Տրիփոն
Փռյուգացի քրիստոնյա ընտանիքի զավակ էր, ապրել է Գ դարում: Վաղ տարիքում հայրը մահացավ, բարեպաշտ մոր խնամքի տակ, բարեպաշտությամբ մեծացավ: Մատաղ տարիքից արժանացավ գերբնական շնորհների և աղոթքներով բժշկություններ էր կատարում: Դեկոս կայսեր հարուցած հալածանքների ժամանակ ձերբակալվեց և ահավոր չարչարանքների ենթակվեց, որոնց հրաշալի համբերությամբ տոկաց: Վերջ ի վերջո գլխատմամբ տիրացավ մարտիրոսության պսակին:
Պարսամ կամ բարսիմեոս Եդեսիայի եպիսկոպոս
Մեր տոնացույցում ընդգրկված Պարսամ անունով մի սուրբ կա, որը որպես ճգնավոր, ճգնավորների հետ հիշատակվում է Վարդավառից հետո հանդիպող չորրորդ հինգշաբթի օրը: Նույնն է նաև Ս. Պատարագի ընթացքում «միանձնացելոց սրբոց առաքինասեր կրոնավորաց»-ի ժամանակ նրա հիշատակությունը: Սակայն մեր Հայսմավուրքների մեջ այս անունով որևէ սրբի հիշատակության հետքի չկարողացանք հանդիպել, ոչ էլ լատինների, կամ հույների տոնացույցներում: Դրա փոխարեն վերոհիշյալ բոլոր տեղերում էլ հանդիպում ենք ոմն Բարսիմեոս եպիսկոպոսի հիշատակությունը: Մեր հայսմավուրքներում, ընդարձակ վարքագրությամբ, նրա հիշատակությունը նշված է դեկտեմբերի 9-ին: Այդ վկայաբանության համաձայն Բարսիմեոսը Եդեսիայի եպիսկոպոսն էր և ապրում էր Տրայանոս կայսեր օրոք, այսինքն Բ դարի կեսերին: Նրա կողմից դարձի բերված հեթանոսների թվում էր նաև քաղաքի քուրմն իր քրոջ հետ, որոնք ի վերջո որպես քրիստոնյա նահատակվեցին: Ինքն էլ ձերբակալվեց և ծանր չարչարանքների ենթարկվեց և արդեն մահվամբ պիտի կնքեր իր կյանքը, «երբ մեծ եպարքոսից հրովարտակ եկավ հասավ… թե կայսեր կողմից տանջանքի և բանտի մատնված քրիստոնյաներին ազատության հրաման է արձակվել»: Այս կերպ, սուրբ եպիսկոպոսը ազատվեց իր կապանքներից և «բարի վարքով ու առաքինությամբ ապրելով… խաղաղությամբ վերջացրեց իր կյանքը»:
Ոնոփրիոս ճգնավոր
Նա Թեբայիդի սովորական վանքերից մեկում ճգնավոր էր: Ապա անդրադառնալով, որ Եղիան և Հովհաննես Մկրտիչն ամբողջապես մենակյաց կյանք էին վարում, ինքն էլ բնակավայրերից հեռացավ և բոլորովին առանձին կյանքով ապրեց: Հայսմավուրքը ասում է, որ «60 տարի բոլորովին մարդու երես չտեսավ»:
Պափնոտիոս անունով մի այլ ճգնավոր, Ս. Հոգու ազդեցությամբ, գնաց այն լեռը, որտեղ բնակվում էր սուրբը: Գտավ նրան «ահավոր տեսլյամբ», այսինքն մերկ մարմինը վերից վար խիտ մազերով ծածկված «թավագլուխ ծերունուն», որ մի ժայռի ստվերում հանգստանում էր: Մեծ տարիքի և խիստ ճգնությունների պատճառով իսպառ տկարացել էր:
- Քեզ Աստված ուղարկեց, որդյա՛կ,- ասում է ճգնավորը եկվորին և ավելացնում,- Այսօր վերջանում են իմ կյանքի օրերը, մարմինս թաղիր և գնա իմ եղբայրների ասա, որ եթե մեկը իմ հիշատակի համար խունկ ծխի, կամ նվեր տա, կամ աղքատներին իմ անունից կերակրի, ես էլ նրան Քրիստոսի առջև պիտի հիշեմ: Աստծուց իմ վերջին խնդրանքը այս է, որ ով իր աղոթքներում նաև ինձ հիշի, թող Աստծուց հիշվի և մեծ վարձ ստանա:
Այս ասելով իր հոգին ավանդեց, մոտավորապես 400 թվականներին:
«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997
Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը