2 Դեկտեմբեր, Բշ Սուրբ Գենարիոս եպիսկոպոսի, Մերկերիոս զինվորի, Հակովկի, Իրավափառի հիշատակության օր
Գենարիոս Եպիսկոպոս
Անվան լատիներեն տարբերակը Եանվարիոս է, իսկ իտալականը՝ Կեննարո: Ծնված է համարվում Գ դարի սկզբներին, մեծահարուստ ընտանիքում: Դարձավ հարավային Իտալիայի Բենեվենտ քաղաքի եպիսկոպոսը: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ ձերբակալվեց և նահատակվեց 305 թ.-ին: Այնուհետև մարմինը Նեապոլ բերվեց, որից հետո դարձավ քաղաքի պահապան սուրբը: Նրա արյունը մինչ այսօր իր եկեղեցում հատուկ փոքր սրվակի մեջ է պահվում, որին իրենց հարգանքն արտահայտելու համար ամեն տարի ուխտավորաբար հազարավոր հավացյալներ և ուղակի հետաքրքրասերներ են այցի գալիս, քանզի այս արյունը, որը սովորաբար լերդացած է լինում, սրբի տոնակատարության օրը, որպես նոր արյուն, հեղուկ է դառնում և պղպջակներ է տալիս; Ահա այս արյունն է, որ Գենարիոսին հանրահռչակ է դարձրել ոչ միայն Իտալիայում, այլև ամբողջ Կաթոլիկ աշխարհում:
Տոնում ենք Հիսնակիի երկրորդ երկուշաբթի օրը:
Մերկյուրիոս Զորավար
Մերկերիոսը կամ Մերկյուրիոսը ծագումով սկյութացի մի զորավար էր, որ ծառայում էր Կապադովկիայի կայսերական բանակում՝ Դեկոս հալածիչ կայսեր օրերին՝ 250-ական թվականներին: Գաղտնի քրիստոնյա էր: Բարբարոսների դեմ իր ցուցաբերած քաջագործությունների համար զորավարի աստիճանի հասավ: Նրա նախկին պաշտոնակիցները նրան նախանձելով՝ կայսերը մատնեցին, ասելով որ քրիստոնյա է: Ահավոր չարչարանքների ենթարկվեց, որոնց հրաշալի համբերությամբ տոկաց: Ի վերջո նրան շղթայակապ Կեսարիա տարան և այնտեղ նահատակեցին 259 թ.-ին;
Տոնում ենք Հիսնակիի երկրորդ երկուշաբթի օրը:
Հակովիկ վկա
Հազկերտ Ա-ի օրոք պարսիկ մի ազնվական, որն իր ընտանիքով քրիստոնյա էր դարձել: Իր թագավորի հետ այնքան սիրով էր կապված, որ վերջինիս թախանձանքներին չդիմանալով՝ վերադարձավ պարսից կրոնին: Իր այս տկարության համար մայրը և քույրը խիստ հանդիմանեցին նրան, որից հետո Հակովիկը զղջաց և կրկին ամբողջ սրտով վերադարձավ ճշմարիտ հավատին: Թագավորը, երբ իմացավ, փորձեց կրկին կրակապաշտության վերադարձնել նրան, բայց այս անգամ անկարելի եղավ Հակովիկին հավատքից շեղել, որից էլ թագավորի նախկին համակրանքը զայրույթի փոխվեց և հրամայեց նրան կտոր-կտոր անել: Սկսելով նրա մատներից՝ մեկ առ մեկ կտրեցին դրանք, ապա ամբողջ ձեռքերը և բազուկները և ապա նույն կերպ կտրեցին ոտքերի մատները, ոտքերը և սրունքները: Այս պատճառով էլ կոչվեց «բազմահատ»: Այս ամբողջ խժդժուկ չարչարանքների մեջ ինքն անդադար աղոթում էր Աստծուն և բարեխոսում էր աշխարհի համար: Ի վերջո գլխատելով՝ նրան հավերժորեն միացրեցին իր հավիտենական Զորագլխին՝ Հիսուս Քրիստոսին, 421 թ.-ին:
Տոնում ենք Հիսնակիի երկրորդ երկուշաբթի օրը:
Իրավափառ
«Իրավափառ» անունը հունարեն «Թեմիստոկլես» ձևի հայերեն թարգմանությունն է, հետևաբար այս հունական ձևով է նա հիշատակվում հույն և լատին տոնացույցներում:
Նա Փոքր Ասիայի Լիկիա գավառում՝ Մյուռա քաղաքի մոտակայքում, Դեկոս կայսեր (249-251) օրերին բնակվող մի հովիվ էր: Երբ կայսեր հալածանքների ժամանակ, Փնտրողները հանդիպեցին Թեմիստոկլեսին և հարցրեցին, թե արդյո՞ք տեսել է այն մարդուն ում փնտրում են, որը մի երևելի քրիստոնյա էր՝ Դիոսկորիտես անունով, նա համարձակությամբ պատասխանեց. «Ես նրան թաքցրել եմ և բոլորովին մտադիր չեմ հայտնելու նրա թաքստոցի վայրը»: Ձերբակալելով նրան տարան օրվա դատավորի մոտ, որի հարցադրումներին քաջ պատասխաններ տվեց: Ծանր չարչարանքների ենթարկվեց և ի վերջո երկաթե փշերի վրա քաշկռտվելով Աստծո ծառա Իրավափառն ավանդեց իր հոգին 249 թ.-ին:
Տոնում ենք Հիսնակիի երկրորդ երկուշաբթի օրը:
«Համաքրիստոնեական Սուրբբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը