14 Նոյեմբեր, Եշ Սուրբ Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս մենակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակության օր
Գուրիաս և Սամունաս քահանաներ
Հայսմավուրքի տվյալների համաձայն նրանք եդեսացի երկու քահանաներ են, որոնք ապրել են Դիոկղետիանոս կայսեր օրոք: Որպես քրիստոնյաներ ձերբակալվեցին և իրենց քաղաքի դատավորի մոտ տարվեցին, որը նրանց հրամայեց խունկ ծխել կուռքերին և երկրպագել կայսեր պատկերին: Երբ նրանք մերժեցին՝ նրանց մեկ ձեռքից կախեցին: Երբ նրանց հոդերը խախտվեցին, հարցրեցին, թե արդյո՞ք պիտի կատարեն իրենց հրամայվածը: Երբ նրանցից ժխտական պատաասխան ստացան, նրանց ձեռքերը և ոտքերը կապելով խորը գուբի մեջ գցեցին, երեք օր անոթի և ծարավ պահեցին: Ապա այնտեղից հանելով այս անգամ նրանց մեկ ոտքից կախեցին: Այդ էլ անօգուտ անցկացնելով, Դ դարի սկզբին գլխատեցին նրանց:
Հայերս նրանց հիշատակի տոնը կատարում ենք Ս. Խաչին հաջորդող իններորդ հինգշաբթի օրը:
Աբիբաս սարկավագ
Դ դարի սկզբներին Եդեսիայի Եկեղեցու սարկավագն էր: Հալածանքների ժամանակ շրջում էր գյուղերում և թե՛ Աստծո խոսքն էր կարդում և թե՛ քաջալերում էր նրանց, որ տանջանքներից չվախենան: Երբ Լիկիանոս կայսրը իմացավ նրա գործունեության մասին, ձերբակալման վճիռ հանեց, սակայն չկարողացավ բռնել նրան: Բանտարկեցին նրա մորը և ազգականներին: Երբ Աբիբասն իմացավ սրա մասին՝ հանձնվեց իշխանություններին: Դատավորը չկարողացավ նրան համոզել, որ Քրիստոսին ուրանա: Հրով այրելու որոշում տրվեց: Երբ այրվելու էր գնում, նրա մայրը և ազգականները ճերմակ զգեստներ հագած, ուրախ տրամադրությամբ, որ իրենց հարազատը մարտիրոսության պսակ պիտի ստանա, նրան էին հետևում: Նախ աղոթեց, ապա իրեն կրակի մեջ նետեց և հոգին առ Աստված ավանդեց 312 թ.-ին: Նրան թաղեցին այն նույն վայրում, որտեղ թաղվել էին նույն քաղաքում, նույն օրերին նահատակված Գուրիաս և Սամոնաս քահանաները, որոնց հետ էլ, արդարև, միասնաբար տոնվում է:
Հայերս նրա հիշատակի տոնը կատարում ենք Ս. Խաչին հաջորդող իններորդ հինգշաբթի օրը:
Ռոմանոս և Բարուլա (խոստովանող մանուկ)
Դիոկղետիանոսի հալածանքների շրջանում, երբ Ռոմանոս կրոնավորն իր կրոնի համար ձերբակալվել և դատվում էր, ասաց դատավորին. «Մինչև իսկ, եթե որևէ երեխայի հարցնես, թե որն է ճիշտ երկնքի և երկրի արարիչ միակ Աստծուն պաշտել, թե մի շարք աստվածների, քեզ ճիշտ պատասխան կտա»: Արդարև մի պատահական երեխայի կանչեցին, որը Բարուլան էր, որին, երբ վերոհիշյալ հարցադրումը արեցին՝ պատասխանեց. «Մարդկանց Աստված կոչվածը մեկ պիտի լինի, մեր պաշտած Աստվածը մի Միածին Որդի ունի, Որը Հոր հետ Մեկ է: Շատ աստվածներ ունենալու կարիք չկա, անգամ երեխաները չեն հավատա»: Կատաղեց դատավորը և նույն տեղում տեղնուտեղը սպանել տվեց անմեղ մանկանը 303 թ.-ին:
Հայերս նրա հիշատակի տոնը կատարում ենք Ս. Խաչին հաջորդող իններորդ հինգշաբթի օրը:
Հյուսիքոս զինվոր
Մաքսիմինոս կայսեր արքունիքում մի գաղտնի քրիստոնյա զինվորական էր, Աստծո և մարդկանց հանդեպ հավատարիմ, որով էլ աստիճանի բարձրացում ստացավ և դարձավ մագիստրոս և պալատական իշխաններից մեկը: Մաքսիմինոսը, երբ Անտիոքում էր, հրաման արձակեց, որ արքունիքում լինի, թե բանակում, ոչ մի քրիստոնյա չթողնել, հետևաբար կայսրն ասաց. «Ով քրիստոնյա է թող վերադարձնի կայսերական գոտին և իր պաշտոնից հեռանա»: Հեռացողների մեջ էր նաև Հյուսիքոսը, որն անձամբ ներկայացավ կայսրին և հայտարարելով, որ քրիստոնյա է հանձնեց կայսերական գոտին: Մաքսիմինոսը զայրացավ և անարգելու համար, իր երբեմնի հավատարիմ պաշտոնյային հրամայեց նրա վրայից հանել նրա ազնվական զգեստները և կանացի զգեստներ հագցնելով՝ ուղարկեց, որ պալատական սպասուհիների կանացի գործ անի: Հանուն Քրիստոսի սիրո Հյուսիքոսը համակերպվեց այս նվաստացումին և նախատինքին: Երբ կայսրը տեղեկացավ, որ նա անտրտունջ տանում է այս նախատինքը, իր մոտ կանչելով ասաց.
- Ո՛վ երբեմնի Մագիստրոս, քեզ համար ամոթ չէ՞ ինքդ քեզ այդպիսի անարգանքի ենթարկելը: Ինչո՞ւ քրիստոնեական կրոնին հավատալով թողեցիր պալատական պատիվդ: Նրանք քեզ կարո՞ղ են տալ այն դիրքն ու պատիվը, որ ինձնից ստացար և տակավին ավելիին պիտի արժանանայիր:
Հյուսիքոսը պատասխանեց.
- Քո տված և տալիք փառքերդ ժամանակավոր են, սակայն կորուստը՝ հավիտենական, իսկ Քրիստոսի խոստումն անվերջանալի և անմահ կյանք է:
Այս խոսքերի վրա կայսրը հրամայեց նրա պարանոցից ծանր քար կապել և գցել Որոնդես գետը: Ահա այսպիսի վախճան ունեցավ երանելի վկան և Դ դարի սկզբներին ժառանգեց երկնավոր պսակը;
Հայերս նրա հիշատակի տոնը կատարում ենք Ս. Խաչին հաջորդող իններորդ հինգշաբթի օրը:
«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը