա եկել էր Եղիայի հոգով: Լեռան վրա Տեր Հիսուսի պայծառակերպության ժամանակ, նրան հայտնված ու նրա հետ զրուցող երկու սրբերից մեկը Եղիան էր: Հավանաբար Եղիայի մահ ճաշակած չլինելն ու Տիրոջ երկրորդ գալստյան նախակարապետը դառնալու եզակի պատիվն է պատճառը, որ Հայ եկեղեցին նրա հիշատակը տոնում է Հոգեգալստյան տոնին հաջորդող կիրակի օրը, այն դեպքում, որ սրբերը մեր եկեղեցում կիրակի օրը չեն հիշատակվում:
Կազմեց Կարինե Սուգիկյանը