3.18 Եւ մենք բոլորս, բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը ինչպէս հայելու մէջ, նոյն պատկերով նորոգւում ենք փառքից փառք՝ որպէս թէ Տիրոջ Հոգով:
4.1 Քանի որ ունենք այս պաշտօնը Աստծոյ ողորմութեամբ, չենք տկարանում. 2 այլ հրաժարուեցինք ամօթալի խորհուրդներից, որպէսզի խորամանկութեամբ չընթանանք եւ Աստծոյ խօսքը չնենգափոխենք, այլ ճշմարտութիւնը յայտնելով՝ մենք մեզ յանձնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին՝ Աստծոյ առաջ: 3 Եւ եթէ մեր աւետարանը ծածկուած իսկ է, ծածկուած է կորստեան մատնուածների համար, 4 որոնց՝ այդ անհաւատների մտքերը այս աշխարհի աստուածը կուրացրեց, որպէսզի նրանց մէջ չծագի Քրիստոսի աւետարանի փառքի լոյսը, Քրիստոսի, որ պատկերն է աներեւոյթ Աստծոյ: 5 Ոչ թէ մենք մեզ ենք քարոզում, այլ Յիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, իսկ մեզ՝ որպէս ծառաներ ձեզ՝ Քրիստոսի համար. 6 որովհետեւ Աստուած է, որ ասաց. «Խաւարից թող լոյս ծագի». եւ նա ծագեցրեց մեր սրտերում Աստծոյ փառքի գիտութեան լոյսը, որը ճառագայթում է Յիսուս Քրիստոսի դէմքից: