13 Հունիս, Եշ, Պահք Սուրբ Թեոդիտոն Գաղատացու, Թալիլեա բժշկի և Անկուրիայում նահատակված յոթ կույսերի հիշատակության օր

Սուրբ Թեոդիտոն Գաղատացի

Հույների և Լատինների մոտ հայտնի է Թեոդոտոս անվամբ, այստեղ ներկայացնում ենք նրա մասին Թորգոմ Պատրիարքի գրածը:

«Թեոդիտոնը 303 թ.-ին,  երբ Դիոկղետիանոսը քրիստոնյաների դեմ հալածանք հայտարարեց, Գաղատիա նահանգի Անկյուրա քաղաքի մի գինեվաճառ էր: Օգտվելով իր արհեստի հանգամանքներից, որոնք իրեն նվազ կասակածելի էին դարձնում հալածողների աչքին, նա ամեն կերպ օգնում էր բանտարկված քրիստոնյաներին՝ թաղում էր նրանց մարմինները, Ս. Խորհրդի համար հաց և գինի էր հայթայթում, իր տունը պատսպարան և եկեղեցի էր դարձնում հալածվողների համար: Երբ Թեոդեկնոս կայսրը, ջրասույզ անելով, նահատակեց Անգարացի յոթ կույսերին, որոնցից առաջինը նրա մորաքույրն էր, և նրանց պարանոցից քարեր կապելով ջրասույզ արեց նրանց մարմինները, որպեսզի իրենց դավանակիցների կողմից երկյուղածության առարկա չլինեին, ինքը, մի քանի այլ քրիստոնյաների օգնությամբ, ամեն ջանք գործ դնելով, լճից հանեց մարմինները և թաղեց Նահապետաց եկեղեցու մոտ: Երբ իրողությունը հայտնի դարձավ՝ քաղաքի բոլոր քրիստոնյանները ծանր նեղությունների մեջ հայտնվեցին: Այդ ժամանակ Թեոդիտոնը ինքն իրեն հանձնեց ատյանին և ծանր տանջանքներից հետո հրաշքով ողջ մնալուց հետո գլխատմամբ նահատակվեց:

Նրա հիշատակությունը տոնում ենք Հոգեգալուստին հաջորդող երրորդ հինգշաբթի օրը:

 

Թալիլեա բժշկ

Կիլիկիայից էր Թալելեոսը և հմուտ՝ բժշկության մեջ: Իբրև քրիստոնյա ձերբակալվեց Անարզաբա քաղաքում և ատյան տարվեց, երբ մերժեց ուրանալ քրիստոնեական հավատը, կրունկների վերնամասը ծակելով՝ ոչխարի նման կախեցին նրան: Դահիճներից երկուսը, տեսնելով նրա անհողդողդ հավատքը, քրիստոնեություն են ընդունում և անմիջապես նահատակվում, նրանք հիշատակվում են Թալելեոսի հետ նույն օրը, լատինները հիշատակում են նրանց որպես Ալեքսանդր և Աստերիոս: Տանջանքներից հետո Թալելեոսին ծովն են նետում, այստեղ էլ նա հրաշքով փրկվում է և դարձյալ ատյան տարվում: Ի վերջո, նրան Եդեսիա տարան, որտեղ Նումերիանոս Կայսեր օրոք, 284 թ.-ին գլխատվելով նահատակվեց:

 

 Յոթ կույսերը, որ նահատակվեցին Անկուրիայում

Այս կույսերը Անգարացի էին: Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ ձերբակալվեցին և զանազան փորձությունների ու տանջանքների ենթարկվեցին, որոնցից Աստված հրաշքով փրկեց նրանց: Այդ ժամանակ դատավորը հրամայեց նրանց պարանոցներից քարեր կապել և ջրասույզ արել: Եվ Թեոդիտոն Գաղատացի անունով մեկի ու մի խումբ քրիստոնյաների կողմից, նրանց մարմինները պատվով թաղելու համար ջրից հանվեցին և այդ իսկ պատճառով, 303 թ.-ին, նա էլ նահատակվեց և այս կույսերի հետ է տոնվում:

Տոնում ենք Հոգեգալուստին հաջորդող երրորդ հիգշաբթի օրը:

 

«Համաքրիստոնեական սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐր» մատենաշար, Երևան 1997 

Արևելահայերենի փոխադրեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․