Գրքեր
2 Նոյեմբեր, Բշ Ս.Ստեփանոս Հռոմի Հայրապետի, քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օր

Ս. Ստեփանոս Հայրապետը ծնվել է Հռոմում, որի եպիսկոպոսն էր 254 թվականին: Նա եղել է Հռոմի Լուկիոս Ա նահատակ պապի ավագ  սարկավագը` վերջինիս մահից հետո հաջորդելով նրան: Ըստ հայոց «Հայսմավուրք»-ի` նա քաջ և իր հոտի համար նախանձախնդիր Հայրապետ է եղել` քաջալերելով իր հավատացյալ հոտին հալածանքների ժամանակ, որպեսզի վերջիններս էլ ավելի հաստատուն մնան իրենց հավատի մեջ: Հեթանոսներից շատերին դարձի է բերել, որոնցից էր նաև Նեմեսիոս իշխանն իր կույր դստեր հետ: Վերջիններիս մկրտելուց հետո իշխանի դստեր աչքերը բացվում են, և իշխանը, հրաշքը տեսնելով, Հայրապետին խնդրում է, որպեսզի իրեն սարկավագ ձեռնադրի: Կայսրը, լսելով այս մասին, իր մոտ է կանչում իշխանին` հրամայելով, որ նա կուռքերին զոհ մատուցի: Սակայն իշխանը մերժում է կայսեր առաջարկը, որի համար նահատակվում է իր դստեր հետ: Նրանց հետ նահատակվում է մեկ այլ իշխան ևս իր մատակարարներով, որոնք նույնպես բարեպաշտ քրիստոնյաներ էին: Ըստ «Հայսմավուրք»-ի բռնում են 12 եկեղեցականների և չարաչար սպանում նրանց: Եվ այս երանելիների հիշատակն է, որ եկեղեցին միացրել է Ս. Ստեփանոս Հայրապետի տոնին: 

Օրերից մեկ օր, երբ ս. Ստեփանոս Հայրապետը Ս. Պատարագ էր մատուցում, զինվորները պաշարում են եկեղեցին և ցանկանում ջարդել դուռը: Այդ ժամանակ Հայրապետը Ս. Հաղորդություն էր տալիս ներկա հավատացյալ բազմությանը: Հաղորդությունից հետո զինվորները խուժում են եկեղեցի և սպանում Հայրապետին 257 թվականին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․